
«Երբ գնում ենք դեպի ձմեռ, օրվա մութ ժամանակահատվածը շատանում է, լուսավորը՝ քչանում, առաջանում են աֆեկտիվ խանգարումներ։ Ախտանիշները կարող են լինել ամենաթեթևներից մինչև ծանր՝ մեզ ծանոթ դեպրեսիվ ախտանիշներ»։
Գարնանը հաջորդում է ամառը, աշնանը հաջորդում է ձմեռը, և թվում է՝ սա ամենապարզ, անկարևոր միտքն է, որ կարելի է բարձրաձայնել։ Բայց պարզվում է՝ միայն այս պարզ շրջափուլերի պատճառով կարող են փրկվել կամ կործանվել մարդկանց ու պետությունների կյանքերը։
«Ոլորտի մասնագետները պնդում են, որ Սիրիական ճգնաժամի կոնկրետ շարժիչ ուժը, որ մասսաներին շարժել է, ոչ թե զուտ քարոզչական հնարքներն են կամ Ասադի քաղաքականությունը, այլ 2007-11 թթ.–ին Սիրիայում անոմալ շոգ եղանակը»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր բացահայտելու ենք եղանակի, մարդու ու պատմության կապը։
***
Կան մարդիկ, որոնց համար «նոյեմբեր» բառն ընդամենը տարվա հերթական ամսվա անուն է։ Եվ կան մարդիկ, որոնք այս պարզ բառը նույնացնում են հերթական «մեծ դեպրեսիայի շրջանի» մեկնարկի հետ։ Մոտավորապես այդ ամսին կյանքը նրանց համար դառնում է ավելի դժվար, երբեմն՝ անտանելի։ Այդ մարդիկ գիտեն՝ գործ ունենք սեզոնային աֆեկտիվ խանգարման հետ, նյարդաբաններն ու հոգեբույժները գիտեն՝ սա թեթևացնելն իրենց գործն է։
Կան դեպքեր, երբ «ձմեռ»-ն ընդամենը տարվա հերթական եղանակի անուն է։ Եվ կան նաև դեպքեր, երբ այդ ձմռան՝ նախորդի համեմատ մեղմ կամ սաստիկ գոյությունը դառնում է արշավանքի ու պատերազմի, պետությունների ստեղծման կամ փլուզման առիթ կամ պատճառ։ Պատմաբանները գիտեն՝ եղանակն ուսումնասիրելն էլ է իրենց գործը։
Այսպես պարզվում է՝ այն, ինչ սովորական է չնկատվելու չափ, կարող է բեկել մարդու ու երկրի կյանքը. մի քանի երանգով մուգ երկինքը, մի քանի աստիճանով ցածր կամ բարձր ջերմաստիճանը կարող է փոխել ամեն բան։ Սակայն ինչի՞ շնորհիվ է եղանակն այսքան ազդեցիկ, ինչո՞ւ են եղանակը, մարդն ու պատմությունն այսքան սերտորեն կապված․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Պատմաբանները վաղուց՝ դեռ 19-րդ դարի վերջից սկսած, իրենց ուսումնասիրություններում ուշադրություն են դարձրել տարբեր բնական երևույթների՝ պատմության ընթացքի վրա ունեցած ազդեցությանը։ 20-րդ դարի 2-րդ կեսին՝ 1960-70-ական թվականներին բնապահպանական շարժումների ընթացքը նոր հայացք է բերել այս ուսումնասիրությունների վրա, ավելի մեծ սիստեմատիկ ուսումնասիրություններ են սկսել կատարվել։ Արդյունքում, ի հայտ է գալիս պատմագիտության մեջ նոր ճյուղ, որը հայտնի է environmental history ձևակերպմամբ։ Այդ գիտակարգը ուսումնասիրում է շրջակա միջավայրի և մարդկային հասարակության փոխհարաբերությունները և այդ փոխհարաբերություններով պատմական ընթացքի փոփոխությունը»։
