Էկոսֆերա

Կովկասի՝ ազնվացեղ եղջերուների բուծման ամենամեծ կենտրոնը գտնվում է Հայաստանում․ «Էկոսֆերա»

Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող «Ազվնացեղ եղջերուների բազմացման կենտրոնից» տասը եղջերու բաց թողվեց բնություն։

Այս գործընթացն իրակացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Նպատակն է՝ վերականգնել Հայաստանում ազնվացեղ եղջերուների պոպուլիացիան։ Սա նշանակում է, որ Դիլիջան այցելողները եղջերուներին կարող են հանդիպել ոչ միայն բազմացման կենտրոնում, այլև բնության մեջ կամ, անգամ, փողոցով զբոսնելիս։  

Մարիաննա Փայտյան

Ամիսներ առաջ էր, որ Մարիաննա Փայտյանին գրավեց եղջերուների փրկության միտքը և որոշեց  դառնալ եղջերուի խնամակալ։ Այսօր արդեն եկել է Դիլիջան ազգային պարկ՝ մասնակցելու որդեգրած եղջերուների՝ բնություն բաց թողնելու արարողությանը։ 

Խնամակալներն իրենց որդեգրած եղջերուներին չեն ճանաչում, փոխարենը՝ «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները բոլորին դեմքով գիտեն։ 

«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի համակարգող Մհեր Սադոյանն ասում է՝ կենտրոնում 40-ից ավելի եղջերու կա, անվանական գիտեն նաև նրանց, որոնք արդեն ազատ շրջում են բնության մեջ։

2013 թվականից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW Զարգացման բանկի միջոցով։ Այս ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 14 առանձնյակ։ Այս տարիների ընթացքում եղջերուների քանակն ավելացել է։ 

Մհեր Սադոյան

Այժմ կենտրոնում 28 արու և 17 էգ առանձյակ կա։ Ծրագրի համակարգող Մհեր Սադոյանն ասում է՝ ազնվացեղ եղջերուների բուծման ամենամեծ կենտրոնն այժմ գտնվում է Հայաստանում։

Բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա առթիվ եղջերուների երկրորդ խմբաքանակը բաց թողնվեց բնություն, առաջինը 2022 թվականին էր՝ երեք առանձնյակ։

Լևոն Աղասյան

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանի խոսքով՝ 2013 թվականից սկսած ՀՀ ՇՄՆ-ի հետ համատեղ հանձն են առել վերաբնակեցնել ազնվացեղ եղջերուներին իրենց պատմական ապրելավայրերում։ Այս գործընթացը Աղասյանը գնահատում է արդյունավետ՝ ակնկալելով, որ հետագայում ավելի մեծ խմբաքանակ բաց կթողնեն բնություն։

Արա Մկրտչյան

Մինչև 1954 թվականը Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուներին կարելի էր հանդիպել բնության մեջ, սակայն հիմնականում որսագողության հետևանքով տեսակը վերացավ։ ՇՄՆ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ բնություն բաց թողնված եղջերուներն այժմ կլինեն խիստ հսկողության ներքո։

Մկրտչյանը հավաստիացրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, ավելին՝ նախատեսում են մինչև տարվեվերջ Վրաստանի կենդանաբանական այգուց մեկ եղջերու բերել Հայաստան։

Կարդացեք նաև

Back to top button