ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բռնցքամարտիկը՝ համակենտրոնացման ճամբարից, Սասունցի Դավիթը՝ Հայկական Լեռնաշխարհից և Արմինեի երեք կյանքերը՝ Գյումրիից․ մեկնարկել է ReA Comics Art–ը

Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է ReA Comics Art պատկերապատումների ցուցահանդեսը։ ՌեԱ փառատոնի շրջանակում հայերեն է թարգմանվել գերմանացի Ռայնհարդ Կյաստի «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» պատկերապատումը։ Կայացել է նաև ֆրանսիացի Օրելի «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատման երևանյան շնորհանդեսը։ Արդեն 16-րդ անգամ անցկացվող ՌեԱ փառատոնը նախորդ տարի հիմք դրեց ազգային պատկերապատման մրցույթին։ Այս տարի ներկայացվել է հայ ստեղծագործողների շուրջ 15 նախագիծ, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի փորձագետներ։

Պատմություն մարդու մասին, որը չի կարողանում իր պատմությունը պատմել․ այսպես է խտացնում գերմանացի արտիստ Ռայնհարդ Կյաստն իր «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» պատկերապատման երևանյան շնորհանդեսին։ Իրական պատմության վրա հիմնված գիրքը պատմում է համակենտրոնացման ճամբարի միջով անցած և բռնցքամարտի շնորհիվ ողջ մնացած մարդու մասին։ Ռայնհարդ Կյաստ․

«Գրքի վերջին էջում մի նախադասություն կա «Մի օր ես ամեն բան կպատմեմ»։ Ըստ էության, այս պատմությունն այն ամենն է, ինչ հայրը՝ բռնցքամարտիկը, չկարողացավ պատմել իր որդուն։ Այս պատմությունը նաև այն մասին է, թե ինչ է տեղի ունենում այն մարդու ընկերների, ընտանիքի անդամների հետ, որն իր պատմությունը չի պատմում, ներսում է պահում, և այս առումով պատկերապատումը, ֆիլմերը, անիմացիան շատ լավ միջոց են պատմությունները կենդանի պահելու համար»։

Պատկերապատման ցուցահանդեսին աջակցել է նաև Հայաստանում գերմանական «Գյոթե» ինստիտուտը։ Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար Յան-Թագե Քյուլինգ․

«Այս պատմության շնորհիվ նա անդրադառնում է այն թեմաներին, որոնք հենց Գերմանիայի համար շատ արդիական են մինչև օրս։ Կարծում եմ, որ հենց պատկերացման կամ գրաֆիկ նովելների շնորհիվ մենք հնարավորություն ունենք պատմական ինչ-որ իրադարձությունների անդրադառնալ նորովի, նոր միջոցներով»

Ցուցահանդեսի հաջորդ գիրքը ֆրանսիացի արտիստ Օրելի «Արմինեի երեք կյանքերը» պատկերապատումն է։ Այն հրատարակվել է Փարիզում՝ ֆրանսերեն և արևելահայերեն։ Սպիտակի երկրաշարժով Գյումրիում ավարտվում է հերոսուհու «առաջին» կյանքը։ Այս պատմության 200 օրինակ արդեն Երևանում է։ ՌեԱ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունի․

«Օրելը շատ գեղեցիկ գիրք, պատկերապատում է հրատարակել ֆրանսերենով և արևելահայերենով։ Փարիզում էր այդ գիրքը, անցած տարի իմացանք և որոշեցինք այդ գրքից մի 200 օրինակ Հայաստան բերել, որ նաև մենք վայելենք»։

ReA Comics Art պատկերապատումների ցուցահանդեսին անցած տարի նոր շունչ հաղորդվեց։ Ընդգրկվեցին հյուրեր արտերկրից և վարպետաց դասեր, բացի այդ մեկնարկեց առաջին ազգային պատկերապատման մրցույթը։ ՌեԱ փառատոնի տնօրեն Վրեժ Քասունի․

«Երեք կարևոր մրցանակներ կան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ։ Առաջին տեղը, միջազգային ժյուրիի որոշմամբ, հասնում է այն հեղինակին, որն ավելի մոտիկ է հրատարակման և որակ է ապահովում։ Երկրորդին և երրորդին տրվում է ավելի փոքր գումար իրենց նախագիծը զարգացնելու համար։ Տարիների ընթացքում իրենց օգնում ենք հրատարակչությունների հետ համագործակցել, և միգուցե նրանք էլ հրատարակենք»։

Անցած տարի հաղթող էր ճանաչվել Նարեկ Վան Աշուղաթոյանի «Սասունցի Դավիթ» պատկերապատումը։ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի խոսքով՝ նպատակ ունեն Հայաստանում զարգացնել պատկերապատման արվեստը։ Դանիելյանը նկատում է, որ գրաֆիկական նովելները երեխաներին գրքի հետ մտերմացնելու լավագույն միջոցնն են․

«Մի քանի ամիս առաջ հենց այս դահլիճում «Սասունցի Դավիթի» շնորհանդեսն արեցինք, և ես մի մեծ երազանք ունեցա և ուզում եմ կրկնել այդ երազանքս, որ մեր երեխաները մեր սուպերհերոսներով մեծանան Սասունցի Դավիթ, Մհեր և այլն, մեր դիցաբանության, մեր առասպելների հերոսներով մեծանան, իրենց մեջ պատկերացնեն և իրենցով ապրեն ու դաստիարակվեն։ Հաջորդ տարի վերջապես Երևանյան միջազգային գրքի փառատոնում կունենանք առանձին՝ կոմիքսների բաժին»։

Այս տարի ներկայացվել է հայ ստեղծագործողների շուրջ 15 նախագիծ, իսկ ժյուրիի կազմում ներգրավված են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի փորձագետներ։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բյունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչէ» պատկերապատումները։

Կարդացեք նաև

Back to top button