ԿարևորՀասարակություն

Պետական գաղտնիքը ավելի ուժեղ պահպանելու առաջարկ․ ԱԱԾ նոր նախագիծ է ներկայացնում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ԱԱԾ մշակած օրենսդրական նախագծին, որն առնչվում է պետական գաղտնիքին և գաղտնի գործավարության պայմաններին։ Գաղտնի գործավարության լավագույն օրինակը, ըստ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, քառօրյա և 44–օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովներն են, որտեղից երբեք պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն դուրս չի եկել։

Պետությունը խստացնում է վերահսկողությունը պետական գաղտնիքի պահպանման պայմանների և պետական գաղտնիքին հասանելիություն ունեցողների նկատմամբ։ Հարցը նոր է մտել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, հեղինակն Ազգային անվտանգության ծառայությունն է։ Առանձին օրինակներ, թե ինչո՞ւ է առաջացել նոր խստացումների կարիք, կառույցի իրավաբանական վարչության պետ Նելլի Մանանդյանը չի նշում։ Նոր կարգավորումների նպատակահարմարությունը հաստատում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդհանուր օրինակ է բերում․

Ավելի կոնկրետ օրինակով է խոսում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ԱԱԾ–ի պահանջած գաղտնի գործավարության լավագույն օրինակներից նա համարում է խորհրդարանական երկու քննիչ հանձնաժողովների աշխատանքը։

«Եթե գաղտնի գործավարության պահանջները չպահեն, ցանկացած արտահոսք կարող է կործանել ցանկացած պետություն։ Ասեմ, որ որպես օրինակելի տարածք պահանջները ի կատար է ածված մեր քննիչ հանձնաժողովի սենյակում։ Ե՛վ համակարգիչները, և՛ չհրկիզվող պահարանները։ Դրա համար էլ որևէ արտահոսք երկու դեպքում էլ՝ և՛ քառօրյայի, և՛ 44–օրյայի մենք երբեք չենք ունեցել։ Այս գործավարությունը շատ կարևոր է, որովհետև պետական գաղտնիքի պահպանությունը կարևորագույն խնդիր է ցանկացած պետության համար»։

Ի դեպ, 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը նույնպես իր մեջ պարունակում է գաղտնիության տարրեր։ Թեև փաստաթուղթն արդեն պատրաստ է, հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, բայց հանրությունը կկարողանա ծանոթանալ ոչ թե զեկույցի ամբողջական տեքստին, այլ միայն որոշ հատվածին։ Ամենայն հավանականությամբ եզրակացությունը խորհրդարանում կքննարկվի հոկտեմբերին՝ դռնփակ։

Քոչարյանը միայն գաղտնազերծում է, որ պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները «բազմաբնույթ են ու բազմաշերտ»։

Վերադառնալով գաղտնի գործավարությանն առնչվող ԱԱԾ նոր պահանջներին, նշենք, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50–ապատիկից 600–ապատիկը։ Տարբերակումը կախված է թույլ տված խախտումից, բացատրում է ԱԱԾ իրավաբանական վարչության պետը։

«Որպես այդպիսին մեծ, գլոբալ խնդիրներ չենք նշի, իհարկե, բայց մենք ունեինք օրենսդրական բաց։ Եթե օրինակ ԱԱԾ ներկայացուցիչը մասնավոր հատվածում կամ հանրային իշխանության մարմիններից որևէ մեկի մոտ նկատում էր խախտում գաղտնիության ռեժիմի ապահովման ոլորտում, ներգործության որևէ միջոց չկա, որը ավելի կամրապնդեր խնդրի՝ հետագայում չկրկնվելու հանգամանքը, ինչը կարող է իր հերթին առաջ բերի հետագայում գաղտնի տեղեկությունների արտահոսքի սպառնալիք»։

ԱԱԾ–ին առնչվող ևս մեկ փոփոխություն դեռ մշակման փուլում է։ Թեև նախագիծը դեռ ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում, այն որոշակի անհագստություն է առաջացրել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը բացատրում է, որ մտահոգությունները կապված են ընդամենը երկու տարի առաջ ստեղծված Արտաքին հետախուզության ծառայությանը տրվելիք լրացուցիչ նոր լիազորությունների հետ։

«Գաղտնիության թույլտվության հետ կապված արտաքին հետախուզական ծառայությանը տրվում են լիզորություններ և հանրության շրջանակում տարատեսակ մեկնաբանություններ եղան և շատերի մոտ տպավորություն էր, որ գաղտնիության թույլտվության լիազոր մարմնի կարգավիճակը ԱԱԾ–ից վերցվում և տրվում է արտաքին հետախուզական ծառայությանը»։

ԱԱԾ իրավաբանական վարչության պետը նախագծի այսպիսի մեկնաբանումը չի ընդունում․

«Իրականում ԱԱԾ պետական գաղտնիքի վերահսկողական լիազորությունները որևէ կերպ այդ նախագծով չեն փոփոխվում։ Արտաքին հետախուզության ծառայությունը ուղղակի լուծում էր իր գործունեության ոլորտում իր հետ համագործակցող իր աշխատակիցների, իր հետ համագործակցող կազմակերպությունների հարաբերություններում գաղտնիության ռեժիմին վերաբերող հարցերը»։

ԱԱԾ–ի պահանջած գաղտնի գործավարության հարցերը ավելի լայն ձևաչափով կքննարկվեն հաջորդ շաբաթ ԱԺ լիագումար նիստում։

Կարդացեք նաև

Back to top button