Երաժշտական եռանկյունի

Երաժշտական մենեջմենթի հիմնախնդիրները Հայաստանում. «Երաժշտական եռանկյունի»

Ստեղծագործական ազատությունը, ինքնադրսևորման հնարավորությունը, կրթությունն ու բեմական գործունեությունը համակցված և իրարով պայմանավորված գործոններ են, որ ի հայտ են բերում նոր անուններ, կայացնում կարիերա և ճանաչում բերում արտիստներին։

Հանդիսատեսը հաճախ տեսնում է միայն այս բուրգի գագաթը, այնինչ ամբողջ աշխարհում գոյություն ունի մի կառույց, որը պայմանավորում է այս համակարգի առավել արդյունավետ գործունեությունը՝ երաժշտական մենեջմենթը։

Մեր զրույցը «Օբերտոն» երաժշտական գործակալության հիմնադիր տնօրեն Լուսինե Ոսկանյանի և ծրագրերի ղեկավար Տաթևիկ Մկրտումյանի հետ ծավալվեց երաժշտական գործակալությունների կարևորության, գործունեության, նրանց իրավական և վարչական խնդիրների շուրջ։

«Երաժշտական մենեջմենթի այն համակարգը, որ ստեղծվել է արևմուտքում, թույլ է տալիս կառավարել գործունեության ոլորտներն այնպես, որ այն, բացի ստեղծագործական խթանումներից և մոտիվացիայից, ստեղծում է հնարավորություն բիզնես բաղադրիչի համար։ Այսինքն, թույլ է տալիս առաջացնել ստեղծագործական գործունեության նյութական էկվիվալենտը, որն իր հերթին նպաստում է զարգացմանը և խոշորացմանը։ Սրանք իրարով պայմանավորված երևույթներ են, որոնք գործում են ամբողջ աշխարհում, բայց, ցավոք, Հայաստանում այդպես էլ չկայացան», — ասում է Լուսինեն։

Այստեղ մեծ թվով գործոններ կան՝ ազատ բեմական հարթակների սակավությունից մինչև հանդիսատեսի գնողունակության հնարավորությունը։

«Անկախ երաժշտական գործակալությունների գործունեությունը մի քանի հանգամանքներով է սահմանափակվում մեր երկրում՝ մշակութային օրենքների իրավական անկատարություն, համերգային հարթակների բարձր վարձեր, մեդիակոնտենտի տարածման հետ կապված խնդիրներ։ Բայց կան ձայնագրելու, ալբոմներ հրատարակելու, միջազգային հարթակներում կապեր հաստատելու, հյուրախաղեր կազմակերպելու և այլ հնարավորություններ։ Այս պայմաններում է գործում մեր «Օբերտոն» կազմակերպությունը։ Մենք ունենք մեր արտիստներին, աշխատում ենք նրանց հետ, փորձում կազմակերպել նրանց գործունեությունը և հեռանկարային ծրագրեր մշակել նրանց համար», — շարունակում է Տաթևիկը։

Երաժշտական գործակալությունները, պրոդյուսերական ընկերությունները կոչված են ազատելու ստեղծագործողին կազմակերպչական, փաստաբանական և հաճախ նույնիսկ կենցաղային խնդիրներից՝ ապահովելով ստեղծագործելու առավել արդյունավետ պայմաններ։ Նրանք հանդես են գալիս որպես միջնորդ՝ ունենալով, անշուշտ, նաև բիզնես ակնկալիքներ։

Հայաստանյան իրականության մեջ կան հաջողված երաժշտական մենեջմենթի օրինակներ, բայց դրանք ներկայացնում են բացառապես հյուրախաղային սեգմենտը, երբ դրսից «աստղեր» են բերվում Հայաստան։

Այնինչ մեզ առավել հետաքրքիր են հայկական, հայաստանյան «շուկայում» գործող ընկերությունները, որոնք ոչ բարենպաստ պայմաններում համառորեն փորձում են գտնել աշխատանքի և գործունեության հնարավորություններ՝ համագործակցելով Հայաստանի ներսում գործող արվեստագետների և ստեղծագործողների հետ։

Կարդացեք նաև

Back to top button