
Հայաստանի գիտական ներուժը վերջին տասնամյակներում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջազգային գիտական հանրության մեջ: Հայ գիտնականների խումբը ներգրավված է միջուկային հետազոտությունների եվրոպական խոշորագույն կենտրոնի (CERN) «Մեծ հադրոնային կոլայդերի» (LHC) «Կոմպակտ մյուոնային սոլենոյիդ» (CMS) գիտափորձում:
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող և խմբի ղեկավար Արմեն Թումասյանի խոսքերով, սա նշանակալի միջազգային համագործակցություն է:

«Գիտափորձում ներգրավված են աշխարհի տարբեր երկրներ, ինստիտուտներ և կենտրոններ: Մեր հետազոտությունների առանցքը ֆունդամենտալ է՝ ուղղված բնության հիմնարար հատկությունների ուսումնասիրությանը», — նշում է նա:
Վեց անդամից բաղկացած հայկական խումբը, որը ներառում է և՛ ուսանողներ, և՛ փորձառու գիտնականներ, հիմնականում զբաղվում է տվյալների մշակմամբ և ֆիզիկական անալիզով:
Թեև համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 1990-ականների վերջերից, դետեկտորների կառուցման աշխատանքներում դեռևս նշանակալի մասնակցություն չի գրանցվել:




