Երաժշտական եռանկյունի

«Ֆլեյտային կամուրջներից» մինչև «Երևանի Ֆլեյտային առաջին միջազգային փառատոն». «Երաժշտական եռանկյունի»

Սովորաբար, ծրագրային մշակութային իրադարձությունները՝ մրցույթները, փառատոները, հյուրախաղերը և այլն, համակարգում են պետական մշակութային կառույցները։ Դրանք պահանջում են մեծ վարչական ռեսուրս, տարբեր ստորաբաժանումների աշխատանքների  համակարգում և հանրահռչակման, գովազդային լծակներ։

Վերջին շրջանում հայ հանդիսատեսը նման մշակութային իրադարձությունների պակաս չունի։

Բայց այս թողարկման թեման ազատ արվեստի դաշտում կարևոր կազմակերպչական դրսևորումներն են և անհատական մշակութային նախաձեռնությունները։

Պրոդյուսեր, ռեժիսոր և ջութակահար Վարդան Վիրաբյանի հետ զրույցի առանցքում Ֆլեյտային արվեստը, նրա դստեր՝ 13-ամյա վիրտուոզ ֆլեյտահարուհու հաջողություններն ու պրոդյուսերական, կազմակերպչական խնդիրներն ու լուծումներն են։  

«Այս ամենը շաղկապված է ։ Անշուշտ, Էլենի հաջողությունները՝ բեմական գործունեությունը, մրցույթներում հաղթանակները և հյուրախաղերի հրավերները իմ բոլոր կազմակերպչական նախաձեռնությունների հիմքում են։ Մի քանի տարի առաջ նախաձեռնեցինք «Ֆլեյտային կամուրջներ» ամառային երաժշտական դպրոց-ճամբարը։ Աշխատանքները կազմակերպվում էին այնպես, որ երեխաները ստանան ոչ միայն որակյալ մասնագիտական խորհրդատվություն, այլև ընկերանան միմյանց հետ։ Բազմաթիվ վարպետաց դասերը, հայտնի երաժիշտների հետ շփումը և առնչությունները ձևավորում էին ստեղծագործական հատուկ միջավայր», — ասում է Վարդան Վիրաբյանը։

Նման ճամբարները կազմակերպվում էին ծովափնյա հանգստյան վայրերում և շատ արդյունավետ էին մասնակիցների համար։ Այս տարի ճամբարը կազմակերպվեց Հայաստանում, ինչը նպաստեց պատանի երաժիշտների՝ Հայաստանը ճանաչելուն և մեր երկիրը սիրելուն։

Ինչպես վկայում է Վարդանը, տարիների ընթացքում, Էլենի շնորհիվ, հաստատվել են կապեր ամենահեղինակավոր ֆլեյտահարների, դասախոսների և երաժշտական գործակալների հետ, և փառատոնի գաղափարը ծնվեց ինքնաբերաբար, անվանի ֆլեյտահար, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանի հետ բազմաթիվ քննարկումներից հետո։

«Մենք հասկացանք, որ հասունացել է Հայաստանում  առաջին Ֆլեյտային երաժշտության փառատոնը հիմնադրելու պահը, փառատոն, որը պետք է միջազգային կարգավիճակ ունենա և հայաստան բերի աշխարհահռչակ ֆլեյտահարների», — շարունակում է Վարդան Վիրաբյանը։

Փառատոնը կազմակերպվելու է Երևանում, հոկտեմբերի 26-30 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Փառատոնի շրջանակներում բացի համերգներից, կազմակերպվելու են հանդիպումներ, կլոր սեղաններ, դասախոսություններ և վարպետաց դասեր։ Մասնակցելու են աշխարհում մեծ համբավ ունեցող, խոշոր մրցույթների հաղթող մենակատար-ֆլեյտահարներ։

Back to top button