
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի է ունեցել «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Եռաբլուր» զինվորական պանթոնում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր։ Օծման կարգը կատարել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախյան պատերազմներում զոհված տղաներից շատերի աճյունները մնացին Արցախում, մարմիններն անգամ չգտնվեցին։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր հայրենակիցներից շատ ենք լսել «Լացելու տեղ անգամ չունենք…» արտահայտությունը։

Հուշակոթողի կառուցուման վայրի ընտրությունը պատահական չէ: Վերջին մեկ տարում Եռաբլուրն է դարձել արցախցիների հավաքատեղին։
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան. «Մեր արժանապատվությունը և համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է։ Այսօր Արցախը գերությունից ազատելու համար ինքներդ մտածեք՝ ինչ է պետք, որպեսզի նորից վերականգնվի այդ արժանապատվությունը՝ հայի ու քրիստոնյայի։ Իմ թիկունքին երկու դրոշ է՝ Հայաստանի և Արցախի, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլև կարողանա իր առաքելությունն իրականացնել, տեսանելի լինի՝ որպես միակ երաշխավոր Արցախի ժողովրդի իրավունքների»:

Մտավորական, լրագրող Միքայել Հաջիյանն է, որի երկու որդիները զոհվել Արցախյան տարբեր պատերազմներում։ Նրանց մարմիներն այսօր հանգչում են Ստեփանակերտում։
«Ես դիմում եմ այստեղ հավաքվածներին՝ ժողովուրդ ջան, եկեք, անկախ յուրաքանչյուրիս կուսակցական և այլ պատկանելությունից, համախմբված լինենք, եկեք սոցիալական ցանցերը չլցնենք պառակտող նյութերով, եկեք իմանանք, որ միասնաբար միայն կարող ենք իրագործել մեր գլխավոր գերագույն նպատակը՝ Արցախի ազատագրումը և Արցախ մեր արժանապատիվ վերադարձը»:
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանն է: Նա կրտսեր որդուն՝ Ռոբերտին, կորցրել է Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով:
«Եռաբլուրում մենք տանն ենք, այո տանն ենք, որովհետև այստեղ են գտնվում մեր անբաժան մասնիկները, այստեղ են գտնվում մեր հարազատերը, եղբայրները, ամուսինները: «Արցախցիներիս պատուհասած արհավիրքից մեկ տարի անց մեր զավակների ճակատագիրը դեռ անհայտ է։ 2020 թ-ից հետո բախտավոր էին համարվում այն ծնողները, ում երեխաներն ունեին գերեզման, ու այսօր էլ շատ շատերը այդ հնարավորությունը չունեն։ Յուրաքանչյուրս մի երազանք ունի` վերադառնանք մեր երկիր, մենք մեր հերոսներին հայրենիք ենք պարտք»։

Հուշակոթողի նախագծումը վստահվել է արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյաններին: Հուշակոթողի տարածքը 500 քմ է, բուն կոթողը լինելու է 6 մետր բարձրության։ Ճարտարապետի ներկայացմամբ այն պարզ, մինիմալիստական ոճով է կառուցվելու։ «Արցախի կանչ»-ը հնարավորինս նման է լինելու Ստեփանակերտի հուշահամալիրին:




