ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Էլեկտրոմոբիլները կշարունակեն ներմուծվել առանց մաքսային, ավելացված արժեքի և ուտիլիզացիոն հարկերի

2024-ի ընթացքում ամեն օր Հայաստան է մտել մոտ 22 էլեկտրոմոբիլ։ Այսպես հոկտեմբերի 1-ի դրությամբ սպառվել է էլեկտրոմոբիլների այն թիվը, որի համար պետությունը կարող էր ապահովել մաքսային տուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Կառավարությունն այսօրվա որոշմամբ վերանայել է որոշումը և բացել մինչև տարեվերջ ևս 600 էլեկրոմոբիլ արտոնյակ պայմաններով ներմուծելու հնարավորությունը։

«2023-ի նոյեմբերի 24-ի նոյեմբերին ԵՏՄ Խորհրդի որոշմամբ 2024-25 թթ համար ՀՀ-ն ստացել է 8000 ական էլեկտրոմոբիլներ առանց մաքսատուրքի ներմուծելու հնարավորություն և 2023-ի դեկտեմեբրի 28-ին կառավարությունը որոշում է ընդունել 24 թվականի համար նախատեսված 8000 մեքենաներից բաշխել 7400-ը, իսկ 600-ը պահել, որ այն ընկերույթունները, որոնք դիստրիբուտական պայմանագրի հիման վրա են կատարում ներմուծումներ պաշտոնական ներմուծողներից, իրենց ապահովագրենք ու կարողանան անխոչընդոտ ներմուծում կատարել»,- մանրամասնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախկինում երբեք էլեկտրոմոբիլներով հետաքրքրվածությունն այս մակարդակի չի եղել՝ պարզաբանում է Պապոյանը, տարեկան մի քանի տասնյակ մեքենաների ներմուծումը որպես օրինակ ունենալով՝ Կառավարությունը կայացրել է այս որոշումը։ Սակայն այս տարի հոկտեմբերի 1-ին արդեն 7400 մեքենաների սահմանաչափը հատվել է։ Ակտիվությունը պատճառ է դարձել, որ որոշումը վերանայվի և 600 մեքենաների համար «պահված հնարավորությունը» բացվի։

Մինչև տարեվերջ այս արտոնությունից կկարողանան օգտվել այն վարորդները, որոնք շուտ կհասնեն մաքսային կետ։ Հերթը պահպանվելու է այս տրամաբանությամբ։ Բայց Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ այլ արտոնություններ ևս կան․

«2-3 տարի առաջ մենք որոշում կայացրեցինք և էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի արտոնություն սահմանեցինք: Այսինքն՝ սովորաբար, այդ թվում՝ էլեկտրոմոբիլներ ներմուծելիս, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է վճարի և՛ ավելացված արժեքի հարկ՝ ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով, և՛ մաքսատուրք՝ ձեռքբերման գնի 15 տոկոսի չափով: Մենք կայացրեցինք որոշում, որ ավելացված արժեքի հարկ չենք գանձում էլեկտրոմոբիլների ներմուծման պարագայում: ԵԱՏՄ ֆորմատով սահմանված 8000 քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիները, էլեկտրոկան շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս, կրկին ավելացված արժեքի հարկ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարևոր նրբություն է, քանի որ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո, էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար արտոնյալ պայմանները չեն վերանում, չեն զրոյանում»։

25 թվականի հունվարի 1-ից կրկին 8000 էլեկտրոմոբիլ առանց մաքսային տուրքի ներմուծելու հնարավորություն կտրվի։ Կառավարությունը ենթադրում է, որ այս ակտիվության պահպանման դեպքում հաջորդ տարի սահմանաչափը կսպառվի օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին։ Այնուամենայնիվ էլեկտական շարժիչով մեքենաներ նախընտրողների համար դեռ կգործի ևս մեկ արտոնություն, որի մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է պատմում․

«Գլոբալ իմաստով մենք ևս մեկ լուրջ արտոնություն ունենք։ Քիչ երկրների շարքում ենք, որ ուտիլիզացիոն տուրք չենք սահմանում, ինչը բավականին լուրջ խթան է։ Ես կարծում եմ՝ հետ-առաջ պետք է սահմանել, քանի որ այս մեքենաների ուտիլիզացման ծախսը շատ ավելի բարձր է, քան տրադիցիոն մեքենաների, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ արտոնյալ երկրների շարքում մենք ամենաշատ արտոնություններն ենք ապահովում, որ էլեկտրոմոբիլների թիվը մեծանա Հայաստանում»։

Հարցն այն է, որ այս մեքենաների շարժիչներն ունեն որոշակի «պահպանման ժամկետ», որից հետո դրանք ոչնչացնելու անհրաժեշտություն է առաջանում։ Այժմ դա արվում է կառավարության՝ կոշտ թափոների կառավարման ռազմավարության շրջանակում։ Սակայն մեքենաների ավելացմանը զուգահեռ այս գործի համար ավելի շատ ռեսուրս է պահանջվելու։

Սա նվազեցնելու կամ հետաձգելու համար քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ արտոնությունները տրամադրվեն միայն նոր՝ մինչ 2 տարի առաջ արտադրված էլեկտրոմոբիլներ ներմուծելու համար։

Կարդացեք նաև

Back to top button