
Հայաստանի առաջին «ArmSat-1» տիեզերական արբանյակը ոչ ընկել է, ոչ էլ խանգարում է նույն ուղեծրում գտնվող այլ արբանյակների՝ ասում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս պահին այն Երկիր մոլորակից շուրջ 495 կմ բարձրության վրա է և ամենօրյա ռեժիմով լուսանկարներ է անում․
«Սա, իհարկե, չի նշանակում, որ վեց ամսից կամ 2 տարուց արբանյակը կարող է չընկնել։ Մի օր ընկնելու է, այսինքն, կոնկրետ ժամկետներ են լինում արբանյակների համար, երբ պետությունները կամ մասնավոր ընկերությունները ձեռք են բերում, այդ երաշխիքները կան։ Եթե այդ ժամանակահատվածը անցնում է և արբանյակի հետ ոչինչ տեղի չի ունենում, բնականաբար, որևէ հետևանք վաճառող ընկերության համար ունենալ չի կարող»։
2022-ի մայիսին հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սանտլանտիս» ընկերությունների համագործակցության արդյունքում SpaceX ընկերության տիեզերանավով տիեզերք ուղևորվեց Հայաստանում չնախագծված, բայց Հայաստանին պատկանող «ArmSat-1»-ը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտարարեցին՝ արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։ Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծում է՝ միջազգային որևէ գործընկեր, առնվազն վերջին ամիսներին, «ArmSat-1»-ից չի բողոքել․
«Նորմալ՝ ընդունելի պրակտիկա է տիեզերական գործունեության մեջ, որ որոշ հաճախականություններ կարող են համընկնել և պետությունները պետք է պարտավորություն ունենան դրանք պատշաճ կերպով կառավարելու։ Վերջին ամիսներին, համենայնդեպս, նմանօրինակ որևէ խնդիր մենք չենք արձանագրել որևէ գործընկերների կաղմից։ Արբանյակների տարբեր ուղեծիրներում տասնյակ հազարավոր արբանյակներ կան, այսիքնքն, էդ ամբողջը արձանագրվում է և շատ արագ կառավարվում։ Միջազգային որևէ պրակտիկա չկա, որ պահանջեն արբանյակները իջեցնել»։

Հայաստանը արբանյակի կառավարման կենտրոն ունեցավ միայն 2023-ի հունիսին, մինչ այդ գործընկեր իսպանական «Սանտալանտիս»-ն էր փոխանցում բոլոր տվյալները։ Օրերս ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ արբանյակի ամբողջական կառավարումն անցել է Հայաստանի մասնագիտական թիմերին․
«Կարող եմ ասել, որ կառավարումը այլևս անցել է մեր մասնագիտական թիմերին, և սա նաև հնարավորություն է տալիս պարբերաբար արբանյակի հնարավոր անսարքությունների կամ տեխնիկական վիճակի մասին ունենալ կոնկրետ պատկերոացում և անել որոշակի կանխատեսուներ, թե դեռևս քանի՞ տարի շարունակ և ի՞նչ որակով այդ արբանյակները կարող են իրենց առաքելությունը կատարել»։
Այս գործողությամբ Հայաստանը փաստացի մտավ տիեզերական գործունեության դարաշրջան, պատմական թռիչքի հաջորդ օրը՝ 2022-ի մայիսի 26-ի կառավարության հերթական նիստում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Եվ մենք հույս ունենք, որ այս ոլորտում ունեցած մեր հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»։
Կառավարության առաջնահերթություններից մեկը Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է՝ ասաց Փաշինյանը և թվարկեց արբանյակից սպասելիք արդյունքները․
«Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ՝ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն օրեր առաջ ասաց՝ «ArmSat-1»-ն ավելի շուտ «վարժասահք»-ի նշանակություն ունեցավ․
«Պատկերացրեք՝ հայ ինժեներները, հայ մասնագետները առաջին անգամ, որովհետև միայն արբանյակ ունենալու պարագայում մենք այդ կարողունակությունները կբերեինք Հայաստան, կարողանում են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել արբանյակի հետ, ինչպես է հնարավոր կառավարել արբանյակը, ինչպես կարելի է շտկել որոշակի ի հայտ եկող խնդիրները, և սա տալիս է հնարավորւթյուն ընդհանրապես տիեզերական գործունեության ռազմավարական մեր քայլերում։ Այս տրամաբանության մեջ իբրև վարժասահք ենք դիտարկելու մեր առաջին արբանյակը, և ոչ թե լուծելու մեր անվտանգային բոլոր խնդիները, որովհետև ես չեմ հավատա, եթե որևէ մեկը պնդի, թե մեր երկրի վարչապետը ասել է, թե արբանյակից հետո այլևս բոլոր անվտանգային մարտահրավերները և ռիսկերը չեզոքացված են»։

Թե որքան է արժեցել արբանյակի ձեռքբերման ծրագիրը, հայտնի չէ, բայց դեռևս 2022-ի ապիլին իսպանական ընկերության հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին կառավարությունը 7 միլիոն դոլար հատկացրեց։ Մամուլը տևական ժամանակ գրում էր արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումների և միլիոնավոր դոլարների հնարավոր վատնման փաստերով քրեական գործի մասին։ Գլխավոր դատախազությունը սակայն մինչ օրս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տեղեկությունը։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան․«Ո՞ր մարմինն է հարուցել և արդյո՞ք դա վերաբերում է արբանյակի պարամետրերին, թե միլիարդավոր դոլարների մսխումներին, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։
Հայաստանի առաջին արբանյակը շուրջ 18 կգ է, ունի հեռադիտակ և տեսախցիկ, որը նկարում է 1․65 մետր ճշտությամբ։ Արբանյակի ուղարկած վերջին հանրային լուսանկարները Հայաստանում 4 եղանակների փոփոխությունների մասին էին։




