Ալիս Պետրոսյանը մանկավարժ է, եղել է Փասադենայի և Գլենդելի պետական դպրոցների փոխտնօրենը: Ալիս Պետրոսյանը Կալիֆորնիայի չորս կառավարիչների կողմից նշանակվել է պաշտոնների բազմաթիվ նահանգային խորհուրդներում և հանձնաժողովներում: Նա նախագահել է Կալիֆորնիայի ուսուցիչների հավատարմագրման հանձնաժողովը, Կալիֆորնիայի համայնքային քոլեջների կառավարիչների խորհրդը և նշանակվել է Կալիֆորնիայի պետական համալսարանի հոգաբարձու:
Ալիս Պետրոսյանը Կալիֆորնիայի դպրոցների ադմինիստրատորների ասոցիացիայի 18000 անդամների կողմից ընտրվել է նախագահ: 20 տարի եղել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի կրթական կառավարման գծով պրոֆեսոր, արժանացել է բազմաթիվ մրցանակների և ճանաչման տեղական, նահանգային և դաշնային պաշտոնյաների և կազմակերպությունների շրջանում: Ալիսն ակտիվ կամավոր է նաև հայ համայնքում։
Ալիս Պետրոսյանը ծնունդով Իրանից է։ Փոքր տարիքում հոր աշխատանքի բերումով տեղափոխվել են ԱՄՆ։ «Ինձ համար շատ դժվար էր թողնել ամեն ինչ ու տեղափոխվել այլ երկիր։ Հիշում եմ, որ վաղ առավոտյան հայրս արթնացրեց ու ցույց տվեց «Ազատության» արձանն ու ինձ ասաց, որ այս երկիրը շատ բան կփոխի իմ կյանքում և ապագայում», — պատմում է Ալիս Պետրոսյանը։
ԱՄՆ-ում հայտնվելով՝ տարիներ անց հիմնում է հայկական դպրոց, որտեղից էլ նրա՝ հայ երեխաներին կրթելու և հայեցի դաստիարակելու մեծ կամքն է ի հայտ գալիս։ Հետագայում նա մասնակցում է ոչ միայն ԱՄՆ-ում հայկական ու ամերիկյան դպրոցների ծրագրերի կազմմանն ու ներդրմանը, այլև մեծ ներդրում է ունենում Հայաստանում կրթության բարելավման գործընթացին։ Նրա միջոցով նաև տարիներ շարունակ հայ ուսանողներին հատկացվում են կրթաթոշակներ՝ թեթևացնելով ու կրթության հնարավորություններ ստեղծելով հայաստանցի երիտասարդների համար։
Ալիս Պետրոսյանը նաև կարևորում է կրթության մեջ հնից նորին անցնելու քայլերի հերթականության պահպանումը։ Ասում է, որ Հայաստանում տարիներ շարունակ նորին տեղ տալով՝ անտեսել են կրթության՝ տարիների փորձությունն անցածմիջոցները, ինչը, ըստ նրա, բարդացրել և ավելի մեծ դժվարություններ է առաջացրել կրթության ոլորտում։
«Բազմաթիվ խնդիրներ այսօր կան նաև սփյուռքի դպրոցներում։ Դրանք բազմաթիվ են, բազմազան ու տարբեր միջոցներով ստեղծված։ Կարող էին լինել մի քանիսը ու միասնական, սակայն այդ բազմազանությունն էլ չի խանգարել հայկական դպրոցների հիմնական առաքելությանը, այն է՝ գիտելիքներ տալ հայ երեխաներին մեր երկրի պատմության, մեր լեզվի ու գրականության մասին», – ասում է Ալիս Պետրոսյանը: