Դիլիջանի փակ աշխատաժողովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղիների քննարկման հարթակ
Օգոստոսի 26-27-ը Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների փակ ձևաչափով աշխատաժողովը՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության։
Դիվանագետների տարեկան աշխատաժողովի մանրամասները հասանելի չեն, սակայն հայտնի է, որ դեսպանների աշխատաժողովին քննարկվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ նման փակ ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս լուծելու մի քանի խնդիր՝ թե՛ հանրային կարծիքի ազդեցությունից խուսափելու, թե՛ արտաքին գործընկերներին կամ հակառակորդներին որոշ տեղեկությունների գաղտնի պահելու նպատակով։
«Այս փակ ձևաչափի միջոցով մի քանի խնդիր կարող է լուծվել։ Պարզ է, որ եթե կան հարցեր, որոնք պետք է ինչ-որ մեկը չիմանա, ապա փակ ձևաչափով է քննարկվելու։ Հիմա հարց է, թե ո՞վ պետք է չիմանա։ Կարող է արտաքին գործընկերներ, կամ թշնամիներ պետք է չիմանան, կամ պետք է բնակչությունը չիմանա, որպեսզի քաղաքականությունը իրականացնելուց բաց ձեռքերով իշխանությունը կարողանա խաղալ։ Այսինքն՝ կաշկանդված չլինի հանրային կարծիքով, բայց, տվյալ դեպքում, պետք է հաշվի առնենք, որ ոչ պոպուլյար ինչ-որ գործողությունների մասին է խոսքը գնում»։
ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը։ Ելույթներին հաջորդած քննարկումներում անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչմանն ուղղված քայլերին, ձեռքբերումներին և ակնկալիքներին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման երկրորդ օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր։ Ելույթների ընթացքում քննարկվել են նաև միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերը, գործընկերության խորացման հնարավոր հեռանկարները և բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը։
Ինչ վերաբերում է դիվանագիտական խորհրդաժողովում քննարկվող առաջնահերթ հարցերին. քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ դրանք, բնականաբար, ընդգրկում են խաղաղության օրակարգի շուրջ զարգացումները, հայ-ռուսական հարաբերությունների թեման, ինչպես նաև՝ արևմտյան ինտեգրացիայի փորձերը։
«Հիմա պարզ է, որ կան զարգացումներ, այսպես կոչված, խաղաղության օրակարգի շուրջ։ Պարզ է, որ կան վտանգներ պատերազմի՝ դրա շուրջ, հավանաբար՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման շուրջ, և այլ ուղղությունների, նաև՝ արևմտյան ինտեգրացիայի փորձերի։ Այս շարքի վերաբերյալ հավանաբար գնացել է խոսքը արտգործնախարարի կողմից և իրազեկվել են նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները»։
Քաղաքագետն ընդգծում է, որ նման աշխատաժողովների արդյունավետությունը մեծ է, քանի որ դրանք թույլ են տալիս դեսպաններին թարմ տեղեկատվություն ստանալ, ինչը կարևոր է միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումները ձևավորելու համար։
«Արդյունավետությունը հետևյալն է՝ քանի որ դեսպանը, օրինակ, ապրում է արտերկրում, ֆիզիկապես, և նաև իր կապը կառավարության հետ բավականին սահմանափակ է։ Դեսպանը շատ դեպքերում հետ է մնում կառավարության առաջնահերթություններից, զարգացումներից և կարիք ունի նոր իրազեկվելու։ Այսպիսով, արդյունավետությունը այստեղ կլինի հետևյալը, որ դեսպանները ավելի արդիական, նոր, թարմ քաղաքականություն իմանան կառավարության մոտեցումներից և ի վիճակի լինեն ավելի ճշգրիտ մոտեցումներից ելնելով իրականացնել պետության քաղաքականությունը»։
Եթե նման հանդիպումներ տեղի չունենան, ապա դիվանագիտական կորպուսը կաշխատի մոտավոր պատկերացումների, այլ ոչ թե առկա քաղաքականության մոտեցումների և կարիքների համաձայն։