Ռուսաստանն ու ԱՄՆ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միմյանց մեղադրել են ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Խորհրդի օրակարգում Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն են։
Սիրիական իսլամիստական զինված խմբավորումներն անցած շաբաթ հարձակվել են Հալեպի ուղղությամբ եւ գրավել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը։
Խմբավորման առաջատար ուժը Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորումն է, որը մինչեւ 2016 թվականը Ալ Կաիդայի պաշտոնական թեւն էր Սիրիայում։
Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը կոչ է արել թուլացնել ռազմական գործողությունները եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Նաեւ մտահոգություն է հայտնել, որ հարձակումը գլխավորել է Հայաթ Թահրիր ալ-Շամը։
«Այն փաստը, որ Հայաթ Թահրիր ալ-Շամը ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է հայտնվել չի արդարացնում Ասադի վարչակարգի ու նրա ռուսաստանյան հովանավորների հետագա վայրագությունները»,- ասել է Վուդը՝ սիրիական եւ ռուսական ուժերին մեղադրելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի համար։
Reuters- ը գրում է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան արձագանքել է սրան. «Դուք համարձակություն չունեցաք, որպեսզի դատապարտեք սիրիական խաղաղ քաղաքներում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական ակնհայտ հարձակումը»։
«Որեւէ պատրանք չունենք, որ Վաշինգտոնը երբեւէ պատրաստ է պայքարել միջազգային ահաբեկչությունը վերացնելու համար։ Անկեղծ ասած, մենք ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք բարիկադի մյուս կողմում»,- շարունակել է Նեբենզյան։
Վուդի պատասխանը չի ուշացել։ Նա նշել է, որ Նեբենզյան «այն վիճակում չէ, որ դասախոսություն կարդա այդ թեմայով», քանի որ Մոսկվան «աջակցում է այն վարչակարգերը, որոնք հովանավորում ենք ահաբեկչությունը ողջ աշխարհում»։
«Միացյալ Նահանգները տասնամյակներ պայքարել ենք ահաբեկչության պատուհասի դեմ եւ կշարունակենք այդ պատուհասի դեմ պայքարը»։




