Երկրորդ շնչառություն

Կենսաթոշակառու տիկին Օլգայի արդյունավետ ու հագեցած առօրեան․ «Երկորդ շնչառություն»

73-ամյա Օլգա Բաղդասարյանն ապրում է Արարատի մարզի Վերին Դվին գյուղում, ամբողջ կյանքում կրթության համակարգում է աշխատել, իսկ թոշակի անցնելուց հետո էլ զբաղվում է հասարակական գործունեությամբ. աջակցում է մարզի կանանց կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

«Գյուղերի կանայք մի քիչ խոցելի վիճակում են, մի տեղ գնալուց պետք է թույլտվություն ստանան, և երբ ամուսինները, որ հիմնականում իմ նախկին աշակերտներն են, հարցնում են, թե ուր ես գնում ու նրանք պատասխանում են՝ Օլգա Տուրիշչևնայի դասին, տղաները տեղի են տալիս. ընկեր Օլգան վատ բան չի սովորեցնի»,- պատմում է կենսաթոշակի անցած, բայց արդյունավետ ու հագեցած կյանքով ապրող տիկին Օլգան:

Նրա պատմելով՝ օրը սկսում է իր ջերմատանն աշխատելով, ելակ ու լոլիկ է աճեցնում ու շահավետ հենց տնից վաճառում:

«Չնայած անցել եմ թոշակի, բայց եռանդ ու ավյուն ունեմ իմ մարզի, գյուղի համար ծրագրեր իրականացնելու համար: Տարեցների ներուժն օգտագործել է պետք: Թեև անցել եմ թոշակի, բայց իմ գումարը, գործն ունեմ ու արժևորում եմ ինձ»,- ասում է նա՝ մյուսներին էլ խորհուրդ տալով իրենց գինն իմանալ ու դիրքերը չզիջել: Երջանկահիշատակ սկեսուրի դասերը քաղել է, ինքն էլ փորձում է լավ օրինակ լինել իր հարսի համար: Ասում է՝ ամանները կարող է սարքն էլ լվանալ, իսկ մենք կարող ենք ավելի օգտակար գործերով զբաղվել:

Թոշակից հետո բախտը հաջողությամբ փորձել ու աշխատանք է գտել Ռուսաստանում, բայց կարոտը ստիպել է վերադառնալ հայրենիք, սատարել ընտանիքին ու համայնքին, որի մասին խոսելիս հազիվ է թաքցնում հուզմունքը:

Back to top button