
Սևանա լճի ափին անցկացվեց «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 10–րդ փառատոնը, որը կազմակերպել էին «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և «Բարդերի ակումբ»–ը։
Այս անգամ ևս փառատոնը ընթացավ 3 փուլով՝ նախընտրական, ընտրական և սևանյան:
Նախընտրական փուլի հայտերն ընդունվել էին մինչև հունիսի 20-ը։ Դիմել կարող էին ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարող անձինք։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները մասնակցեցին ընտրական փուլին, որը կայացավ հունիսի 28-ին «Մետրո» թատրոնում։
Համերգի ընթացքում ժյուրիի անդամներն ընտրեցին լավագույններին, վերջիններս էլ հնարավորություն ստացան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։
Փառատոնի սևանյան փուլը ներառեց երկու համերգային օր, հուլիսի 19-21-ը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։ Համերգներին մասնակցում էին ընտրական փուլի արդյունքում ձևավորված 2024 թվականի, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը և ավագ սերնդի արդեն հայտնի ու սիրված երգահանները։
Հուլիսի 20-ի գալա համերգային ծրագիրն ամփոփվեց հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Հատուկ երեկո նվիրվեց Բուլատ Օկուջավայի երգարվեստին, որի հարյուրամյակը նշվում է այս տարի, հնչեցին Օկուջավայի երգերը Լիլիթ Սարգսյանի կատարմամբ, Վահագն Պապայանի հայերեն թարգմանությամբ։
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և նպատակ ունի հայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը, տրամադրել բեմ, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ հեղինակային երգի սիրահարների ու երգահանների միջև շփման համար:
Հոբելյանական 10-րդ փառատոնն ամփոփում ենք «Բարդ ակումբի» հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի և երգահաններ Էդվարդ Զորիկյանի և Արմինե Հայրապետյանի հետ։




