Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի տեղեկացմամբ՝ Վենետիկի համալսարանում հայագիտության ուղին սկսվում է 1976 թվականից` շնորհիվ պրոֆեսոր Լևոն Զեքիյանի բեղուն գործունեության:
«Եթե ոչ Վենետիկում, էլ որտե՞ղ պետք է հայերեն սովորեցնե». այս խոսքերը պատկանում են օտար լեզուների և գրականության ֆակուլտետի դեկան, լուսահոգի Ջանռոբերտո Սկարչիային, որը վճռորոշ դեր է ունեցել Կա Ֆոսկարում հայերենի դասավանդման հիմնադրման գործում գրեթե հինգ տասնամյակ առաջ։ Այսօր Վենետիկի համալսարանի Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետում դասավանդվում է հայոց լեզու, հայ լեզվաբանություն, հայ գրականություն և գրաբար։
Նրա խոսքով՝ Վենետիկի համալսարանում հայերենը «Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի լեզուների, մշակույթներ և հասարակություններ» բակալավրիատի եռամյա կրթական ծրագրով դասավանդվող հիմնական լեզուներից է:
«Հայերենը հնարավոր է սովորել որպես առաջին, երկրորդ կամ երրորդ լեզու: Որպես հիմնական կամ երկրորդ լեզու ընտրելու պարագայում ուսանողներն անցնում են հայոց լեզվի եռամյա ուսուցում, իսկ երրորդ լեզվի դեպքում ուսուցումը միամյա կամ երկամյա է: Հայ գրականությունը երկամյա դասընթաց է, իսկ լեզվաբանությունն ու դասական հայերենը նախատեսված են մեկ կիսամյակ` բակալավրիատի նորաստեղծ «Eurasia» ուսումնական ծրագրի շրջանակում»,- պատմում է Սոնա Հարությունյանը:
Սոնա Հարությունյանը գերազանց ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2006 թ. ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, այնուհետև 2011 թվականին Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում պաշտպանել դոկտորական ատենախոսության թեզ՝ նվիրված Դանտե Ալիգիերիի հայերեն թարգմանությունների լեզվաբանական առանձնահատկություններին:
Սոնա Հարությունյանը հեղինակ է Հայոց ցեղասպանությանը, հայ դանթեագիտությանը, լեզվաբանությանը, թարգմանաբանությանը նվիրված ավելի քան չորս տասնյակ գիտական հրապարակումների: 2015 թվականին հրատարակվել է նրա «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» մենագրությունը (ԵՊՀ հրատարակություն): 2018 թվականին նա հեղինակել է «Հայոց ցեղասպանության արձագանքներն Իտալիայում» գիրքը, որում հեղինակն անդրադարձել է 1915 թվականին իտալական մամուլում տեղ գտած հայկական կոտորածների արձագանքներին: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա. Հերմետի և Պ. Ռատտիի «Հայերի Վենետիկը» գիրքը (Ս. Պարթև, 2000 թ.), ինչպես նաև Ա. Արսլանի «Արտույտների ագարակը» (Ս. Պարթև, 2007 թ.), «Զմյուռնիայի ճանապարհը» (Զանգակ, 2012 թ.) և «Մշո գիրքը» (Զանգակ, 2016 թ.) վեպերը:
Սոնա Հարությունյանի խոսքով՝ Իտալիայի կրթության նախարարության կողմից վերջին տարիներին հատուկ ուշադրության է արժանացել Terza Missione-ն՝ «Երրորդ առաքելություն» նախագիծը: Եզրը վերաբերում է գիտական, տեխնոլոգիական և մշակութային գիտելիքների փոխանցման գործընթացներին, որոնց միջոցով համալսարանն անմիջականորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության և ձեռնարկատիրական կառույցների հետ՝ տարածաշրջանի տնտեսական և սոցիալական բարգավաճմանը նպաստելու նպատակով:
Եվ հենց այս երրորդ առաքելության կամ հանրային ներգրավվածության ծրագրի շրջանակում Վենետիկի համալսարանում 2023 թվականին իրականացվել է «Հայերը և Վենետիկը» նախագիծը, որը տարբեր միջոցառումների միջոցով նպատակ ուներ հանրությանը ներկայացնել հայ մշակույթն ու ինքնությունը՝ ամենատարբեր արտահայտություններով: Ծրագրին նաև մասնակցել են սփյուռքից գրողներ ու արվեստագետներ, ինչպս նաև օտար հայագետներ՝ ներկայացնելով հայ գրականության, հայ մեծերի դերը տարբեր քաղաքակրթությունների կերտման գործում։