Մտքի ուժը

Տիեզերքում օգտագործվող նյութերի գաղտնիքներն ու հայկական գիտական կենտրոնի հետազոտությունները. «Մտքի ուժը»

Ի՞նչ նյութեր են կիրառվում տիեզերքում, ինչպե՞ս են ընտրվում դրանք ի՞նչ չափորոշիչներ կան դրանց ընտրության հետ կապված: Պատմում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի նանոկառուցվածքների ու նանոնյութերի հետազոտության խմբի ղեկավար Նարեկ Մարգարյանը․

«Քանի որ տիեզերքում գալիս են բարձր էներգիաներով մասնիկների փնջեր, կարող են վնասել էլեկտրոնիկան՝ վնասելով այն նյութը, որից պատրաստված է։ Կա անհրաժեշտություն, որպեսզի կիրառվեն այնպիսի նյութեր, որոնք չեն վնասի»։  

Նանոտեխնոլոգիաների ու տիեզերական հետազոտությունների ոլորտները Հայաստանում զարգանում են։ Ոլորտում հայկական միտքը զարգանում է։ Հայ գիտնականները հետ չեն մնում համաշխարհային միտումներց։ Օրինակները շատ են՝ տարբեր նյութերի վրա պրոտոնների փնջերի ազդեցությունից մինչև «Բազումք» տիեզերական հետազոտական լաբորատորիա։

Նանոմասնիկները կիրառվում են տարբեր ոլորտներում՝ ռազմաարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն։ Մասնագետները վստահ են՝ ատոմային մեկ շերտ ունեցող նյութի հեղափոխական ներուժը մոտ ապագայում կխթանի առաջընթացը։

Գիտության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, բայց արդյո՞ք երիտասարդները հետաքրքրված են գիտությամբ։ Նարեկ Մարգարյանն ասում է, որ ՏՏ-ն ֆինանսավորման առումով դուրս է մրցակցությունից, բայց գալիս են, աստիճանաբար նաև միջին սերնդի գիտնականներով համալրելու հարցն է կարգավորվում։

«Միջին սերնդի բացը ոչ թե շարունակում է մնալ, այլ սկսել է լրացվել։ Կարծում եմ՝ շուտով բացը կփակվի, կլրացվի այդ բացը տեղում պատրաստված, արտասահմանում վերապատրաստումներ անցած երիտասարդներով, ովքեր շուտով կդառնան միջին սերունդը, բայց մի մասը խնդիր է առաջ քաշում՝ ասելով, որ երիտասարդներին ՏՏ են տանում։ Իրականում դա խնդիր է։ Ճիշտ է, վերջին տարիներին գիտության ֆինանսավորումն էականորեն բարելավվել է, բայց ՏՏ-ն շարունակում է մրցակցությունից դուրս մնալ ֆինանսավորման տեսանկյունից, և բազմաթիվ երիտասարդներ նախընտրում են, զբաղվել IT-ով, բայց մենք ունենք նաև երիտասարդներ, ովքեր նախընտրում են գիտությունը, ոչ թե ՏՏ-ն»։

Հովհաննես Բադալյանը մեկն է այն երիտասարդներից, ով ընտրել է ֆիզիկան, ոչ թե ՏՏ-ն։ Ասում է՝ իր համար կարևորը աշխատանքն է, ոչ թե ֆինանսը։ Գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է։ Գիտական կենտրոնում արձանագրում են՝ վերջին տարիներին գիտության նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ փոխվել է։ Այս առումով անելիք շատ կա։

Կարդացեք նաև

Back to top button