Հիշողությունը մկանների պես կարելի է և պետք է մարզել: Մասնագետներն առաջարկում են ունիվերսալ և արդյունավետ մեթոդներ, որոնք կիրառելի են ինչպես ուշադրության և կենտրոնացման դժվարություններ ունեցող դպրոցականների, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչների համար:
«Կանա» կենտրոնի հիմնադիր, հիշողության զարգացման մարզիչ Էլիզա Մանուկյանը նշում է, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունենում են գրեթե բոլորը, և խնդիրը վերջին տարիներին երիտասարդացել է:
Սկզբնական շրջանում նրանք աշխատել են միայն երեխաների հետ, սակայն ընթացքում նրանց ուղեկցող տատիկ-պապիկներն էլ են հասկացել, որ իրենց էլ այդ վարժությունները օգտակար կարող են լինել:
«Տարեցների պարագայում հիմնականում դիմում են զավակներն իրենց ծնողների համար, կամ կանայք ամուսիններին են առաջարկում մարզել հիշողությունը»,— պատմում է Էլիզան:
Նոր հմտությունների ձեռքբերումը, նոր գիտելիքներ ստանալն ու նոր լեզու սովորելը խթանում են ուղեղի աշխատանքն ու նպաստում նոր նեյրոնային կապերի ստեղծմանը, ինչի արդյունքում բարելավվում է մարդու կյանքի որակը: Մասնագետը խորհուրդ է տալիս որևէ նոր բան սովորելիս մասնատել անելիքը և փոքր ու հեշտ քայլերով առաջ գնալ:

Տարեցների համար առաջարկվում է օգտագործել «Ներկիր ինքդ» ալբոմներ և փորձել գունավորել երկու ձեռքով զուգահեռաբար: Շուլտեի աղյուսակը հեռախոսում ներբեռնելն ու կիրառելը նույնպես օգտակար է:
Այս մեթոդների կիրառումով կենտրոնի աշխատակիցները ծառայություններ են մատուցում նաև ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած Առողջ ծերության պետական ակումբներում:
Է. Մանուկյանը համոզված է, որ հիշողության զարգացումից զատ չափազանց կարևոր է դրական տրամադրվածությունն ու սթրեսակայությունը: «Հարկավոր է փորձել զերծ մնալ սթրեսներից, որովհետև դրանք ամեն դեպքում խժռում են հիշողությունը»,— ասում է նա:
Շատ հաճախ տարիքի հետ մարդիկ կյանքի հանդեպ ավելի բացասաբար են տրամադրվում, սկսում են բողոքել, ամեն ինչում վատը տեսնել, ինչը չի նպաստում գլխուղեղի զարգացմանը: Ցանկացած տարիքում մարդը պետք է լավատես լինի, ձգտի նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալ և դրական տրամադրվել:




