Համիդյան սարսափելի կոտորածներից սկսած, որոնց զոհ դարձան 300 հազար հայեր իրենց պատմական հայրենիքում, ցեղասպան քաղաքականությունն ի կատար ածած թուրքական բոլոր կառավարությունները մեկ-մյուսին կրկնելով, հետևողականորեն, ժամանակի քաղաքական խոսույթին ու պահանջներին համապատասխան փոփոխության են ենթարկել ցեղասպանության ժխտման ռազմավարությունը՝ փոխելով փաթեթավորումը, սակայն չփոխելով դրա բովանդակությունը։
Նույն ժխտողականության կրողները նաև հարևան ադրբեջանական արհեստածին պետության ղեկավարներն են, որոնք 20-րդ դարի առաջին քառորդում Արցախում իրականացներով հայերի կոտորածներ, բոլշևիկներից նվեր ստանալով Արցախը և Նախիջևանը, խորհրդային տարիներին շարունակեցին սպիտակ ցեղասպանությունն այդ բնիկ հայկական տարածքներում և ձեռքի հետ էլ, օգտվելով խորհրդային կենտրոնական իշխանությունների բարեհաճությունից և կոմունիստական ինտերնացիոնալիզմի՝ եղբայրության և համերաշխության մասին կեղծ գաղափարախոսությունից, մաս-մաս մկրատեցին բնիկ հայկական տարածքները և կցեցին Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը։
1988 թ․-ին Սումգայիթում, ապա Կիրովաբադում և Բաքվում կատարված ցեղասպան գործողությունների հետևանքով կես միլիոնից ավելի, իսկ որոշ աղբյուրներով գրեթե 800 հազարի հասնող հայություն լքեց բնակության վայրերը և ցրվեց աշխարհով մեկ։ Արցախյան հայ ազգային-ազատագրական շարժումը և հայկական ինքնապաշտպանական ուժերի հաղթանակները կասեցրին այդ կոտորածները և հայկական տարածքները մեկ-առ մեկ ազատագրվեցին թշնամու տիրապետությունից՝ կանխելով նաև ցեղասպանության հետագա ծավալումը։ Ադրբեջանական իշխանությունները թուրքական ժխտողականության կրողը լինելով` նույն կերպ մի քանի տասնամյակ հրապարակ նետեցին տարբեր ժխտողական թեզեր, որոնք բովանդակությամբ բնավ չեն համապատասխանում իրականությանը։
Ամեն անգամ, երբ հայկական կողմի ջանքերով միջազգային հանրության շրջանում բացահայտվում են թուրքական ու ադրբեջանական զեղծարարությունները, վերջիններիս հորինողները խորամանկորեն նոր թեզեր են նետում հրապարակ և փորձում դրանցով մոլորեցնել ոչ միայն ներքին, այլև արտաքին հանրություններին։ Նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեցող անվանի մարդկանց, այդ թվում՝ գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական, արևելագետ, մեծ մարդասեր դոկտոր Յոհաննես Լեփսիուսի՝ Հայաստանի ու հայկական հարցի մասին աշխատություններում բերված անհերքելի, բացարձակ ճշմարիտ փաստերը փորձել են ժխտել։
Այս հաղորդաժամին առաջարկում եմ ծանոթանալ թուրքական և ադրբեջանական ժխտողականության վտանգավոր վերաձևակերպումների վերաբերյալ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունու դիտարկումներին։
- Թուրքական ժամանակակից ժխտողականությունը, եթե մեկ բառով բնութագրելու լինենք, ապա, ըստ բանախոսի՝ դա հարմարվողականությունն է։
- Իսկ ի՞նչ է ժխտում թուրքական, այսպես կոչված՝ նոր ժխտողականությունը։ Բանախոսը համոզված է, որ Ռաֆայել Լեմկինի հեղինակած հիմնարար կոնվենցիան, որի հիմքում ընկած է ցեղասպանելու մտադրության գաղափարը, արդի ժամանակաշրջանում վերանայելու անհրաժեշտություն կա։
- Ցեղասպանության կոնվեցիան կարելի է վերանայել նաև մշակութային ցեղասպանության տեսանկյունից։ Որոշ գիտնականներ առաջարկում են քաղաքական բաղադրիչ ներմուծել կոնվենցիայի տեքստի մեջ։ Իրականում փաստաթղթի հեղինակը տեղ թողել է ցեղասպանության կոնվենցիայում եղած բացերն ապագայում լրացնելու համար։
- Իսկ ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, թե ժխտելիս իրադարձությունները հարաբերականացվում են։
- Վերադառնալով ադրբեջանական ժխտողականությանը՝ նշենք, որ Արցախի բռնի հայաթափությունը, 140 հազար հայի հայրենազրկումը հազարամյակների պատմություն ունեցող բնօրրան-հայրենիքից, ճիշտ չի գնահատվում ո՛չ միայն միջազգային, այլև ներքին հայկական հարթակներում։
Վերջում հավելեմ, որ մեր մասին ճշմարտությունը մենք պետք է առաջինը բարձրաձայնենք, դա մեր փոխարեն ոչ ոք չի կարող և պարտավոր չէ անել։ Ճշմարտացի փաստերով հետամուտ լինենք մեր արդար դատին ու պահանջատիրությանը։ Այդպես օտարներին էլ կստիպենք հարգել մեզ և մեր նպատակները։