
ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը նախատեսում է ներդնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Սա նախատեսող նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու պետական տուրքի դրույքաչափերը՝ համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամ՝ 1000 և 25000 դրամի փոխարեն: Այս տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և վերջին 30 տարում չեն վերանայվել։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում ընդգծում է՝ սա քաղաքացիական գործերի վարման որակական փոփոխմանը միտված քայլ է։
«Քաղաքացիության տուրքերը մեր երկրում անհամաչափ են․ քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքը ոչ միայն սխալ է, անլուրջ է, այլ նաև ցույց է տալիս մեր վերաբերմունքը մեր քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ։ Սա քաղաքացիության ինստիտուտի մասին լրջորեն մտածելու առաջին քայլն է։ Մենք հաճախ քաղաքացիության ինստիտուտին վերաբերվում ենք որպես, թույլ տվեք կենցաղային բառապաշարով ասել, «պասպորտ արտադրող» ինստիտուտ, ինչը վիրավորական է։ Քաղաքացիությունը միայն փաստաթուղթ արտադրելու մասին չէ։ Այն պետության ու անձի կայուն իրավական կապի, դրա շնորհման կամ բացակայության մասին է»,– ընդգծում է Արմեն Ղազարյանը։
Ղազարյանի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնում են հիմնականում հայերը․ մասնավորապես, 2018թ․ 11–12 հազար մարդ է ցանկություն հայտնել դառնալ Հայաստանի քաղաքացի, 2020–ին թիվը նվազել է։ Իսկ պիկային տարին 2022 թվականն էր, երբ Հայաստանի քաղաքացիության շնորհման ու դադարեցման մոտ 20 հազար գործ են ունեցել։ Այս տարվա 9 ամսում 16 հազարից ավելի դիմում են ստացել։




