
Իրավապահ համայնքը վերապահումներ ունի նախօրեին Խորհրդարանական լսումների ժամանակ քննարկված հարցերից մի քանիսի վերաբերյալ։ Վերապահումները հատկապես խիստ են Զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրության առնչությամբ։
Իրավապահ կառույցների ղեկավարները նշել էին, որ մահվան դեպքերը բացահայտվում են արագ և լիարժեքորեն։ Այս հայտարարությունն արձագանքելով՝ իրավապաշտպանները հիշեցնում են չբացահայտված բազմաթիվ դեպքերի մասին։
Բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերով զբաղվող իրավապաշտպանները դժգոհում են՝ ներկա չեն եղել Հայաստանում հանցագործությունների քանակի ու պատճառների վերաբերյալ նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը։ Հիշեցնենք՝ դրա ընթացքում Քնչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ բոլոր դեպքերը գրեթե 100 տոկոսով բացահայտվում են ժամերի ընթացքում․
«Ինչ վերաբերում է բացահայտելիության մակարդակին, ապա բանակում, այն էլ մահվան դեպքով գործերը, գրեթե 100 տոկոսանոց բացահայտելիություն ունեն։ Ընդ որում այդ բացահայտումները տեղի են ունենում դեպքից հետո օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում»։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վիճարկում է այս հայտարարության ճշմարտացիությունը։ Ծանուցված չեն եղել, չեն հրավիրվել քննարկմանը՝ ասում է, արդյունքում բարձրաձայնված մտքերին հակադարձելու հնարավորություն ևս չեն ունեցել․
«Ենթադրում եմ, որ ամբողջ նպատակը հետևյալն էր՝ ստեղծել տպավորություն, որ տեղի է ունենում շատ լուրջ, խորքային քննարկում, այնինչ հիմնական դերակատարները, խաղացողները, էքսպերտային համայնքը, որը ձեռքի վրա ունի կոնկրետ գործեր, տասնյակներով գործեր և կարող էր շատ կոնկրետ, տասնյակներով, հարյուրներով բերել օրինակներ, թե ինչ է տեղի ունեցել վարույթի ժամանակ, ինչպիսի վերահսկողություն չակերտավոր իրականացրած դատախազությունը էդ մարդկանցից և ոչ մեկը ներկա չի եղել»։
Մի շարք աղմկահարույց գործերով տարիներ շարունակ մնում են չբացահայտված՝ ասում է իրավապաշտպանը։ Զոհվածների հարազատներն այդ գործերի քննության վերաբերյալ բազմաթիվ վերապահումներ ունեն, որոնք ոչ միայն էմոցիոնալ, այլ փաստական հիմնավորումներ ունեն։ Նինա Կարապետյանցը չբացահայտված գործերից միայն մեկն է մատնանշում․
«Մեր կազմակերպությունը երկար ժամանակ զբաղվում է խաղաղ պայմաններում սպանված զինվորների, այսպես կոչված «Սևազեստ մայրերի գործերով»։ Վարչապետը ստիպված եղավ վարչապետին կից հանձնաժողով ստեղծել, որը քննեց էդ գործերը։ Այդ հանձնաժողովը ղեկավարում էր ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, հանձնաժողովը քննած գործերից յուրաքանչյուրով մինչև 150 էջ ոչ թե զանցանքներ, ոչ թե բացթողումներ, ոչ թե վրիպակներ, այլ 150 էջ յուրաքանչյուր քննված գործով արձանագրել է հանցագործություններ՝ անուններով, կատարողներով, քննիչներով, դատախազներով, դատավորներով, փորձագետներով։ Տիկին Վարդապետյանը խոստացավ, որ իր հետ կտանի դատախազություն, էդ խնդիրները կլուծեն։ 3-րդ տարին արդեն էս գործերը իր վարույթում են գտնում՝ որպես վերահսկող դատախազ, և որևէ շարժ էդ գործով չկա»։
Դատախազ Աննա Վարդապետյանը բացահայտումների քանակին ու արագությանը չի անդրադարձել, սակայն տեղեկացրել է՝ 2024-ի մեկնարկից մինչ այս պահը զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26-ն է․
«6-ը սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար։ Ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու 5 դեպք ունենք, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու մեկ դեպք ունենք, թռչող սարքերի կամ թռիչքի նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու 2 դեպք ունենք, դժբախտ պատահարի մեկ դեպք և հիվանդության 3 դեպք»։
Տարբեր գերատեսչություններ ու իրավապաշտպան կազմակերպություններ կարող են խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի տարբեր վիճակագրություն ներկայացնել։ Աննա Վարդապետյանն ասում է՝ դատախազության տվյալները վերաբերում են միայն հանցագործության արդյունքում առաջացած մահերին։
Մահվան դեպքերից երկուսը միայն վերջին 10 օրում են գրանցվել։ Հոկտեմբերի 13-ին ՊՆ-ն հայտարարեց, որ հայտաբերվել է ժամկետային զինծառայող Աղասի Դալլաքայնի դին, հոկտեմբերի 6-ին մեկ այլ զորամասում հայտնաբերվել էր Վահե Հարությունյանի դին։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հատկապես մտահոգիչ են ինքնասպանության դեպքերը․
«Զորամասերում նայողների ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել, և դա ոչ միայն մտահոգիչ ա, դրա լուծումները գտնելը մեր բոլորի առաջնահերթ նպատակներից մեկն է»։
Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ խնդիրը Զինված ուժերով չի սահմանափակվում։
«Մենք քաղաքացիական կյանքում ունենում ենք շատ ինքնասպանություններ, ունենում ենք շատ դժբախտ պատահարներ, չգիտեմ ինչի այդ մասին չեք խոսում, այդ ինքասպանությունների պատճառների և այլնի մասին»։
Պատգամավորը վստահեցնում է, որ բանակում մեծ աշխատանքներ են կատարվում, սակայն շարունակում է սուր մնալ պրոֆեսիոնալ կադրերի պակասը։