Պատմաբան Միքայել Մալխասյանը գիտի՝ մարդկությունը խիստ զգայուն բան է և ազդվում է այդ պահին այդ միջավայրում գոյություն ունեցող բոլոր երևույթներից։ Երբեմն այն, ինչ խիստ երկրորդական է թվում, ասենք՝ եղանակը, իրավիճակը փոխում է աշխարհաքաղաքական որոշումներ կայացնողների պլանների ճիշտ հակառակ ուղղությամբ։ Մենք սա ապացուցող դրվագների դեռ կանդրադառնանք, մինչ այդ պատմաբանը պատմում է բնության ստեղծած միջավայրի ու պատմության հարաբերությունների մասին․
«Նեղոսի ավազանում է սկիզբ առել հին եգիպտական քաղաքակրթությունը։ Ինչպե՞ս էր տեղի ունենում Եգիպտոսի քաղաքական միավորումը․ փոքր՝ 40-ից ավելի քաղաք-պետությունները՝ նոմերը, միավորում էին իրենց ուժերը, որպեսզի ավելի խոշոր ամբարտակային հանգույցներ կառուցեին, որպեսզի ջուրը ավելի կառավարելի լիներ, ոռոգման նպատակով ավելի հեռու տեղեր տանեին, անապատային գոտիներում օգտագործեին, հողը դարձնեին մշակելի և դրանով իրենք մի կողմից փոխում էին շրջակա միջավայրի պայմանները, մյուս կողմից հենց նույնը այդ շրջակա միջավայրի ընձեռած հնարավորությունն էին օգտագործում։ Արդյունքում, իրենք ստեղծում էին նոր, արդեն մարդաստեղծ, տեխնածին միջավայր, որը նպաստում էր ավելի խոշոր պետություն ունենալուն»։
Այս դեպքում շրջակա միջավայրը նպաստել է կառուցմանը, ստեղծմանը։ Բայց Միքայել Մալխասյանը պատմում է՝ շրջակա միջավայրն ու եղանակն ավելի մեծ մասշտաբներով ներգրավված են եղել մեծ գաղթի ժամանակաշրջանում Եվրոպայի կյանքի փոփոխության գործում․

«Մասնագետները վերջին 40 տարվա ընթացքում ուսումնասիրություններ են արել, որոնք ցույց են տալիս, որ տեղի է ունեցել բնական պայմանների փոփոխություն, մի բան, որը պետք է արագացներ մարդկանց ձգտումը՝ գնալու ավելի հարավ․ դա ջերմաստիճանի նվազումն էր։ Մի քանի տասնամյակի ընթացքում ջերմաստիճանը կայուն նվազում էր, իսկ այն ժամանակ մարդիկ չունեին տեխնիկա, բնականաբար անգամ մեկ-երկու աստիճանի կայուն փոփոխությունը բերելու էր նրան, որ մարդիկ զգային տարբերություն և տեղափոխվեին հարավ»։
Դասագրքերը հուշում են՝ այդ ժամանակ փոխվել էր սոցիալական միջավայրը, ուրիշ էին Հռոմեական կայսրության հետ կապերը, մարդիկ ուզում էին ապրել հռոմեացիների պես՝ բարվոք պայմաններում։ Բացի դրանից՝ ժողովրդագրական բում էր, բնակչության թիվն աճում էր չկառավարվող արագությամբ և տեղափոխությունը դառնում էր անհրաժեշտություն։ Սա, ըստ պատմաբանի, միանշանակ ճիշտ է, բայց գործողության դրդող ամենակարևոր շարժիչ ուժը դարձավ կլիմայի փոփոխությունը։
