ՀարցուԳԻՏԱփորձ

Ովքե՞ր են որոշում կայացնողները․ «ՀարցուԳԻՏԱփորձ»


«Շատ մարդիկ հավատում են, որ այս ամենը թատրոն է, և դրա հետևում կանգնած են էլիտայի գործիք հանդիսացող ինստիտուտներ, որոնք թաքնված են թիկունքում, բայց իրենց գործն են անում»։

Հեշտ է մտածել, որ կիսամութ սենյակներում փափուկ բազմոցներին նստած մարդիկ՝ հանճարեղ, կամ ոչ այնքան հանճարեղ գլուխներով, որոշում են այս աշխարհի կարգը, կառավարում են այն թաքստոցից, և որ սովորական մարդիկ որքան էլ ազատ թվան, ընդամենը ենթարկվող ամբոխ են։

«Չկա միասնական կառավարիչ։ Կա խաղի կանոնների միասնական թելադրում, որի ներքո յուրաքանչյուրը իրեն տրված շրջանակներում իր կյանքը պլանավորում է»։

Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօրվա հաղորդումն անհարմար ճշմարտության՝ որոշում կայացնելու պատասխանատվության մասին է։

***

Եթե դիտարկումը սկսենք ոչ վաղ անցյալից, ասենք՝ Խորհրդային միության փլուզմանը նախորդող տարիներից, ապա կտեսնենք երկբևեռ աշխարհ։ Պարզ-մարդկային լեզվով՝ մի կողմում Ամերիկան էր, մյուս կողմում՝ Ռուսաստանը։ Եվ աշխարհի բոլոր անկյուններում որոշումները կայացվում էին երկու գաղափարախոսությունների՝ դեմոկրատիայի և բռնատիրության տրամաբանությամբ։ Այս երկրների տերերն աշխարհի ճակատագիրը տնօրինողներն էին։

Երկրորդ աշխարհամարտից, Խորհրդային միության փլուզումից հետո ինչ-որ շրջան թվաց, թե սա միաբևեռ աշխարհ է։ ՄԱԿ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ․ սրանք էին բոլոր որոշումների ակունքը։

Հետո այդ նույն աշխարհը բազմաբևեռ դարձավ, մեծ խաղին միացան, ասենք, Չինաստանը, Հնդկաստանը, ամեն մեկն՝ իր կանոնով։ Եվ այս ամենի ֆոնին մնացին մարդիկ, որոնք կիսաձայն ասում են՝ բա այն մասոններն ու իլյումինատնե՞րը․ այդ գաղտնի խմբերն են թելադրում ամեն բան։ Մարդը շարունակում է աշխարհին առեղծվածային տեր փնտրել։

Ի վերջո ո՞վ կամ ի՞նչն է կայացնում աշխարհի ընթացքը պայմանավորող որոշումներ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Եթե ուզում եք փնտրել ինչ-որ անձ կամ խումբ, որը ինչ-որ տեղ ամենակարևորն է, ես կարծում եմ՝ չկա նման խումբ»։

Արմեն Պետրոսյանի ամենօրյա գործը տարածաշրջանում կայացվող կամ դրա վրա ազդող որոշումները և դրանց պատճառներն ուսումնասիրելն է։ Ասում է՝ քրիստոնյա է ու քաղաքագետ, հետևաբար «ո՞վ է կառավարում աշխարհը» հարցը երկու պաստախան ունի՝ Աստված և քաղաքական շահերը։ Խոսենք երկրորդի մասին։

«Օրինակ՝ Միացյալ Նահանգները նպատակ ունի Մերձավոր Արևելքում իր շահերն առաջ մղելու, իր դաշնակիցներին աջակցելու, իր քաղաքական ազդեցությունը մեծացնելու։ Սպիտակ տանը, Պետքարտուղարությունում, Ազգային հետախուզական վարչությունում, Կենտրոնական հետախուզական վարչությունում նստած մասնագետներով գծում են սցենարներ՝ ինչպես պետք է իրականացնել ինչ-որ գործողություն, որպեսզի դա նպաստի Միացյալ Նահանգների շահերի ամրապնդմանը կամ աջակցի Միացյալ Նահանգների դաշնակիցներին։ Նույնը կարող ենք ասել Ռուսաստանի պարագայում, նույնը կարող ենք ասել Չինաստանի պարագայում»։

