
Սրվող հակամարտությունների պայմաններում աշխարհի երկրների առաջնորդները հավաքվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում քննարկելու խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերը։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերի առանցքային թեմաներն են լինելու Գազայի, Սուդանի և Ուկրաինայի հակամարտությունները:
Հետպատերազմյան անորոշ վիճակում են նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Նյու Յորք են մեկնել Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը, Թուրքիայի, Իրանի նախագահները և Ադրբեջանի արտգործնախարարը։
Արդյո՞ք նյույորքյան հարթակը կօգտագործվի հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու համար, դեռ հայտնի չէ։ Տեսականորեն նման հանդիպում հնարավոր է արտգործնախարարների միջև։ Նախորդ շաբաթ Վաշինգտոնը հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն հայտնել էր։ Միրզոյանն ու Բայրամովը վրջին անգամ հենց ամերիկյան հարթակում են բանակցել հուլիսի սկզբին։
«Այդ հանդիպման ընթացքում էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջին անգամ հայտարարեց խաղաղության բանակցություններում էական առաջընթացի մասին»։
Թեև Հայաստանի վարչապետը Նյու Յորքում է, բայց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանին Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին դեռ չի հաղորդվել։ Ալիևը նախընտրել է Բաքվից հիմնավորել նոր պայքարի և ռազմական հզորացման անհրաժեշտությունը՝ նորընտիր Միլլի Մեջլիսի ելույթում հայտարարելով, թե արտաքին ուժերը Բաքվի դեմ նոր ծրագրեր են մշակում Հայաստանի միջոցով։
Փոխարենը Նյու Յորքում տարածաշրջանի խաղաղության մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն են ստացել՝ Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Թուրքական տանը» ԱՄՆ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ անդրադառնալով համաշխարհային և տարածաշրջանային իրադարձություններին ու մարտահրավերներին, Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի հիմնական սկզբունքներն են՝ բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների նվազեցումը, խաղաղության ապահովումը։
Ընդ որում՝ Անկարան անփոխարինելի պայման է համարում նաև միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը։
«Ժամանակակից աշխարհում այս սկզբունքների կարիքն ունենք առավել քան երբևէ»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նյու Յորքում սպասվում է Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը կապում է քաղաքական կամքի հետ՝ ընդգծմամբ, որ Հայաստանից հասանելի քայլերն արված են։ Անկարան մշտապես պնդում է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են, և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։
Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կկայանա Թուրքիայի տանը։
Եթե վերհիշենք, ապա օրեր առաջ տեղի էր ունեցել զրույց ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի և հայ-թուրքական կարգավորման թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի միջև: Դրանից հետո Քըլըչը մեկնել էր Բաքու և հանդիպել Բայրամովի հետ, իսկ Գալուզինը ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հետ ժամանել էր Երևան և հանդիպել Փաշինյանին: Մևնույն ժամանակ, դրանից մի քանի օր անց տարածաշրջանային այցով Բաքու, հետո Երևան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը, որը Երևանում բացի վարչապետի, ԱԳ նախարարի հետ հանդիպումներից, հանդիպել էր նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ:
Նյույորքյան հարթակը երկրկների ղեկավարներն օգտագործելու են երկկողմ հանդիպումների համար։ Վարչապետ Փաշինյանի՝ արդեն հաստատված հանդիպումների ցանկում են քննարկումները ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև ելույթ կունենա «Ապագայի գագաթնաժողովում»։ Այդ գագաթնաժողովի արդյունքներով պետք է հաստատվեն «Հանուն ապագայի համաձայնագիրը», Գլոբալ թվային պայմանագիրը և «Ապագա սերունդների համար հռչակագիրը»։ Միջոցառումը նախատեսված է նոր միջազգային կոնսենսուս ձևավորելու համար՝ ուղղված այն հարցին, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան:
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հաստատել է, որ Հայաստանը ողջունում է սեպտեմբերի ՄԱԿ կենտրոնակայանում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։
«Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։ Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը»։
ՄԱԿ-ի նախորդ գագաթնաժողովում՝ 2023–ին, ՄԱԿ–ի ամբիոնից ելույթ էր ունեցել Հայաստանի արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ 2022–ին նույն ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ փուլից իրավիճակն էլ ավելի է սրվել՝ նախորդ տարի հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ խոսելով ԼՂ բնիկ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
«Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,-մեկ տարի առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Նյու Յորքում չեն սպասում։ Փոխարենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կտեսնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովին։




