Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: 2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում սկսեց:
Պատերազմը տևեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։
44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3 830 է։
Այսօր Եռաբլուր են այցելել իշխանության, ընդդիմության, նաև Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչները։
Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ հայրենիքի պաշտպանների խնկարկվող շիրիմների մոտ, օրն սկսվում է՝ լի ծանր հիշողություններով ու անսահման ցավով։ 4 տարի անց պատերազմի վերքերը դեռ բաց են, իսկ հիշողություններն՝ թարմ ու անվերջանալի: Ժամանակը չի մեղմացրել կորուստների ցավը։
Այսօր Եռաբլուրում իշխանության, ընդդիմության, նաև Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչներն էին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծում է, որ հենց այս տարածքում է առավել քան կարևորվում անկախ պետություն և հզոր բանակ ունենալու անհրաժեշտությունը։

«Եռաբլուրում պետք է միշտ վերարժևորենք ու վերանայենք մոտեցումները՝ մտածելով ավելի անկախ պետություն, ուժեղ բանակ ունենալու մասին։ Մշտապես, մեր ջանքերում, առօրյայում, ամենուր՝ կրթության, գիտության, բժշկության մեջ, պետք է հիշենք, որ ամբողջությամբ պետք է տրվել ամբողջությամբ պետության հզորացմանը»։
Ոչ միայն հիշատակման, այլև պատասխանատվության օր։ Իսկ պատասխանատվությունը նաև պատերազմից հետո սկսված գործընթացների մեջ է։ «Եռաբլուրում» ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մասին։ Նշում է, որ սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա։
«Ես վստահեցնում եմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է։ Եթե ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք կապը, և որ որևէ հակասություն չկա գործընթացում»։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով սկսվել է Արցախի ճակատագրի կանխորոշման գործընթացը։
«Նրանց շնորհիվ հնարավոր է եղել կանխել պատերազմի առավել աղետալի հետևանքները։ Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը: 2023 թվականին կատարվածը ես համարում եմ դրա հետևանքը»։
Արցախի նախկին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շեշտում է՝ Արցախի հարցը պետք է պահել օրակարգում։

«Արցախի թեման տաք պետք է պահել, ես մեր բոլոր պատգամավորներին խորհուրդ եմ տալիս, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հիմա չկա 5 խմբակցություն, բոլորը մի խմբակցություն են՝ Արցախի ժողովրդի խմբակցությունը»։
Անդրադառնալով այս ընթացքում ադրբեջանական կողմից հնչող տարածքային տարբեր պահանջներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք է հայտնում, որ սահմանազատման գործընթացն ու դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան: Հարցին, թե Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրն արդյո՞ք շոշափվել է, փոխվարչապետ պատասխանում է:
«Ես չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ հիմա չեմ տալու»։
Այսօր Եռաբլուրում հնչած յուրաքանչյուր խոսք հիշեցում է, որ պատերազմի ցավը դեռևս թարմ է։ Իսկ օրը ոչ միայն սգի, այլև պատասխանատվության օր է՝ կառուցել ավելի հզոր և անկախ հայրենիք։