Որոշումների կայացման վրա մեծապես ազդում են նաև ֆինանսատնտեսական շահերը։ Օրինակ՝ Ամազոնը, որը պակաս ազդեցիկ չէ սպառողների մեծ շրջանակի համար, չի որդեգրի այնպիսի գործելաոճ, որը կհակասի պետական քաղաքականությանը։ Հակառակը՝ այս շահերը ներդաշնակեցված են՝ երկրի համար առավելագույն արդյունք ապահովելու նպատակով։ Մեծ խաղացողների որոշումների կայացման վրա ազդում են նաև մեծ միտումները․

«1970-ական թվականներին, օրինակ, աշխարհում ամենակարևոր ազդեցություն ունեցող դերակատարներից էին նավթ արդյունաբերող ընկերությունները, որոնք կոնկրետ ազդում էին նաև պետությունների քաղաքականության վրա։ Ներկայում քաղաքականություն իրականացնող կառույցների վրա շատ մեծ ազդեցություն ունեն արհեստական բանականության ուղղությամբ խորացած ընկերությունները, որովհետև ապագան կարծես թե նրանցն է»։

Մարդիկ ու իրենց տրամադրությունները ևս կարող են փոխել աշխարհի ընթացքը, ասում է Արմեն Պետրոսյանը, բայց խոսքը ոչ թե գաղտնի կազմակերպությունների անդամների, այլ իշխանություն ունեցողների հարազատների մասին է։

«Գնանք Թրամփի կառավարման 1-ին շրջափուլը․ ով որ Դոնալդ Թրամփի հետ լավ հարաբերություններ ուներ, կամ ով կարողանում էր նրա մերձավոր շրջապատի վրա ազդել, նա կարողունում էր հաջողություններ ունենալ։ Օրինակ՝ հրեական լոբբիստները հաջողեցին մոտավորապես 8 տարի առաջ իրենց ազդեցությունը մեծացնել Միացյալ Նահանգներում, որովհետև նրա փեսան հայտնի հրեա գործարար էր, մեծ ազդեցություն ուներ իր աներոջ վրա և լավ հարաբերություններով կարողանում էին Իսրայելին ձեռնտու տարբեր քաղաքական սցենարներ գործարկել և Իսրայելի շահերը առաջ մղել»։

Չերևացող խմբեր գուցեև կան՝ ասում է փորձագետը, բայց գիտությունը ճշգրտություն է սիրում, ինքը՝ չհիմնավորված ենթադրություններից հեռու մնալ։ Հետևաբար աշխարհում տեղի ունեցողին հետևում է իրական ու ճանաչելի մարդկանց վարքն ուսումնասիրելով։


«Երբ ուղղակի փորձում ենք էդ ամեն ինչը հասկանալ, մեզ էնքան բարդ է թվում, որ հոգեբանորեն ուզում ենք պարզացնել, վերագրել ինչ-որ պարզ կառավարող ուժի, որը իր կամքն ու կանոններն է թելադրում էս ամենի վրա»։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը վերջերս է վերադարձել վերապատրաստման արտագնա ծրագրից։ Զարգացող երկրների մասնագետները երբեմն համաշխարհային տնտեսական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման հնարավորություն են ունենում։

Ինչո՞ւ են այս կառույցները պարբերաբար աշխարհին գիտելիք ու գաղափար, երբեմն՝ գործողությունների հատուկ պլան տալիս, դա բարի կա՞մք է, թե՞ ցանցային տարբերակով գաղափարները տարածելու փորձ։ Նարեկ Կարապետյանն ասում է՝ մոլորակում անկայունության ռիսկերը նվազեցնելուն ուղղված քայլ։

«Էս կազմակերպությունների խաղի կանոնները, ըստ էության, դիտարկում են երկրներին՝ որպես ինչ-որ միջակ ուժ, որոնք չեն կարողանա իրենց գլխից վեր թռչել։ Եթե դու ռիսկային բան անես, կձախողվես, իսկ եթե ձախողվես, մարտահրավեր կնետես էս համաշխարհային ինստիտուտներին, որովհետև աշխարհը էնքան փոխկապված է, որ երբ մի տեղ ձախողվում է, դա ներքև է քաշում բոլորին, դրա համար էս դեմոկրատական ինստիտուտները, էսպես ասած, փորձում են համահավասարացնել բոլորին, թեկուզ դու չես ունենա շատ մեծ հաջողություն, բայց չես էլ ունենա շատ մեծ ձախողում, և քո էս գործողությունը մարտահրավեր չի նետի մեր աշխարհակարգին»։

