Երկրորդ շնչառություն

«Սուսանի» կենտրոնը՝ ավագ սերնդի հոգատար օջախ․ «Երկրորդ շնչառություն»

Ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված «Սուսանի» կենտրոնն արդեն մի քանի ամիս գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում իր ջերմ տանիքի ներքո հյուրընկալելով տարեց մարդկանց:

«Ասիկա իմ մեծ հայրիկի Թորոս Սուսանի միտքն էր, որ զավակներում միշտ կըսեր, որ մենք մի լավ բան, որ ընելու ենք, Հայաստանում ենք ընելու: Պապիկս մեծցավ ու ծերացավ իր ընտանիքում, հարազատների մոտ, բայց մենք տեսնում էինք, որ Հայաստանում շատ մարդիկ չունեն այդ հնարավորությունը: Իմ ընտանիքը՝ պապաս, քույրիկս, եղբայրս որոշեցին հայրենիքում ստեղծել նման կենտրոն պապիկի հիշատակի համար: Մենք չկրցանք մեծնալ Հայաստանում, բայց միշտ երազած ենք, որ Հայաստանի համար բան մը ընել»,-պատմում է բարերարի դուստրը՝ Լուսի Հակոբի Սուսանին՝ հույս հայտնելով, որ ի վերջո մի օր իրենք էլ կապրեն հայրենիքում:  

Հիմնադրամն առաջարկում է շուրջօրյա խնամքի և ցերեկային զբաղվածության ծառայություններ: Ցերեկային կենտրոն այցելում են այն տարեցները, որ ունեն ինքնաիրացման, որևէ բանով զբաղվելու խնդիր: «Տեր և Տիկին Թորոս և Լուսին Սուսանի բարեգործական հիմնադրամ» հոգաբարձումների խորհրդի նախագահ Հակոբ Արմենի Ժորժեսը տեղեկացնում է, որ հիմնադրամի հատկապես շուրջօրյա ծառայության շահառուները թոշակի անցած այն ՀՀ քաղաքացիներն են, որ սեփական գույք չունեն, զավակներ չունեն:

«Մենք հիմնականում թիրախավորում ենք այն անձանց, որ իրականում կարիք ունեն նման անվճար ծառայությունների և իսկապես խոցելի վիճակում են»,- պարզաբանում է նա:

Լուսիի խոսքերով, կենտրոնում տարեցների առօրյան չափազանց հետաքրքիր է, նրանք ձեռքի աշխատանքներ են կատարում, նկարում են, խաղում, վարժություններ կատարում, գործում է նաև երգչախումբ: Շուրջօրյա ծառայությունը ներառում է նաև սնունդ և գիշերակաց հարմարավետ սենյակներում:

Ավագ սերնդի բոլոր այն քաղաքացիները, որ ցանկություն կհայտնեն այցելել կենտրոն, կարող են կապվել հիմնադրամի ներկայացուցիչների կամ Հայր Աղան Երնջակյանի հետ, ում անմիջական ղեկավարությամբ էլ իրականացվում են բոլոր ծրագրերը:

Կարդացեք նաև

Back to top button