«Ավելին ասեմ, օրինակ, սիրիական ճգնաժամի հետ կապված կոնկրետ շարժիչ ուժը, որ մասսաներին շարժել է, ոչ թե զուտ քարոզչական հնարքներն են կամ, չգիտեմ, Ասադի քաղաքականությունը, այլ 2007-11 թթ.—ին Սիրիայում անոմալ շոգ եղանակը։ Եթե դուք նայեք Սիրիայի տեղումների քարտեզը այդ տարիների համար և դրան նախորդող 4 տարիների, կտեսնեք, որ Սիրիայում կտրուկ շոգ է եղել, առանց այն էլ գիտեք՝ Սիրիան, հատկապես Սիրիայի արևելյան մասը՝ Դերե Զորի գոտին անապատային է, մի հատ էլ պատկերացրեք այդ պայմաններում 4 տարի նորմալ անձրև չգա։ Ստացվում է, որ բնակչությունը դժգոհելու առիթ ունի։ Այլ հարց, որ դժգոհությունը պիտի լինի, ասենք, Երկիր մոլորակից, այլ ոչ թե Ասադից, որովհետև Ասադը չի միացնում կամ անջատում անձրևը, ցայտաղբյուր չի իր համար։ Բայց մարդկանց տրամադրության զանգվածային փոփոխությունը, որի վրա արդեն կարելի էր քարոզչական հնարքներով ազդել և տարածել այլ ուղղություններով, իհարկե, մեծապես ազդված է եղել դրանից»։
Միքայել Մալխասյանը պատմությանն այս հայացքով նայել է 2013-16 թվականներին գրված իր հոդվածներում, ամբողջացրել՝ 2020-ի մենագրության մեջ։ Ասում է՝ եղանակին լուրջ անդրադարձեր են արվել մեր սկզբնաղբյուրներում՝ հոգևորականների ձեռագիր մատյաններում։
Ինչո՞ւ են նրանք ամենայն մանրամասնությամբ ներկայացրել շոգը, սաստիկ ցուրտը, երաշտը կամ մորեխների կտրուկ ավելացումը։ Սա, ասում է, հնարավոր սովի նախանշան է։ Իսկ մարդն իր բազային պահանջմունքը բավարարում է բոլոր գներով, անգամ՝ պատերազմի։ Այսպես եղանակը՝ սով կամ անհարմարություն, անհարմարությունը՝ պատերազմ է ծնել։

«Իրականում մի քիչ սխալ կլինի ասել, որ տրամադրության աֆեկտիվ խանգարումները կամ նույն դեպրեսիան հենց եղանակի հետ են կապված։ Դրանք ավելի շատ կապված են լույսի անբավարար քանակի ու էդ պատճառով է ստացվում, որ երբ մենք գնում ենք դեպի ձմեռ, առաջանում են աֆեկտիվ խանգարումներ։ Տարբերում են 2 տեսակի, որոնք առաջանում են դեպի աշուն-ձմեռ և գարուն-ամառ հատվածում, որովհետև էդ ընթացքում մենք տեսնում ենք օրվա ժամային լուսավոր հատվածի կրճատում կամ ավելացում»։
Նյարդաբան, հոգեբույժ Անահիտ Դարաբյանը առաջարկում է լուրջ վերաբերվել մարդկանց, որոնք ամեն տարվա կոնկրետ ժամանակահատվածում սկսում են դժգոհել՝ ուժ ու եռանդ չունեն, անօգնական ու անգործունակ են, չունեն լավ տրամադրություն ու հույս, որ երբևէ կունենան։ Սեզոնային աֆեկտիվ խանգարումները ուղիղ ազդում են մարդու վարքի ու կյանքի վրա․

«Ապացուցված է, որ մաշկը նույնպես արտադրում է սերոտոնին, այն հորմոնը, որը պատասխանատու է մեր լավ տրամադրության, մոտիվացիայի, ապրելակերպի համար։ Լույսը պակասում է, մեր սերոտոնինը նվազում է։ Այդ իսկ պատճառով եղանակային դեպրեսիայի բուժման ամենալավ և ապացուցված միջոցներից առաջինը լուսային թերապիան է, որի ժամանակ օգտագործում են հատուկ լամպեր։ Դրանք սովորական լամպեր չեն. դրանց ակտիվությունը մոտ տասը հազար միավոր և բարձր է ու օրական 30 րոպեից մինչև մի ժամ օգտագործում են առավոտյան ժամերին ու հստակ եղանակային դեպրեսիայի լավացում է դիտվում նման լուսային լամպեր օգտագործելուց»։
Այս խանգարումը կարող է վտանգավոր լինել միայն անուշադրության մատնելու դեպքում։ Լուծումներ կան՝ ասում է մասնագետը, և դրանք շատ հաճախ ոչ թե դեղորայքային բուժում, այլ վարքում պարզ փոփոխություններ մտցնել են ենթադրում։ Օրինակ՝ արթնանալ ավելի վաղ, նույնիսկ եթե դա շատ դժվար է թվում․
— Առավոտվա լույսը շատ կարևոր է այս խանգարման համար, էլի ավելի կոմֆորտ վիճակում են գտնվում ու ավելի հեշտ են տանում ձմեռային ժամանակահատվածը վաղ արթնացողները։
— Բայց արթնանում ենք՝ մութ, խավար․․․
— Վաղ արթնացողները, որոնք էդ ընթացքում ինչ-որ ակտիվություն են ձեռնարկում ու ամբողջ լուսային ժամանակը օգտագործում են։ Այսինքն մարդը, ով 11-12-ին է արթնանում, լուսավոր հատվածը կրճատում են մի 3-4 ժամով էլ։ Ստացվում է, որ իրենք բավականին քիչ լուսավոր օր են ունենում։
— Քիչ ապրեցին։
Նույն կերպ կա մարդկանց մեկ այլ խումբ, որի համար ֆիզիկապես ու հոգեպես անտանելին ամառային ամիսներն են։ Այս անգամ, սակայն, խնդիրը ֆիզիկական է և առավել կառավարելի, ասենք՝ անոթների լայնացում, շնչառական խնդիրներ և այլն։ Բոլոր դեպքերում հոգեբույժն ասում է՝ եղանակից գանգատները լուրջ են, հիմնավոր ու պատշաճ ուշադրության արժանի։
«Եթե դրանց չհետևենք, ձմեռվանից հետո գալիս ենք դեպի գարուն, որտեղ լույսը շատանում է, բայց մեր օրգանիզմը էդքան արագ չի հարմարվում։ Մենք ավելի ակտիվ ենք դառնում ֆիզիկապես, բայց մտավոր մեր տրամադրության առումով էդքան արագ չենք վերափոխվում, իսկ դրանք բավականին ռիսկային են դառնում որոշակի խնդիրների համար։ Շատ չվախեցնենք մեր ռադիոլսողներին, բայց, օրինակ, էդ անցումային շրջանում մենք բավականին մեծ սուիցիդի փորձեր ենք ունենում, որովհետև մարդը դառնում է ֆիզիկապես ավելի ակտիվ, բայց մտավոր ինքը դեռ դեպրեսիվ է, ինչը ռիսկի գործոնները մեծացնում է»։
Այսպես մենք մտածում ենք՝ դե, մի քիչ ավելի շոգ է կամ մի քիչ ավելի մռայլ, անձրևի տեղումները քիչ են, մորեխների քանակը՝ շատ, ամպերը թուխ են, մառախուղը՝ խիտ, կարճ ասած՝ բնությունն իր կյանքով է ապրում, մեկ էլ պարզվում է՝ դա ուղիղ ազդում է մեր կյանքի վրա։ Գիտությունն ուսումնասիրում է այս ազդեցությունը, որ հնարավոր բացասական փոփոխությունը կանխի, արդեն եղածը՝ վերլուծի։




