ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Խաղաղության պայմանագրի» նախագիծը կարող է դատարան հասնել․ կողմերը ՀՀ վարչապետը և ընդդիմությունն են

Խորհրդարանական ընդդիմությունը դատական հայց է պատրաստում ընդդեմ կառավարության, ավելի կոնկրետ՝ ընդդեմ վարչապետի՝ Ադրբեջանի հետ մշակվող «Խաղաղության պայմանագրի» նախագծին ծանոթանալու արգելքի համար․ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Որևէ օրենք, որևէ իրավական ակտ դուք չեք մատնանշում։ Դուք դրա իրավունքը չունեք ուղղակի, որ արգելեք»։

Խաղաղության բանակցությունների սկզբնական փուլում գաղտնի փաստաթղթին ծանոթանալու իրավունք ունեցող պատգամավորներին հնարավորություն տրվել էր ուսումնասիրել մշակվող նախագիծը, բայց որոշ ժամանակ անց՝ արգելվել։ Վարչապետ Փաշինյանը հաստատեց, որ այդ որոշումն իրենն է․

«Ես իմ անձնական որոշմամբ այդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք այդ թղթերին։ Այդ թղթերին ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում իրականության հետ բացարձակ կապ չունեցող ինչ-որ գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել։ Ես էլ արգելել եմ։ Լավ եմ արել, որովհետև, ասենք՝ դուք գնաք տեքստը կարդաք, գաք, տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ այսպես սուսուփուս նստե՞նք։ Ո՞րն է այդտեղ տրամաբանությունը։ Դատի եք տվել, լավ եք արել։ Դատարանը թող որոշի, դատարանի որոշման նկատմամբ էլ մենք էլ մեր դիրքավորումը կունենանք։ Այս երկրում շատ բաներ տեղի են ունենում իմ որոշմամբ այն շատ պարզ հիմնավորմամբ, որ ես ՀՀ վարչապետն եմ»։

Գործադիր իշխանության ղեկավարը չի ընդունում ընդդիմության մեկ այլ մեղադրանքը ևս, թե հանրության թիկունքում որոշումներ են կայացվում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի պահանջը՝ ԱԺ դահլիճում հրապարակել «Խաղաղության պայմանագրի»՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված 13 կետերը, ընդունելի չէ Փաշինյանի համար։

«Այստեղ գաղտնիքի խնդիր չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության հարց կա, որ ես չեմ կարող հիմա պահել այդ թուղթը, ասել՝ առաջին կետում սա է գրած, երկրորդ կետում սա է գրած, երրորդ կետում սա է գրած։ Առնվազն այդ թուղթը երկրորդ շահառու էլ ունի, և միակողմանի այդպիսի բան անելը պարզապես կոռեկտ չէ։ Իսկ մյուս հարցով՝ իմ վերջին ասուլիսում, ՄԱԿ–ի ամբիոնից ունեցած ելույթում, այստեղից ելույթում ամեն ինչը, ըստ էության, հրապարակել եմ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է այդտեղ խոսք գնում, «Խաղաղության պայմանագրի» իրականացման ընթացքը մոնիտորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի մասին է խոսքը, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջներ չունենալու մասին է խոսք գնում և այլն, և այդպես շարունակ։ Այսինքն, ըստ էության, այդ «Խաղաղության պայմանագրի» նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա»։

Ադրբեջանի ղեկավարի հանդեպ կոռեկտության մասին խոսելն ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար հասկանալի չէ՝ հիմք ընդունելով նախորդած ամեն ինչը։  

-Պարոն Փաշինյան, խիստ տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում այն մարդու մասին, ով կոռեկտ չէ ո՛չ մեր ժողովրդի հանդեպ, ո՛չ անձամբ ձեր հանդեպ։ Ի՞նչ կոռեկտություն։ Սատանան մանրուքների մեջ է, և հավանաբար այդ մանրուքներն է, որ բերում են խոչընդոտի, և այդ թուղթը չի ստորագրվում։ Իսկ եթե իմ կարծիքն եք հարցնում՝ ինչպես եմ դա պատկերացնում, պատկերացնում եմ հստակ 13 կետերի հրապարակում և անհրաժեշտության դեպքում նույնիսկ այդ հարցը Հանրաքվեի հանելը։

Պարոն Խաչատրյան, դուք շատ լավ գիտեք, որ նախ՝ 13 չէ, այլ ավելի շատ հոդվածների հրապարակումն այն կողմին, որը չի ուզում ստորագրել «Խաղաղության պայմանագիր», առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը։ Որ ասում եք՝ ոչ կոռեկտ են մեր նկատմամբ, այդ ոչ կոռեկտությունը նպատակ ունի մեզ հավասարակշռությունից հանել, մեր գործողությունները դնել իրենց տրամաբանության և իրենց նպատակադրումների ռելսերի վրա։ Այստեղ անձնական հարց չէ, սա պետական անվտանգային հարց է, և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ։  

Վարչապետի համոզմամբ՝ տարբեր մարզեր այցելելը և մի քանի ժամ շարունակ ասուլիսում տարաբնույթ հարցերի պատասխանելն արդեն նշանակում է, որ հանրությանը ներկայացվում են հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, հետևաբար, Փաշինյանն իրականությանը չհամապատասխանող է համարում պնդումները, թե հանրության թիկունքում որոշումներ են ընդունվում։

Ի դեպ, վարչապետը պատասխանեց նաև Ադրբեջանի հետ արդեն սահմանազատված տարածքներում սեփականության վկայական ունեցող քաղաքացիների սեփականությունն ադրբեջանական կողմին փոխանցելու պնդումներին։ Փաշինյանի խոսքով՝ բոլոր նման դեպքերում  փորձել են գտնել սեփականության վկայականներին առնչվող հիմնավորումներ ու փաստեր, բայց հիմնավոր ապացույցներ այդպես էլ չեն գտել։ Դա է թույլ տալիս ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին հայտարարել, որ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված չի փոխանցվել Ադրբեջանին։

Կարդացեք նաև

Back to top button