ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կստեղծվի սոցիալական աջակցության ոլորտը վերահսկող տեսչական մարմին

ԱԺ-ն օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունել է սոցիալական աջակցության և հարակից օրենքները փոփոխելու մասին օրենսդրական փաթեթը։ Դրանով առաջին անգամ կարգավորվելու է սոցիալական աջակցության ոլորտը, ստեղծվելու է ոլորտը վերահսկող Տեսչական մարմին և խստացվելու է սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների գնահատումը, իսկ վերապատրաստման հավաստագիր չունենալու դեպքում նրանք կազատվեն աշխատանքից։

Վերջին 4 տարիների ճգնաժամային իրավիճակները, պատերազմը, արցախցիների բռնի տեղահանությունն ու Լոռու մարզի ջրհեղեղը փաստեցին, որ սոցիալական աջակցության ոլորտը բարեփոխելու լուրջ կարիք ունի։ Ոլորտը կարգավորող նոր օրենքով՝ առաջին հերթին հստակեցվում են հրատապ արձագանքի ենթակա իրավիճակները, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց արագ արձագանքելու գործիքակազմը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շեշտում է՝ առաջին անգամ է, որ օրենքով հստակեցվում են նաև սոցիալական աշխատողների մասնագիտական որակները, սոցաջակցությամբ զբաղվող ՀԿ-ներն ու այլ կազմակերպությունները բերվում իրավական դաշտ, իսկ աջակցության 4 ուղղություն պարտադիր վերահսկելու է ստեղծվելիք Տեսչական մարմինը․

 «Այս պահին գործող համակարգերում կան մոնիթորինգի գործառույթներ, բայց ինքնին տեսչական վերահսկողություն նախատեսված չէ։ Մենք 4 ծառայությունների՝ առաջնային կարիքներին վերաբերող ծառայությունների մասով նշել ենք, որ պետք է որակի չափորոշիչներ սահմանի նախարարությունը, և որի նկատմամբ տեսչական վերահսկողություն կլինի, այսինքն՝ անկախ նրանից, ով կմատուցի ծառայությունը, եթե դա խնամքի ծառայություն է, սոցիալական բնակարանային ապահովման ծառայություն է, ժամանակավոր օթևանի ծառայություն է և սննդի տրամադրման ճաշարանային ծառայություն է, պարտադիր կվերահսկվի»։

Սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մասնագետ, «Փոփոխություն» ՀԿ-ի համահիմնադիր Գոհար Խաչատրյանը նկատում է՝ օրենքը համակարգային փոփոխություններ կբերի, բայց մի քանի կարևոր սահմանումների տարրընկալումներ դեռ կան։ Օրինակ՝ հստակ չէ, թե սոցիալական աշխատողներն ինչպե՞ս պետք է ապահովվեն աջակցության կարիք ունեցող կամ պարզապես սոցիալական աշխատողին դիմած անձանց տեղեկատվության գաղտնիությունը։

Սոցաշխատանքի սահմանման մեջ, նրա կարծիքով, բացթողումներ կան․

«Որքան էլ սոցիալական աշխատանքի միկրոմակարդակը, այսինքն՝ անհատի, ընտանիքի ու համայնքի հետ աշխատելու մակարդակը ներկայացված է սոցիալական աշխատանքի սահմանման մեջ, այնուամենայնիվ, սոցիալական աշխատանքի հիմնական նպատակը, այն է՝ սոցիալական փոփոխության իրականացումը և սոցիալական զարգացումը, հիմնական սահմանման մեջ ներառված չէ։ Ինչո՞ւ է կարևոր սա ներառել, որովհետև սոցիալական աշխատողները շատ լայն տիրույթում են աշխատում՝ ոչ միայն անհատների ու համայնքերի հետ, այլև քաղաքականության մակարդակում փոփոխություններ բերելու շուրջ»։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նոր օրենքում այնքան էլ հստակ չէ, թե համայնքային իշխանություններն ինչպես և ինչքանով կարող են ներգրավվել սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում՝ ասում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ  ներկայացուցիչ Քրիստինա Հովհաննիսյանը։

«Ինչպե՞ս ՏԻՄ-երը, մարզային իշխանությունները պետք է պրոցեսում ներգրավված լինեն, որպեսզի ոչ վերածածկ տեղի ուննենա։ Եթե խոսում ենք պրոցեսի մասին, և նաև ծառայություննների տրամադրման մասով, վերածածկ տեղի չունենա, որովհետև և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն է տրամադրում որոշակի ծառայություններ պատվիրակման միջոցով ՀԿ-ներին և ըստ օրենքի նոր նախագծի՝ կան դրույթներ, որ համայնքը ինքը կարող է տրամադրել ծառայություներ և ինքն է որոշում առաջնահերթությունները։ Կարծում եմ՝ հստակեցման կարիք կա»։

Աննա Ժամակոչյանն արձագանքում է՝ օրենքը դեռ լրամշակվում է, բարձրաձայնած խնդիրներից մի քանիսն արդեն ներառված են։ Նա ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ որոշ համայնքներում սոցիալական հաղորդակցություն գրեթե չկա, բռնության, մանկապղծության վերջին աղմկոտ դեպքերն ապացուցում են՝ մարդկանց սովորաբար չի հետաքրքրում միմյանց ապրելու պայմանները․

«Տեղի է ունեցել այնպիսի փոփոխություն, որ հաճախ խզվածքներ կան սոցիալական միջավայրերում, համայնքներում, կան համայնքներում իրավիճակներ, որ կարող են լինել մարգինալացված ընտանիքներ, որոնց մասին բավարար տեղեկություն չունի համայնքը կամ բավարար ուշադրություն չի դարձրել, իսկ սա, մեր կարծիքով, առաջնային խնդիրն է․ համայնքն իր բոլոր խնդիրները պետք է հստակ իմանա, հատկապես այսպիսի խնդիրները»։

Կխստացվի նաև սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների գնահատումը, նրանք եռամյա պարբերականությամբ կհանձնեն նոր թեստեր ու կհավաստագրվեն։ Հավաստագիր չունենալն աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք կդառնա։ Եթե ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունի օրենքը, այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի փուլերով՝ 2 տարվա ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button