
Վրաստանը քաղաքական ճգնաժամի առաջ է կանգնած․ երկրի նախագահի գլխավորությամբ արևմտամետ ընդդիմադիր ուժերը չեն ընդունում շաբաթ օրը կայացած ընտրությունների արդյունքները՝ կոչ անելով սկսել բողոքի ցույցերը։ Պաշտոնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների 54.8 տոկոսը, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել են նաև 4 ընդդիմադիր ուժեր․ վերջիններս, սակայն, հակառակ սպասումների, չեն կարող կոալիցիոն կառավարություն ձևավորել։
«Վրաստանում իրավիճակը կշարունակվի տուրբուլենտ իրավիճակում։ Երկիրը կլինի միջազգային օրակարգի թեմա: Մենք տեսնում ենք, որ որևէ մեկը չի շտապում շնորհավորել «Վրացական երազանք»-ի չակերտավոր հաղթանակը։ Ներքաղաքական դաշտում փաստացի պահանջ կա նոր ընտրությունների անցկացման, որ կկազմակերպի իշխանությունների կողմից չվերահսկվող ընտրական մարմին որովհտեև կեղծիքների մեխանիզմը հենց այդտեղ էր», — «Ռադիոլուր»-ին փոխանցում է վիրահայ հասարակական-քաղաքական գործիչ Գիորգի Թումասյանը։
«Հանրությունն ուղղակի շոկի մեջ է։ Այս զայրույթը հենց այնպես չի անցնելու»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ընդդիմադիր ցույցերի ղեկավարներից Գիգի Բոկերիան։ Նա նշում է, որ տեղի ունեցողն այլևս կուսակցական պայքար չէ․
«Սկսվում է բողոքի ակցիաների ալիքը՝ ազատության, խաղաղ Եվրոպայում ապրելու համար։ Կարող եք սա հեղափոխություն անվանել, եթե ցանկանում եք։ Ակցիաները ցույց են տալու ժողովրդի կամքը։ Բարդ, անձրևային ու քամոտ օրեր են սպասվում առաջիկայում, սակայն հեքիաթի ավարտը բարի է լինելու»։
Վրաստանի պատմության մեջ հետընտրական աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, նշում է իշխող ուժից հեռացած, քաղաքական հարցերով վերլուծաբան Գիա Խուխիշվիլին․ «Մենք այսօր թևակոխում ենք Վրաստանի համար կարևորագույն, պատմական մի շրջան։ Պետք է յուրաքանչյուրս գիտակցենք մեր պատասխանատվությունը՝ սա գրվելու է մեր պատմության մեջ․ իշխանությունը գողացել է ժողովրդի ձայնը։ Այսօրվա ալիքը մենք պետք է մինչև վերջ տանենք»։
Վրաստանի նախկին ու ներկա նախագահները կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոց։ Անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Սաակաշվիլին նախկին զինակիցներին կոչ է անում հրաժարվել մանդատներից, մյուս նախագահը՝ Գիորգի Մարգվելաշվիլին ևս չի ընդունում «կեղծիքներով ձևավորվող խորհրդարանը»։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ միավորել է արևմտամետ ընդդիմադիր դաշտը, նախագահական նստավայրում ընդունելով ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերին՝ շաբաթ օրը երկրում անցկացված ընտրություններն անվանել է ռուսական՝ կոչ անելով սկսել բողոքի ակցիաները։
Այսօրվանից Վրաստանում սկսում են բողոքի ակցիաները՝ «եվրոպական ապագայի համար» կարգախոսով։




