Մշակութային կամուրջների մասին խոսելիս հաճախ անտեսում ենք այն հանգամանքը, որ այդ կամուրջները կառուցողները մարդիկ են, որոնց նվիրումը արվեստին և մշակույթին հենց պայմանավորում է մշակութային կապերի լինելիությունն ու կայունությունը։
Պերճ Թյուրաբյանն այն նվիրյալներից է, որ իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում գրական և երաժշտական կամուրջներ է կառուցում։
Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում 1950 թվականին։ Սովորել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա ֆրանսիական քոլեջում։ 1965 թվականին ներգաղթել է Հայաստան։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժնում։ ԵՊՀ-ում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ 1960-ական թվականներին Թյուրաբյանը Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի ներկայացուցիչներից էր։ 1987 թվականին աշխատել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրադարանում, որտեղ շարունակել է ուսումը և ստացել է գրադարանագիտության մագիստրոսի կոչում։ Այնուհետև աշխատանքի է անցել Նյու Յորքի Հանրային գրադարանում։
Հեղինակային համերգներ է ունեցել Երևանում, Միացյալ Նահանգների, Կանադայի մի շարք քաղաքներում և Փարիզում։
Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շառլ Ազնավուրի երգերը։ 2010 թվականին Երևանում լույս է տեսել «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը, որում ընդգրկված են Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակները։ Թարգմանել ու կատարել է նաև հայտնի ֆրանսիացի շանսոնիեների՝ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի երգերը։
«Երջանկություն եմ ունեցել անձնապես ծանոթանալ Ազնավուրի հետ, երգել նրա ներկայությամբ։ Առհասարակ, նրա երգերի իմ թարգմանությունների քանակը հասնում է 100-ի։ Հրատարակել եմ նրա 85 և 95-ամյակին նվիրված CD-ալբոմ-գրքույկներ՝ իմ թարգմանությամբ և իմ հայերեն կատարմամբ։ Հիմա նախապատրաստում եմ երրորդը՝ նվիրված 100-ամյակին», — ասում է Պերճ Թյուրաբյանը։
Պերճ Թյուրաբյանը նախատեսում է մի շարք համերգներով հանդես գալ Հայաստանում Շարլ Ազնավուրի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում։