Ֆլեյտահար, կոմպոզիտոր և երգեհոնահար Վալերի Տոլստովը մեր հայրենակիցն է, որը, բնակվելով Շվեյցարիայում, չի կորցնում կապը հայկական երաժշտության հետ և ամեն անգամ նախաձեռնում և իրականացնում է նորանոր երաժշտական գաղափարներ։
«Իմ «Աութենթիկ լայթ օրկեստրա» նախագիծը 15 տարիների ընթացքում հետաքրքիր ճանապարհ անցավ` ստեղծելով բազմաթիվ երաժշտական խաչմերուկներ տարբեր ժանրերի, ազգային ավանդույթների և ֆյուժն երաժշտության միջև։ Նախագծին մասնակցել են 100-ից ավելի կատարողներ, և բոլորին միավորում էր իմ երաժշտության կամ մշակումների «հայկականությունը»։
Հայկական ավանդական երաժշտությունը իմ ստեղծագործական ներշնչանքի հիմնական աղբյուրն է», — ասում է Վալերի Տոլստովը։
Եվ ահա նոր գաղափար, այս անգամ ավանդական եվրոպական «ֆոլիա» տարրի հիման վրա, որը միավորեց բարոկկո նվագախմբին և հայ ու հնդիկ երաժիշտներին։ Կոմպոզիտորը ստեղծում է անհավանական երաժշտական խաչմերուկ, որտեղ հանդիպում են, թվում է՝ անհամատեղելի երաժշտական ավանդույթները, նվագարանները և երաժիշտները՝ վիոլա դա գամբա, դուդուկ, սիթար, տաբլաներ և այլն։
Երաժիշտները մեկ տարվա ընթացքում հասցրել են համերգներով հանդես գալ մի շարք եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։
Միաժամանակ Վալերի Տոլստովը շարունակում է իր գործունեությունը որպես երգեհոնահար և կամերային-գործիքային երաժշտություն գրող կոմպոզիտոր։ Դա նոր ժանրային ուղի է նրա համար և հուսանք՝ առիթ կունենանք լսելու նրա նոր կամերային ստեղծագործությունը նաև Հայաստանում։