ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պարտադրելով հեռանալ՝ Ադրբեջանն էթնիկ զտում է իրագործել․ Բեռնար Կուլի

Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, Բելգիա-Հայաստան առևտրային պալատի պատվավոր նախագահ Բեռնար Կուլին ավելի քան 30 տարի ուսումնասիրում է հայկական ձեռագրերը։ Եղել է աշխարհի հայագիտական խոշոր կենտրոններում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի հայոց պատրիարքարանում, նաև քիչ հայտնի ու մասնավոր գրադարաններում։

Լյուվենի համալսարանի պրոֆեսոր, Բելգիա-Հայաստան առևտրային պալատի պատվավոր նախագահ Բեռնար Կուլիի հետաքրքրությունը հայկական ձեռագրերով արդեն 30 տարվա պատմություն ունի։ Երիտասարդ տարիքում նրան գրավել են հայերենը, հայ ժողովրդի պատմությունն ու հայկական բնաշխարհը։ Սկսել է զբաղվել հայագիտությամբ։ Ուսումնասիրության հիմնական թեման հին հունարենից հայերեն թարգմանություններն էին, զուգահեռ գրաբար էր դասավանդում Լյուվենի համալսարանում։

«Ես հետաքրքրված եմ տեքստերով, դրանց լեզվով, բովանդակությամբ, պատմական միջավայրով։ Իմ ուսումնասիրած բոլոր տեքստերը մեզ են հասել ձեռագրերի միջոցով։ Հայկական ձեռագրերը պահվում են ոչ միայն Երևանում՝ Մատենադարանում, այլև ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով սկսեցի ձեռագրեր փնտրել ամենուր»։

Հայկական ձեռագրերի հետքերով Բեռնար Կուլին եղել է աշխարհի հայագիտական խոշոր կենտրոններում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի հայոց պատրիարքարանում, նաև քիչ հայտնի ու մասնավոր գրադարաններում։ Տասնամյակների ուսումնասիրության արդյունքում մոտ 34 հազար ձեռագիր է գտել։

Բելգիացի պրոֆեսորն ասում է՝ սիրահարված է Հայաստանին, և բոլորը գիտեն դրա մասին: Հայաստանում ու Արցախում տասնյակ անգամներ է եղել, տարբեր լսարանների համար դասախոսություններ է  կարդացել Արցախյան հակամարտության  մասին:

«Շատ հարցեր եմ ստանում, նույնիսկ մի քանի օր առաջ մի ուսանողուհի, որը բոլորովին այլ համալսարանում է սովորում, նամակ էր գրել, որ տեղեկություններ տրամադրեմ Արցախի մասին, բացատրեմ,  թե ուր են տանում այս կոնֆլիկտի արմատները։ Այդ աղջնակը վավերագրում է Արցախում տեղի ունեցած ողբերգության հետևանքները»։

Այսօր Հայաստանը դժվարին ժամանակներ է ապրում,  հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում ՝ ասում է Կուլին։

«Իհարկե, Բելգիայում ու Եվրոպայում կա այն մտածելակերպը, որ Ղարաբաղը հայկական է ու ենթարկվել է էթնիկ զտման։ Բայց դա չի նշանակում, որ նրանք կօգնեն Հայաստանին, քանի որ այստեղ կա շահերի բախում ՝Ադրբեջանի գազը և այլն։ Ցավոք, արձանագրում են ու անցնում են առաջ»։

Պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ադրբեջանը, ստիպելով ու պարտադրելով Լեռնային Ղարաբաղի հայերին հեռանալ, էթնիկ զտում իրագործեց ու ազատեց Լեռնային Ղարաբաղի տարածքները հայերի պատմական և հազարամյա ներկայությունից:

«Պատմությունը մեզ համար ցուցիչ է, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն զիջումից հետո ունենալու են նոր պահանջներ: Հայաստանը բարդագույն վիճակում է»։

Բեռնար Կուլին համոզված է, որ Արցախում շարունակվել է դարասկզբին Թուրքիայի իրագործած  Ցեղասպանությունը, որւ պատմականորեն ապացուցված փաստ է:

«Իմ անձնական կարծիքն է, որ 10 կամ 20 տարի հետո Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը, բայց այստեղ ամբողջ աշխարհն ու դեմոկրատիական երկները պետք է պարտադրեն Թուրքիային, որ ճանաչի,բայց այստեղ էլ կան աշխարհաքաղաքական շահեր»։

Իսկ արդյո՞ք եվրոպական ընտանիքը պատրաստ է հյուրընկալել Հայաստանին։ Պրոֆեսորի դիտարկմամբ՝  ինտեգրումն այնքան արագ չի լինի, որքան ակնկալվում է, բայց կարևոր է, որ Հայաստանի՝  եվրոպական ուղղությամբ շարժումն արդեն սկսվել է։

Կարդացեք նաև

Back to top button