ԿարևորՔաղաքական

Ջավախքում կատարյալ ընտրություններ էին․ հայազգի պատգամավորներ

Վրաստանում շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վերստին օրենսդիր կանցնեն նախորդ գումարման խորհրդարանի երկու հայազգի պատգամավորները՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից։

Հայաբնակ Սամցխե Ջավեխեթիից ընտրված պատգամավորները նշում են՝ շրջանում ընտրությունները կատարյալ էին, ժողովրդավարության առումով՝ աննախադեպ։

«Հիմքը դրված է․ կշարունակեք մեր ծրագրերը։ Պետք է այն, ինչ ունենք պահպանենք և զարգացնենք, եթե չխանգարեն ու չքանդեն այս երկիրը։ Հիմա զբաղված են երկրում քաոս ստեղծելով, նախագահն է նման կոչեր անում նույնիսկ, նման բան աշխարհի որևէ մի երկրում արդյո՞ք տեսել եք․․․»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է Ախալքալաքը ներկայացնող պատգամավոր Սամվել Մանուկյանը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը ողջ Վրաստանի տարածքում ամենաբարձր ցուցանիշը ստացել է հենց հայաբնակ շրջանում, մասնավորապես Ախալքալաքում և Նինոծմինդայում։

Մանուկյանն ասում է՝ սա նշանակում է, որ ընդդիմությունը տարածաշրջանում ընդհանրապես ինքն իրեն հեղինակազրկել է։ Հիշեցնում է հատկապես նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սակաշվիլիի ադրբեջանամետ հայտարարությունները նախորդ՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, հենց ղարաբաղյան պատերազմի շրջանում․

«Արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմադիրներն այլև պոպուլյար չեն։ Դա ինչ կապրիզ է՝ չեն մտնում խորհրդարան։ Ինչ կեղծիքների մասին է խոսքը, մեր մոտ ընդհանրապես խախտում չկար․ ստիպված դիտորդները հերթերն էին խախտում հաշվում։ Մենք կգնանք խորհրդարան՝ աշխատելու հօգուտ Վրաստանի, ոչ թե այլ պետությունների։ Կարող եմ նշել, որ այս ընտրությունների նման իդեալական, ժողովրդավարական ընտրություններ չեն եղել որևէ երկրում»։

Նույն կարծիքին է նաև նրա նինոծմինդացի կուսակիցը՝ «Վրացական երազանք»-ի ցուցակի 68-րդ համարը ներկայացնող Սումբատ Կյուրեղյանը․  

«Մեր ժողովուրդն իր ձայնը տվել է պետականության պահպանման և խաղաղության համար։ Մեր ձայնը, որպես ուժեղ համայնքի, ազգային փոքրամասնություններով բնակեցված, խիստ կարևոր է պետության համար։ Շրջանի քվեները խոսում են վստահության մասին, իսկ վստահություն ունեցող ազգային փոքրամասնության հետ յուրաքանչյուր պետություն հաշվի է նստում»։

Ասում է՝ այսօր կարևոր հարցերից է արտաքին քաղաքականությունը, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների ջերմացումը․ «Մեր ուժն առաջին հերթին հաշվի է առնում խաղաղությունը, իսկ մեն՝ հայերս, լավ գիտենք խաղաղության գինը»։

Հարցին՝ ինչպես են պատկերացնում աշխատանքը միակուսակցական խորհրդարանում, քանի որ ընդդիմությունը հայտարարում է՝ չի ընդունում ընտրությունների արդյունքները, որոշները հրաժարվում են վերցնել մանդատները, հայազգի պատգամավորները նշում են, որ ընդդիմությունը նախորդ տարիներին ևս չի աշխատել, «միշտ բոյկոտել, փողոցային պայքարի մեջ են եղել՝ նպատակ ունենալով երկիրը փակուղում պահել»։

Վրաստանը կանգնած է հետընտրական ճգնաժամի առջև։ Վրաստանի արևմտամետ ընդդիմադիր ուժերը չեն ընդունում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որի իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների մեծ մասը՝ 54.8 տոկոսը։

Նրանք նախագահի գլխավորությամբ կոչ են անում քաղաքացիներին սկսել ցույցերը՝ «Վրաստանի եվրոպական ապագայի համար»։

Կարդացեք նաև

Back to top button