Պատերազմները երբեք չեն ավարտվում ռազմի դաշտում, դրանք ավարտվում են բանակցային սեղանի շուրջ՝
ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Կապի աշխարհաքաղաքականությունը. մրցակցությունից մինչև համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ։
Արտգործնախարարը կարծում է, որ Հունգարիան կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: «Դա չափազանցություն չէ, քանի որ մենք այնպիսի դիրքում ենք, որ կարող ենք խոսել այս հակամարտության երկու կողմերի հետ»,- ասել է նախարար Սիյարտոն։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Հունգարիան երկու տարի առաջ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները և մատնանշել է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել դրանից հետո․ «Անցյալ տարի գերազանցեցինք առևտրի ռեկորդը։ Երկու երկրների միջև ուղիղ օդային կապ ենք սկսել հուլիսին։ Ամառային արձակուրդներին Հունգարիայում հյուրընկալել ենք տեղահանված ընտանիքների 1000 երեխաների: Բոլորովին վերջերս հավելյալ 800.000 եվրո ենք հատկացրել Հայ քրիստոնեական եկեղեցուն և կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար։ Մենք պատրաստվում ենք համագործակցություն սկսել էներգետիկայի ոլորտում և ստեղծել համատեղ տնտեսական հանձնաժողով՝ տնտեսական համագործակցությունն առաջ տանելու համար։ Մենք բացում ենք մեր դեսպանատունը այստեղ՝ Երևանում։ Հայաստանը բացում է իր դեսպանությունը Բուդապեշտում».
«Միևնույն ժամանակ ռազմավարական համագործակցություն ունենք Ադրբեջանի հետ, ռազմավարական համագործակցություն նաև էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում։ Նման իրավիճակում կարող ենք օգնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեսքի բերելու գործընթացին», — հայտարարել է Պետեր Սիյարտոն։
Նա նշել է, որ Բուդապեշտը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր: «Խաղաղության համաձայնագրի ստորագրում խաղաղասեր ժողովրդի խաղաղասեր երկրի խաղաղասեր մայրաքաղաքում. սա այն օգնությունն է, որը մենք կարող ենք ցուցաբերել», — նշել է Պետեր Սիյարտոն։
Արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Հունգարիան նպաստել է 2021 թվականին Ադրբեջանից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակմանն ու վերադարձին։