
Եվրոպական մի շարք երկրներում խորհրդարանների և կառավարությունների մակարդակում վերջին շրջանում շրջանառվում են մի շարք բանաձևեր ու հայտարարություններ, որոնց օրակարգում Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի ապահովման հարցը։ Մասնավորապես, Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը շրջանառության մեջ է դրել մի առաջարկ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղի հարցով կազմակերպել միջազգային խաղաղության ֆորում։ Իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն էլ ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմերի ներկայացուցիչներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրավոր միջնորդություն է ներկայացրել Դաշնային խորհրդին՝ կազմակերպելու խաղաղության միջազգային ֆորում, որի նպատակը կլինի, մեջբերենք, «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։ Նախաձեռնության հեղինակները սա կարևոր քայլ են համարում հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի համար, որտեղ նրանք բնակվել են հազարամյակներով։
«Ադրբեջանի վերջին ռազմական առաջխաղացումից ի վեր՝ 2023 թվականի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղը դատարկվել է իր հայ բնակչությունից, բացառությամբ մի քանի մարդկանցից, ովքեր չեն կարողանում ճանապարհորդել»։
Շվեյցարիայի Ազգային խորհրդում շրջանառվող նախագծում շեշտվել է, որ հայ բնակչության բռնի հեռացումը հանգեցրել է էթնիկ զտումների, իսկ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ մտահոգություն առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Օրենսդիրները շեշտել են, որ Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հայ-ադրբեջանական հարցերում հանդես է եկել որպես չեզոք միջնորդ և այս անգամ նույնպես կարող է կարևոր դեր խաղալ։
Նման նախաձեռնությունները կարևորելով՝ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ դրանք բաց են պահում վերադարձի «դուռը» և համարում են, որ դա միանգամայն հնարավոր է։
Վերադարձի նպատակին հետամուտ լինելու կարևորությունը չեն բացառում նաև արցախցիները։ Մինչև Արցախի հայաթափումն Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի կարծիքը լսենք.
«Պահել օրակարգում վերադարձի խնդիրը և միջազգային տարբեր կառույցներում՝ սկսած միջազգային դատարաններից, տարբեր հարթակներից, բոլորն էլ հստակ պնդում են, որ արցախահայությունն իրավունք ունի։ Ադրբեջանը պարտավոր է ենթարկվել այդ պահանջներին, որը հնարավորություն կստեղծի ապահով, անվտանգ վերադարձի համար»։
Արցախի ԱԺ-ի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն էլ կարծում է, որ վերադարձի մեկ հնարավորություն կա, որը, սակայն, չի օգտագործվում։
«Արցախի ԱԺ-ն, որպես ներկայացուցչական բարձրագույն մարմին, ձևավորի Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգ և թիմ՝ լիազորելով նրան, որ քննարկումներ սկսի Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված բնակչության իրավունքի ճանաչման շուրջ»։
Անվտանգային քաղաքականության հարցերով փորձագետ Ռոբերտ Ղևոնդյան.
«Հայաստանի իշխանությունների անելիքը այս դեպքում միջազգային հանրության հետ զուգահեռաբար Արցախի մեր հայրենակիցների իրավունքների մասին խոսելն է և հնարավորության դեպքում՝ այդ իրավունքները պաշտպանելը։ Բայց հասկանալի է, որ այս պահին խոսքը չի գնում ինքնորոշման իրավունքի, իրենց պետությունում ինքնավարության կարգավիճակի կամ նման հարցերի վերաբերյալ»։
Ուշագրավ է, որ Եվրոպայում նման զարգացումներին զուգահեռ, հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն էլ առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների աշխատակազմերի ներկայացուցիչների հետ։ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․մեջբերում․
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթացները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Մակունցը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես ուղի, որը կսահմանի ավելի կայուն ու վստահելի միջավայր երկու երկրների միջև»։
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունների առումով պետք է իրատես լինել՝ սա ՀՀ նախագահի մոտեցումն է։ Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է:
«Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա նշանակում է, որ իսկապես գնահատենք այն իրավիճակը, որում հիմա մենք կանք»,-օրեր առաջ ընդգծել է նախագահը։
Որոշ փորձագետներ կարծում են, որ նման ակտիվ նախաձեռնությունները կարող են նպաստել տեղահանված արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին, իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կօգնի ձևավորել ամուր հիմք՝ երկարաժամկետ խաղաղության համար։




