
Իրավապաշտպան և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն չորեքշաբթի երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայությանը։
«Երեք խնդիր փոխկապակցված է», — գրել է Օկամպոն: «Հայաստանը շարունակում է մնալ վտանգի տակ, քանի որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հստակություն չկա, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ 2023 թվականի ցեղասպանության զոհը, ապահով վերադառնալ իր նախնիների հողը, իսկ 23 հայ պատանդ դեռ Բաքվի բանտերում է»։
«Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում հյուրընկալում է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ «COP–ը հանուն խաղաղության» խորագրի ներքո։ Եթե հայ պատանդները չազատվեն, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից, ապա նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ ողջ Հայաստանը զավթելու իր աշխարհաքաղաքական նկրտումները բավարարելու համար», — ավելացրել է Օկամպոն:
«Նման սցենարը ոչ միայն կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և կդատապարտի պատանդներին երկար տարիների ազատազրկման, այլև ամբողջ համայնքը կդարձնի անցյալի վերապրուկ, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար», — ասել է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը։
«Անցած ամսվա ընթացքում հազարավոր մարդիկ ավելի քան 30 երկրներից, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, հավաքվեցին թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում: Բացի առցանց արշավից, բողոքի ցույցեր անցկացվեցին Երևանից մինչև Տորոնտո՝ պահանջելով վերադարձնել Բաքվում բանտարկված հայ պատանդներին»,- ընդգծել է Օկամպոն։
«Ժամանակն է ընդլայնել շարժումը և հասցնել այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողներին: Ալիևի զոհերը միայն հայերը չեն. նա ազդում է շրջակա միջավայրի, Ադրբեջանի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա: Ադրբեջանը, որը հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիմայի փոփոխությանը վերաբերող գլոբալ ջանքերում: Վարչախումբը ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն արգելեց 26 երկրների 76 եվրոպացի պատգամավորների մուտքն Ադրբեջան՝ իր կոռուպցիոն գործողությունները բացահայտելու համար։ Բուենոս Այրեսի ավագ դպրոցներ իմ վերջին այցելության ժամանակ հանդիպեցի պատանիների, որոնք հասկանում են, որ նման գործողությունները խաթարում են իրենց ապագան, և նրանք ցանկանում են սկսել TikTok արշավներ՝ իրազեկելու իրենց հասակակիցներին ամբողջ աշխարհում», – նշել է նա:
«Հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերը, այդ թվում՝ Ալիևի՝ հանածո էներգիայի եկամուտները greenwashing-ի ենթարկելու, Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության, Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական համակարգը կոռումպացնելու, քաղբանտարկյալների ու Բաքվում հայ պատանդների վերաբերյալ»,- ընդծել է Օկամպոն:
«Հայեր, եկեք պաշտպանենք Հայաստանը և առաջնորդենք աշխարհը դեպի իսկապես խաղաղ COP29», — եզրափակել է Օկամպոն:




