103-ամյա Խաչանուշ Մովսիսյանի հետ զրույցի կեսն օրհնանք ու դրվատանքի խոսքեր են շրջապատի մարդկանց մասին, բարությունը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհու դիմագծերում է, բառերում, կնճիռներում: Ամենամեծ ձեռքբերումը և կյանքի իմաստը նա տեսնում է բարի զավակներ ու ժառանգներ ունենալու մեջ:
«7 որդով սեղան եմ նստել, բարի են իմ երեխեքը, ազնիվ, հանգիստ, խաղաղ, ոչ մեկին նեղություն չեն տվել»,- հպարտությամբ ասում է Խաչանուշը: Ծնունդով Վայոց Ձորի Գնիշիկ գյուղից է, միայն 4-րդ դասարանն է ավարտել, անգիր հիշում է միայն Թումանյանի Մարոն, իրեն էլ15 տարեկանում ամուսնացրին:
«Ես ընկա 7 տարվա սիրահարների արանքը, էլ ինձ ոնց լավ պահեր: Նրան չուզեցին, ասացին դաշնակ է, սրան բերենք որ մեզ պահի: Ինձ սկեսուրս պահեց, հարգանքով կին էր, ոսկի կին էր, թանկարժեք շատ շնորհակալ եմ»,— պատմում է Խաչանուշ տատին:
Ամուսնությունից տասը տարի անց վերջապես ծնվել է առաջնեկը՝ Հաբեթնակը, կյանքի ամենաերջանիկ օրն է եղել: Ամուսնու վերաբերմունքն ի վերջո փոխվել է, ամեն կերպ իրեն խրախուսել է գրքեր կարդալ, լրացնել չստացած կրթության բացը, բայց բազմազավակ մայրը չվերջացող հոգսերի պատճառով այդպես էլ չի կարողացել հաղթահարել այդ բարձունքը: Ամբողջ կյանքն ապրել է Վայոց Ձորում, իրեն այլ վայրում չի էլ պատկերացնում, անգամ Երևան միշտ եկել է որևէ մեկի ուղեկցությամբ, միայնակ գար, կմոլորվեր, տուն վերադարձի ճամփան չէր գտնելու:

Իր երկարակեցության պատճառը չգիտի, հավանաբար առողջ է սնվել է, բարի է եղել: «Կանաչի, կանաչի, կանաչի, Գնիշիկում միայն 3 տեսակի խոտ կար, որ չէինք ուտում, մնացած ամենն օգտագործում էինք, միրգն ու բանջարեղենը քաղում էինք և ուտում, մեղր էինք քամում, և իհարկե, միս ու կաթնամթերքն անպակաս էր»,- պատմում է Խաչանուշ տատը:
Հիշում է երկրորդ աշխարհամարտից հետո դժվար տարիները, շատ են աշխատել: «Տանջանք, տանջանք, սոսկալի տանջանք էր, հիմա չկա տենց բան, կյանքը հեշտացել է: Լավ քաղհան եմ արել, լավ խոտ եմ հնձել»,— հիշում է տատը՝ ավելացնելով, որ 7 երեխա «մշակելն» էլ դյուրին գործ չէ:

7 զավակների ծննդյան թվերն արդեն հստակ չի հիշում, բայց բոլորից գոհ է, հարսներից էլ, Նահապետին ու Մարոյին հատկապես է շնորհակալ, որ իրեն առոք-փառոք պահում են: Թոռներին լավ գիտի, ծոռներին արդեն շփոթում է: Զարմանում է, թե ինչու են հիմա այդքան քիչ երեխաներ ունենում:
«Հիմա անխելք են, երկու երեխան ախր հեչ զատ չի, գնալու են բանակ, մենակ մնաք»,— բացատրում է տատն ու օրհնում մեզ, ունկնդիրներին, ընթերցողներին, բոլոր-բոլորին. «Իմ քաղցրահատիկներ, իմ հարգանքովներս, իմ սիրելիներ, ապրեք, զորանաք, կանաչեք… »:
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի «Երկրորդ շնչառության»-ը գործունեության 2-րդ տարին նշանավորում է նոր նախագծի մեկնարկով՝ «+/-100» խորագրով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ առաջիկա մեկ տարվա ընթացքում ներկայացվելու են հանրապետության բոլոր մարզերի և Արցախի այն տարեցների պատմությունները, որոնք արդեն ապրել են մեկ դար կամ մոտենում են 100-ին:
««Երկրորդ շնչառություն» հաղորդաշարի այս թողարկումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Թողարկման մեջ արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին:»




