ԿարևորՄշակույթ

Երևանի մասին պատմող «Yerevanilla.am» ֆիլմը կներկայացվի հանդիսատեսին

Երևանի մասին պատմող «Yerevanilla.am» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմն արդեն իսկ հայաստանյան կինովարձույթում է։ 

Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 

«Մեր ժամանակների Երևանի, երևանցիների ու մայրաքաղաքի հին ու նոր բնակիչների մասին պատմող ֆիլմաշարը, վստահ եմ, կգրավի կինոսեր հանրության ուշադրությունը` ասելիքի թարմությամբ, անսպասելի լուծումներով և, իհարկե, կյանքի պարզ ու առօրեական դրվագները երևանյան ջերմ ու զգացմունքառատ խորապատկերում նրբանկատորեն վերհանելու` ֆիլմաշարի հեղինակների, ռեժիսորների, ստեղծագործական ողջ թիմի հաջողված աշխատանքի շնորհիվ»,-ֆիլմի մասին նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ 

Ռեժիսորներ՝ Թամարա Աբաջյան, Գևորգ Շարամբեյան, Սերժ Գաբյան, Արամ Շահբազյան, Վահան Գրիգորյան։ Պրոդյուսեր՝ Էդգար Բաղդասարյան։ 

Դերերում՝ Նատալյա Եփրիկյան, Արուսիկ Տիգրանյան, Արամ Կարախանյան, Արթուր Մանուկյան, Անդրանիկ Աբրահամյան և այլք։ 

Հավելենք, որ ֆիլմն ունեցել է հատուկ ցուցադրություն՝ «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում։ 

Կարդացեք նաև

Back to top button