Արամ Սփենդջյանը ծնունդով ԱՄՆ-ից է: Նրա ընտանիքը դեռևս նախորդ դարերում զբաղվել է հագուստի արտադրությամբ։ Բարձր որակի ու լավ աշխատանքի արդյունքում արտադրությունը, որը հիմնվել էր Եգիպտոսում, տարածում է գտել շատ առաջատար երկրներում՝ պահանջարկ ունենալով հայտնի բրենդերի շրջանում։
Մի քանի տարի առաջ Արամը և նրա եղբայրը հոր ուղղորդմամբ արտադրություն սկսեցին նաև Հայաստանում՝ տարբեր մարզերում արդեն գոյություն ունեցող գործարաններում: Նպատակը Հայաստանում աշխատատեղերի ստեղծումն է, Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելն ու աշխարհում հայտնի օտար բրենդերը Հայաստան բերելը։
«Լորենց»․ այսպես անվանեցին ընկերությունը։ Արամը հպարտորեն նշում է, որ այս գործունեությունը կարևոր է իրենց համար ոչ միայն հայրենիքին մոտ լինելու առումով, այլ նաև Հայաստանում նորարարական մտքեր իրականացնելու հնարավորության տեսանկյունից։
««Լորենց» անվանումը շատերին ֆրանսիական կամ իտալական բրենդ է հիշեցնում, բայց պետք է նշեմ, որ այն առնչություն ունի Լոռվա հետ իմ կապերի ու արմատների հետ։ Մորս կողմը լոռեցիներ են, նրանց պատկանող շատ փաստաթղթեր եմ ժամանակի ընթացքում գտել ու պարզել արմատներս, նրանց անցած ճանապարհը։ Ես, իհարկե, հպարտ եմ իմ Սփենդջյան ազգանունով, սակայն որևէ երկրում ներկայանալիս դժվար կլիներ բացատրել Սփենդջյան բրենդը որտեղից է, ինչ ծագում ունի, իսկ «Լորենց»–ն այդ խնդիրը չի առաջացնում», — ասում է Արամն ու հպարտ նշում, որ Հայաստանում գործ սկսելը թեև դժվար և ռիսկային է, սակայն` հաղթահարելի»։ «Չհանձնվել. այս խորհուրդն էին ինձ տալիս թե՛ տեղացիները, թե՛ հայրս, երբ որևէ հարցում դժվարություն էի ունենում»։
Արամը նաև կարևորում է Սփյուռքի դերը հայկական շուկան զարգացնելու գործում։ Համոզված է, որ այն կարող է դառնալ լավ հարթակ թե՛ սփյուռքի, թե՛ Հայաստանի ներդրողների համար՝ միմյանց ճանաչելու գործում։
«Օտար բրենդերը Հայաստան բերելը նույնպես կարևոր է, — ասում է Արամը և բացատրում,–դրանք կարող են մի փոքր շատ գումար տալ ու ստանալ այն որակյալ արդյունքը, որն այլ երկրում գուցե չստանային։ Իսկ մեր երկրի համար օտար ընկերությունների հետ համագործակցությունը նշանակում է տնտեսության ընդլայնում և Հայաստանի մասին տեղեկություններ»։
«Օտար երկրներում հանդիպող մեր արտադրանքի գնորդներին ասում եմ, որ մեր արտադրանքը տարբերվում է՝ դրանից խորովածի հոտ է գալիս», — եզրափակում է Արամ Սփենդջյանը, որի համար նախնիների պատմությունը ճանաչելը սեր ու կապվածություն է Հայաստանի հետ ու ներդրում։