ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թերլիցքավորում կամ անորակ վառելիք. ընտրության ի՞նչ տարբերակներ ունեն վարորդները

Վարորդները շարունակում են դժգոհել լցակայաններում վառելիքի տարբեր տարբեր տեսակների թերլիցքավորումից: Մարդիկ չեն վստահում լիցքավորման կետերին և դրա համար հիմքեր ունեն՝ նկատում են սպասռողների և վարորդների իրավունքների պաշտպանները։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում ընդունում են՝ խախտումները շատ են, բայց նաև հավաստիացնում են՝ ահազանգերն անարձագանք չեն մնում։

Վերջին շրջանում հաճախակիացել են բողոքները լցակայաններում դիզվառելիքի, բենզինի և գազի լիցքավորումից։ Ահազանգերը շատ են, խնդիրը՝ չլուծված։ Լցակայաններում միշտ չէ, երբ կարող ես վստահ լինել, որ մեկ լիտրը իրականում մեկ լիտր է։ Այն, որ ոլորտում ոչ բոլոր տնտեսվարողներն են բարեխիղճ, նաև վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատորովն է արձանագրում։ Իսկ բողոքները, ըստ նրա, նոր չեն ավելացել։ Դրանք միշտ են շատ եղել։

«Պետության կողմից այդ շուկայում որակյալ վերահսկողություն, որակի վերահսկողություն, գնի և թերլիցքավորման վերահսկողություն կարելի է ասել՝ չկա։ Այս շուկայում այդ ավանդույթը տարիների պատմություն ունի։ Եթե մի քանի լցակայան իրար մոտ են գտնվում, եթե մեկը պայմանական գինը սահմանում է 100 դրամ, մյուսը սահմանում է 95 կամ 90 դրամ։ Թվում է, թե մրցակցություն է, բայց դրա արդյունքում որակն է տուժում, հետևաբար նաև սպառողը»։

Լցակայան մտնող վարորդը ոչ մի վստահություն կամ երաշխիք չունի, որ իրեն չեն խաբելու թե՛ որակի առումով, թե՛ քաշի։

«Օրինակ՝ հայտարարված է Ա 95 մակնշման բենզին։ Դուք չեք իմանում, դա իրականում ինչ բենզին է, և արդյո՞ք ճիշտ քանակությամբ են լցնում։ Եվ դա համատարած է։ Միասնական կանոն ու պետության կողմից արդյունավետ վերահսկողություն չկա։ Այո, ահազանգ լինում է, լինում է նաև գնում, տուգանում են, բայց տուգանվելուց և վերաբացվելուց հետո ավելի շատ են խաբում, որ կարողանան ծախսը հանել»։

Այո, ոլորտում ոչ բոլոր տնտեսվարողներն են բարեխիղճ՝ արձանագրում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ Նրանց մի մասը խաբում է կշռով, մյուսներն էլ որակով։

Բայց դա չէ ամենամտահոգիչը. «Մենք տեսնում ենք, որ կա մշտական դժգոհություն, իսկ պետական կառույցները, բացի խոսելուց, գործուն քայլեր չեն անում։ Եթե մենք գործուն քայլեր չձեռնարկեցինք, այս խնդիրները չեն լուծվելու։ Խոշոր լցակայանի համար անգամ մեկ մլն դրամի տուգանքը ոչ մի բան է։ Եթե դու իրական գործիքներ չես մշակում, որ դառնան բիզնեսի համար սանկցիոն, ուրախ զվարթ 1 մլն-ի փոխարեն 10 մլն էլ կվճարեն»։

Գազի ու բենզինի լցակայաններում թերլցումների մասին բողոքներ տեսչական մարմնում էլ են շատ ստանում։ Խնդիրները բացառելու համար տնտեսվարողների առջև օրենքով նոր պահանջ է դրվել՝ նրանք պարտավոր են վառելիքաբաշխիչ աշտարակներում նոր սարք տեղադրել։ Ըստ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի՝ դա թույլ կտա տեղում արձանագրել լիցքավորված գազի ու բենզինի ծավալը, բացառել անհարկի միջամտությունները, հետևաբար նաև՝ թերլցումները: Բողոքների հետքերով գնում են, բայց ոչ միշտ են խախտումներ արձանագրում։ Պլաստմասսայե շշերի ծավալը, որոնցով հաճախ քաղաքացիներն իրենք են փորձում չափել գնած վառելիքը, պարզվում է՝ կարող է նաև խաբուսիկ լինել։

«Այդ կապրոնե շշերը թե՛ եղանակից, թե՛ ջերմությունից անընդհատ դեֆորմացվում են։ Օրինակ, ես վստահ չեմ՝ այդ շիշը իրո՞ք մեկ կամ հինգ լիտրանոց է։ Ինձ մեկ-մեկ նկարներ են ուղարկում, որ 6 լիտրանոց շիշը լիցքավորելուց հետո 10-12 սմ պակաս է կափարիչից, և քաղաքացիներն ասում են՝ թերլիցքավորում է։ Ասում եմ, ժողովուրդ, եկեք հստակ հասկանանք՝ արդյո՞ք այդ 6 լիտրը իրականում 6 լիտրանոց է։ Մեր չափիչ սարքերը հիմնականում լինում են կամ մետաղական կամ ապակե, որպեսզի ժամանակի ընթացքում չդեֆորմացվեն, չլայնանան կամ չփոքրանան»։

Սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը չի բացառում, որ պլաստմասսայե տարաները, իսկապես, կարող են իրական ծավալը ցույց չտալ, բայց այլ հարց է, երբ լցակայաններից ռեալ դժգոհություններ կան, իսկ տեսչականն ամեն պատճառաբանություն կարող է գտնել այդ բողոքը հիմք չընդունելու համար։

«Մի անեկդոտ կա․ մեկին դատում են, որովհետև 30 հոգի տեսել է, թե ինքը ինչպես է գողություն անում։ Ասում է՝ ուզում եք 1500 հոգի բերեմ, որ չի տեսել։ Եթե տեսչականն առաջնորդվում է ոչ թե 30 տեսածով, այլ 1500 չտեսածով, մենք ունենում ենք այն, ինչ ունենք։ Ես կարող եմ ցույց տալ տեսչականին ուղարկված բողոք, որը տեսչականը մեկնաբանում է՝ բողոքի կարգն ամբողջությամբ պահպանված չէ։

Միգուցե մերժելու տեսական հիմք ուներ, բայց չմերժելու հիմք էլ ուներ։ Եթե իրենց պետք է դիտարկել դա ահազանգ, դիտարկում են»։

Տեսչական մարմնում հավաստիացնում են՝ տնտեսվարողների չարաշահումների մասին քաղաքացիների բողոքներն անարձագանք չեն մնում։ Ավելին՝ ոչ բարեխիղճ տնտեսվարողներին զսպելու համար թերլցումների դեպքում սկսել են կիրառել նույնիսկ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ, որը ոչ այնքան սպառողներին զգուշացնելու, որքան տնտեսվարողի վրա ազդելու գործիք է։ Սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանն այս քայլը ողջունում է, բայց, ասում է՝ տնտեսվարողներն անգամ դա են շահարկում, կրկին փորձելով մոլորեցնել սպառողներին։  

Կարդացեք նաև

Back to top button