
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության նոր հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։

Մասնավորապես, նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ Հայաստանի մարզերում ձևավորվելու են զբոսաշրջային կլաստերներ, որոնք նպատակ ունեն խթանելու զբոսաշրջային ոլորտի զարգացումը և նպաստելու երկրի տնտեսական առաջընթացին։
Նախարարը նշել է, որ Կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով։
Գրեմ Քուքը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային ճանաչելիությունն ամրապնդելու և ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար։




