
Արդեն 4 տարի «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամն առաքելություն է ստանձնել կյանքի կոչելու 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը՝ նպաստել Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը։ Հիմնադրամի պատասխանատուները վստահ են, որ հասնելու են այդ նպատակին՝ օրենսդրական բարեփոխումների, մասնագետներ կրթելու ու վերապատրաստելու ճանապարհով։ Բուն առաքելությունից բացի՝ հիմնադրամը նաև կրթաթոշակներով ու կրթական դրամաշնորհներով խրախուսում է բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին ու ուսանողներին, այդ թվում և՝ Արցախից տեղահանված։
Երբ թվում էր՝ երազանքն անկատար է մնալու, ընկերներն ու համախոհները հավաքվեցին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի շուրջ ու որոշեցին կյանքի կոչել բոլոր այն նպատակները, որ ուներ 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանը։ Կլինիկական դեղագետ, գիտնական դասախոս, ռազմական բժիշկ էր Վահեն, որի մեծագույն երազանքն էր մի օր Հայաստանի առողջապահական ոլորտում տեսնել շատ կարևոր ու պահանջված մասնագետների՝ կլինիկական դեղագետների՝ ասում է Վահեի եղբայրը՝ հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը.
«Կլինիկական դեղագետներն ավելի խորը գիտելիքներ ունեն դեղերի փոխազդեցության մասին, որովհետև կան դեղեր, որոնք թանկ են, կան դեղեր, որոնք միասին չի կարելի ընդունել։ Կլինիկական դեղագետը գիտի, ինչպես գտնել լավագույն տարբերակը։ Դա արդյունավետ է և՛ բուժման, և՛ֆինանսների, և ժամանակի տեսանկյունից։ Կլինիկական դեղագետները խնայում բժշկի ժամանակը»։

Կլինիկական դեղագետներ այսօր շատ քիչ կլինիկաներում կան՝ ասում է։ Առողջապահական համակարգում դեռևս չկա այս մասնագիտության կարևորության գիտակցումը, մինչդեռ կլինիկական դեղագետի շնորհիվ ավելի արդյունավետ է դառնում բուժող բժշկի աշխատանքը։ Հիմնվելով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության վրա՝ «Սիվիտա» հիմնադրամի հետ համատեղ հետազոտություն են իրականացրել Հայաստանում կլինիկական դեղագիտության ոլորտի վիճակի վերաբերյալ։ Պարզել են, որ կլինիկական դեղագետի առկայությունը բուժհաստատություններում պարտադիր չէ, աշխատող մասնագետներ չկան: Սարգիսն առանձնացնում է նաև պետական քաղաքականության բացակայությունը։

«3 կարևոր հանգամանք ենք առանձնացրել, որոնք խանգարում են ոլորտի զարգացմանը, 1-ինը՝ կրթական բաղադիչը, 2-րդը՝ տեղեկատվության պակասը, 3-րդը՝ պետական քաղաքականության բացակայությունը։ Ես պիտի ոգևորությամբ ասեմ, որ մեր առողջապահական համակարգում կա էդ գիտակցումը ոլորտի կարևորության պահով։ Ես լիահույս եմ, որ մասնավոր ու պետություն ճիշտ համագործակցության արդյունքում մենք ևս ունենալու ենք առողջապահության համակարգի էդ կարևորագույն օղակի զարգացումը, որը շատ կարևոր է նաև հանրային առողջության տեսանկյունից»։
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը նաև ուսման առաջավորների կողքին է։ Կրթաթոշակներ է սահմանել բոլոր նրանց համար, ովքեր աչքի են ընկնում ուսման մեջ։ Անվանական կրթաթոշակներով փորձում են խրախուսել հատկապես ապագա դեղագետներին՝ կրկին ընդգծելով ոլորտի կարևորությունը։ Աջակցության ձեռք են մեկնում նաև ուսման վճարների տեսքով՝ հատկապես սոցիալական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների ուսանողներին։ Սարգիս Մելիքսեթյանն ասում է՝ ուսման վճարների հարցում աջակցում են նաև կրթությունն Արցախում կիսատ թողած ու Հայաստան տեղափոխված ուսանողների։

«Եթե ուսման վարձի ֆինանսավորում ենք իրականացնում, առաջնահերթություն ենք տալիս դեղագիտության ոլորտին։ Սյս տարի ևս մրցույթ ենք հայտարարել անվանական կրթաթոշակի՝ ուսման վարձի փոխհատուցման տեսքով՝ 2 ԲՈւՀ-երի համար է՝ Պետական բժշկական համալսարանի և Պետհամալսարանի ֆարմացիայի ինստիտուտի։ Անցած սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած դեպքերով պայմանավորված՝ մեր ամփոփիչ բարեգործական հասույթը Արցախից բռնի տեղահանված 5 ուսանողի ուսման վարձ փոխհատուցեցինք, որոնցից 3-ը բժիշկ էին, 2-ը՝ դեղագետ»։
Գոյության 4 տարիների ընթացքում հիմնադրամն ավելի քան 26 մլն.դրամի կրթական ծրագրեր է իրագործել՝ 50-ից ավելի շահառուների համար՝ ուսման վճարների, կրթական դրամաշնորհների և այլ աջակցության տեսքով: Անցյալ տարի ԱՄՆ-ում 1 դեղագետի վերապատրաստման ծախսեր են հոգացել, այս տարի ևս պատրաստվում են։ Աջակցում են նաև ուսուցիչների։ 4-րդ տարին անընդմեջ հիմնադրամը խրախուսում է նաև Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի աշակերտներին, որի շրջանավարտ է եղել նաև Վահե Մելիքսեթյանը, և որն այժմ նրա անունն է կրում։ Այս տարի 6 աշակերտի խրախուսական կրթաթոշակ է սահմանվել՝ ամսական 20.000 դրամի չափով։ Հաջորդ տարվանից ծրագրել են ընդլայնել աշակերտական կրթաթոշակների աշխարհագրությունը՝ ասում է Սարգիսը։

«Շատ մեծ աջակցություն ունենք մեր ընկերների, բարեկամների, ոլորտի զարգացմամբ հետաքրքրվողների կողմից։ Մեր հանգանակությունները ձևավորվում են և՛ մասնավոր անձանց կողմից, և՛տարբեր կազմակերպությունների։ Նաև տարբեր ֆոնդհայհայթման միջոցառումներ ենք իրականացնում։ Վերջերս բարեգործական ցուցահանդես ենք արել։ Նախատեսում ենք նաև նոյեմբերին բարեգործական համերգ ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի հետ»։

Հիմնական նվիրատուներն այն մարդիկ են, որոնք անմնացորդ հավատում են Վահեի երազանքին։ Նաև բարեգործական ծրագրերից ենք ֆինանսներ հայհայթում։ Օրերս կազմակերպած բարեգործական ցուցահանդեսի ողջ հասույթը դարձյալ հիմնադրամին է ուղղվել։ Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին ընդառաջ՝ նոյեմբերին, բարեգործական նոր ծրագրի են պատրաստվում՝ մտքում Վահեի երազանքներն օրերից մի օր իրագործված տեսնելու հաստատակամությամբ։




