ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շտապողականությունը միջազգային հեղինակավոր դատական արտյաններում կարող է ձախողման բերել․ միջազգային իրավունքի մասնագետ

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է նախորդ տարի, այս տարվա փետրվարից էլ՝ պաշտոնապես միացել Միջազգային քրեական դատարանին։ Երևանը բազմիցս նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը  կարևոր է պատերազմական  հանցագործությունների համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու առումով։ Չնայած այս պնդումներին՝ Մոսկվան կարծում է, որ  փաստաթուղթը լարվածություն է առաջացնում երկկողմ հարաբերություններում, քանի որ հենց Միջազգային քրեական դատարանն է ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր տվել: Միջազգային իրավունքի մասնագետները, սակայն, դատական հեղինակավոր ատյանին Հայաստանի միանալը կարևոր ու ծանրակշիռ գործիք են համարում։

Հռոմի կանոնադրության վավերացումն ու Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի առաջին մասնակցությունն ու այդ բարձր ամբիոնից հայկական տեսակետը ներկայացնելը ամրացնում է ՀՀ դիրքերը ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական հարթությունում՝ համոզված է միջազգային հարցերով իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Դա շատ կարևոր գործիքներից մեկն է, երբ դու բանակցությունների ժամանակ ներկայացնում ես ոչ միայն քո տեսակետը, այսինքն՝ քո ցանկությունները, քո տեսակետը, քո դիրքորոշումը, այլ ներկայացնում ես նաև անկախ միջազգային դատական մարմնի որոշումը, որը գալիս է հաստատելու քո տեսակետը, որը խոսում է խնդիրների մասին՝ ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ ելնելով միջազգային նորմերի, սկզբունքների պահանջներից: Հետևաբար, քո դիրքերը բազմապատիկ ավելի ամրապնդվում են, և դա քեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ինքնավստահ, շատ ավելի հետևողական լինել, քեզ համար դրական լուծումներ ստանալու հնարավորություն է տալիս, և սա չօգտագործելը, ես կարծում եմ խիստ բացասական է»:

Հայաստանի կողմից կարող էին ավելի շատ հայցեր ուղղվել միջազգային հեղինակավոր դատական ատյաններ, քան ուղղվել են՝ պնդում է  իրավապաշտպանը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը համամիտ չէ այս գնահատականին․ շտապողականություն, ըստ նրա, կարող է ձախողման հանգեցնել։

«Չէի ասի, թե հապաղում ենք: Պետք է դրան պատրաստվել, առանց այդ էլ վարույթները շատ երկար են տևում: Նախաքննությունը կարող է տևել տարիներ, բայց այստեղ կարևորը վարույթ հարուցելու որոշումն է, որը անում է դատախազը: Պետք է փաստերը, ապացույցները ուսումնասիրել, դա երկար ժամանակ է պահանջում: Այստեղ պետք չէ շտապել, հակառակ դեպքում ձախողում կլինի, որն ավելի վնասակար կլինի: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե արդյոք մենք ունենք ապացույցների պահանջվող որակն ու քանակը: Դրա համար տարիներ են պետք` ապացույցները հավաքել, ամրագրել և ներկայացնել դատարան»։

Միջազգային իրավունքի մասնագետը բացատրում է՝ ՄՔԴ գործերը դանդաղ են քննվում, սակայն կառույցի կայացրած որոշումներն անաչառ են։ Հայաստանը Հռոմի ստատուտին միացած աշխարհի 124-րդ պետությունն է, ինչը, ըստ զրուցակցիս, նշանակում է, որ դատական ակտն առնվազն 124 երկրներում պետք է իրավական հետևանք ունենա։

«Օրինակ՝ եթե մեր համար հետաքրքիր մի անձ, Ադրբեջանի քաղաքացի, որ հանցագործություն է կատարել Արցախում, հայտնաբերվում է՝ փաստորեն 196 երկրներից  124-ի դեպքում պարտավորվում են կամ հանձնել նրան միջազգային դատարանին, կամ էլ իրենք քրեական հետապնդումների ենթարկել այդ անձին իրենց երկրներում»։

Նինա Կարապետյանցը  չի կարծում,  թե միջազգային դատական ատյանների՝ արդեն կայացրած որոշումները ոչնչով չօգնեցին Հայաստանին և ըստ այդմ՝ նոր հայցերի կարիք չկա ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու համար։

«Պետք է օգտագործենք այդ ամբողջ գործիքակազմը՝ Հայաստանի համար առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, այսինքն՝ մեր հետաքրքրություններն ու շահերը պաշտպանելու համար: Մենք որևէ կերպ ցավալիորեն չենք օգտագործում այդ ամբողջ գործիքակազմը իր ողջ տրամաբանությամբ, բայց դա բավականին հզոր գործիք է։ Շատերը անտեսում են այդ որոշումները, ասում են՝ դե ասենք, օրինակ, դատարանները Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին որոշում կայացրեցին, և ի՞նչ։ Բայց դրանք բոլորը որոշումներ են, որոնք հետագայում ճիշտ գործածելու դեպքում կտան քաղաքական պրոցեսներում օգտագործելու հնարավորություն։ Հայկական կողմը ունի շատ ավելի հզոր գործիքակազմեր և ունի շատ ավելի հզոր հիմնավորումներ, շատ ավելի մեծ հնարավորություններ օգտագործելու։ Որոշումները, այդ պահին գուցե չաշխատեն, չգործեն և շոշափելի արդյունք չտեսնենք, բայց հետագա պրոցեսներում դրանք կիրառվելու են, և մենք կարող են ստանալ մեզ համար առավելագույն բարենպաստ պայմաններ»։

Հռոմի կանոնադրությունը  վավերացնելուց հետո ՀՀ–ն առաջին անգամ մասնակցել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ հաստատակամությունը  անպատժելիության վերացման, արդարադատության և պատասխանատվության  խթանման գործում միջազգային ջանքերի համախմբման մասին։ Միջազգային բանակցությունների փորձագետ և միջազգային քրեական իրավունքի հարցերով իրավախորհրդատու Սառա Բաբայանն էլ  անդրադարձել է Ադրբեջանի վայրագություններին՝  կոչ անելով «հրատապ ուշադրություն դարձնել հայ ժողովրդի համար արդարադատության ապահովման» հարցին։

Սառա Բաբայանը շեշտել է արդարությունը պաշտպանելու կարևորությունն այնպիսի բարձր ատյանում, ինչպիսին է ՄՔԴ–ն։ Ըստ  փորձագետի՝ այս կառույցից է սկսվում միջազգային հաշվետվողականությունը:

Կարդացեք նաև

Back to top button