Այսպես, ըստ Նարեկ Կարապետյանի, մեծ դերակատարները՝ կազմակերպությունները, գերտերությունները, մշակում են վարքականոն։ Դրան հետևելը միշտ չէ, որ պարտադիր է, բայց երկրները հիմնականում համաձայնության են գալիս։ Սակայն կարո՞ղ է ամեն բան այդքան ակնհայտ լինել, ինչո՞ւ է մարդն ինչ-որ առեղծվածային խմբավորումներ փնտրում, երբեմն՝ դավադրությունների տեսություններին տրվելով․

«Այն կարծիքները, որ դեռևս միջնադարից եղել են ուժեր, որոնք որոշիչ են եղել, ինչպիսիք են, ասենք, Մասոնների միությունը, 300-ի կոմիտեն և այլն, բավականին մեծ մարդկանց շրջանակի որոշակի հավատ է ներշնչում։ Իմ ընկալումն այն է, որ եթե անգամ նման ինստիտուտներ գոյություն չունենային, մարդու բնույթը մեծ հավանականությամբ կհանգեցներ սրանց մասին միֆերի ծնունդին, որովհետև մարդիկ հակված են հավատալու, որ իրերը տեղի են ունենում անկախ իրենց կամքից և իրենք շատ քիչ են ընդունակ ազդելու դրանց վրա։ Ես կարծում եմ, որ էս գաղափարի ծնունդը հոգեբանական ու սոցիոլոգիական պատճառներ ունի»։

Այսպիսի կառույցներ գոյություն ունեն, սա միֆ չէ։ Սակայն լեգենդը հյուսվում է դրանց գործունեության շուրջ։ Նարեկ Կարապետյանը հասկանում է բարդ երևույթները պարզեցնելու մարդկային ջանքը։ Սակայն գիտական համայնքը ուսումնասիրում է ոչ թե նրանց, այլ հայտնի կազմակերպություններին։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել նաև ավելի զորեղ մի բանի՝ գաղափարի վրա։

«Ես քեզ մի գիրք էի խորհուրդ տվել, Այն Ռենդի «Սկզբնաղբյուր»-ը։ Այն Ռենդը մի ուրիշ գիրք էլ է գրել, «Ատլանտը թոթվեց ուսերը»։ Շատ ազդեցիկ գրքեր են Էս երկուսը։ Ես ո՞նց եմ իմացել էս գրքի մասին․ կարդում էի Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկի շատ երկարամյա նախագահի գիրք։ Արժույթի հիմնադրամ, Համաշխարհային բանկ, էդ ամեն ինչի գործում շատ մեծ որոշումների կշիռ ունեցած մարդ է, ու նաև իրա գործունեության հետ են կապում 2008 թվականի ճգնաժամը։ 20 տարի որոշել է աշխարհի ամենամեծ երկրի ֆինանսական քաղաքականությունը, թողարկել դոլարը։ Ու ինքը պատմում է, որ երբ երիտասարդ էր, ընկերների խորհրդով մի անգամ գնացել է Այն Ռենդի տուն։ Այն Ռենդը համարվում է խիստ ազատականության տեսության հիմնադիրը, իսկ էդ մարդը՝ Ալան Գրինսփանը, էն մարդն էր, ով ամբողջությամբ ազատականացրեց Միացյալ Նահանգների ֆինանսական շուկան։ Պատկերացրեք՝ ինչքան ուժեղ է էդ փիլիսոփայությունը, որը իր վրա ազդեց»։

Աշխարհը բարդ բան է։ 2008-ի ճգնաժամն ազդեց բոլոր երկրների վրա, դա տեղի ունեցավ, որովհետև ազատականացվեց ԱՄՆ ֆինանսական շուկան, դա տեղի ունեցավ, որովհետև այդ որոշում կայացնողը ծանոթացավ փիլիսոփա Այն Ռենդի հետ ու կարդաց նրա գիրքը, դա տեղի ունեցավ, որովհետև Այն Ռենդը ուսումնասիրեց Արիստոտելի մտքերն ու ազդվեց․․․․ այս շարքը կարող է անվերջ ձգվել։ Փաստը մեկնարկային կետն է․ աշխարհը բարդ բան է։

Եվ դրա պարզեցված ընկալման փորձը մարդուն կարող է հակագիտական եզրակացությունների հասցնել։

Կարդացեք նաև

Back to top button