
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր» -Արմավիր
Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը հաճելի անակնկալ էր կազմակերպել ծնողների և զինծառայողների համար, թույլատրելով նրանց հանգիստը 5օրյա ժամկետով անցկացնել տանը: Կորպուսի հրամանատարությունը շնորհակալագրեր է հանձնել լավագույն զինծառայողների ծնողներին: Այս միջոցառման նպատակը բանակ-ծնող- հասարակություն կապի ամրապնդումն է, որով արժեվորվում է բանակի դերը:
«Մենք տարածաշրջանի ամենաուժեղ, ամենակայացած ու միակ հաղթանակած բանակն ենք»,- շարքային Ռաֆայել Պողոսյանը ծառայության ընթացքում ավելի է համոզվում մեր բանակի մարտունակության մեջ: Բանակը նրանց պատանուց վերափոխում ու կոփում է իսկական քաջորդու, դաստիարակում` հայրենասիրություն, պատրաստ պաշտպանելու հայրենիքն ու նրա սահմանները: Պաշտպանության նախարարությունն արդեն 3-րդ անգամ Արմավիրի մարզում համդիպում էր կազմակերպել ծնողների, զինծզռայողների ու սպայական կազմի հետ: Այս անգամ 5- օրյա հանգիստ էին ստացել Տավուշի և Լոռու մարզերում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող արմավիրցիները: Ն- զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ մայոր Ստեփանյանը կարևորեց բանակ-ծնող-հասարակություն համագործակցությունը, որը զինվորներին նոր ուժ ու մարտական ոգի է հաղորդում հայրենիքի պաշտպանության գործում, իսկ բանակի մասին եղած թյուր կարծիքները չեն համապապատասխանում իրականությանը, քանի որ բանակն արդեն կայացել է և թևակոխել է զարգացման մեկ այլ փուլ:
3-րդ բանակային կորպուսը պաշտպանում է Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասը: Կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը մեծ հպարտությամբ նշեց, որ իրենց կորպուսը մարտական մեծ ուղի է անցել, հակահարված տվել թշնամու ոտնձգություններին, հետախուզական դիվերսիոն հարձակումներին: 3-րդ բանակային կորպուսն ունի իր զինզնշանը, օրհներգն ու դրոշը: Կորպուսի հրամանատարությունը շնորհակալագրեր հանձնեց զինվորների ծնողներին, որտեղ նշվում է որդիների ազնիվ, բարեխիղճ ու կարգապահ ծառայության մասին. « Երախտապարտ եմ ձեզ հայրենասեր որդիներ ու քաջարի ռազմիկներ դաստիարակելու համար» ,- ասված է շնորհակալագրում: Բամբակաշատ գյուղից Գայանե Պարոնյանի 2-րդ որդին է ծառայում հայոց բանակում , հուզմունքն աննկարագրելի է, երբ հրամանատարի ձեռքից շնորհակալագիր ստացավ: Զինվորի մոր մաղթանքը աշխարհի խաղաղությունն է ու իրենց որդիների բարի վերադարձը: Բանակում տեղի ունեցող բարեփոխումները փոխել է հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ, այդ կարծիքին է նաև ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորամասի վետերանների խորհրդի նախագահ փոխգնդապետ Մարտիրոսյանը:
Զինվորներին իր օրհնանքի խոսքն ուղղեց ու խաղաղ ծառայություն մաղթեց Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:




