
«Եթե ձեր մեջ այդ ցանկությունը չկա, եթե չեք ուզում դա անել, հաստատ ինտուիցիան հուշելու է, որ չանենք»։
Ես ու իմ ինտուիցիան ակտիվ շփման մեջ էինք։ Եվ ես վստահ էի, որ գիտեմ՝ ինչ է ինտուիցիան, քանի դեռ ինձ չէի հարցրել՝ իսկ ի՞նչ է ինտուիցիան։
«Երբեմն այն շփոթում են գերզգայական ընդունակություններ ունենալու հետ, էքստրասենսի հատկությունների, 6-րդ զգայարանի, կանխատեսումների, մարգարեական կարողությունների, երբեմն՝ զուտ երևակայության, զառանցանքի ու ցնորումի․․․ ու էդ ամենի մեջ կորում է իրական պատկերը, թե ի՞նչ ենք հասկանում ինտուիցիա ասելով»։
Բարև։ Եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք ճանաչել նրան, ով անսպասելի պահին որոշում է ինչ-որ բան հուշել։
***
Իմ ինտուիցիան հուշում է, որ այս հաղորդումը հետաքրքրությամբ եք լսելու։ Իսկ գուցե ես ցանկանո՞ւմ եմ, որ այդպես լինի։ Եվ այնքան շատ եմ ցանկանում, որ ուղեղս դա որպես անբեկանելի ճշմարտություն է ընդունում, ասում է՝ գրիր, հաստատ այդպես է լինելու։ Իսկ գուցե հոգեբանության մասին իմ կարդացած հոդվածնե՞րն են ինձ ներշնչել, որ մարդուն հետաքրքիր է լինելու մի բան, ինչը կարծում է, որ ունի, բայց չի ճանաչում։
Սա «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի 50-րդ թողարկումն է։ Գուցե նախորդ 49 անգամներում Ձեզնից ստացած հետադարձ կա՞պն է ինձ ստիպել հավատալ, որ այս մեկն էլ հետաքրքիր կլինի։ Ի դեպ՝ շնորհակալ եմ այդ կապի, հաղորդումը լսելու ու երբեմն էլ Ձեզ հետաքրքրող պարզ հարցերն առաջարկելու համար։
Վերադառնալով ինտուիցիային․ ո՞ւմ ձայնով է այն խոսում․ իմ ցանկությա՞ն, փորձի՞, հաշվարկների՞, թե՞ սա իսկապես ինչ-որ մոգական, առեղծվածային մի բան է, որն ամենաճիշտ պահին հայտնվում ու ասում է՝ սկսիր, այս ուղղությամբ գնա, սա ընտրիր։ Ինչպե՞ս է աշխատում ինտուիցիան․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Մենք 12 թվին Մոսկվայում բացվեցինք, չհաջողեցինք, փակվեցինք։ Բացել էինք ոգևորված, ոնց ասում են՝ ինտուիցիան հուշում էր, որ լավ կլինի։ Իրականում լավ էր, բայց չէինք հաշվարկել, որ այնտեղ թույլ էինք, չունեինք կապեր և այլն, վաճառեցինք, դուրս եկանք»։
«Արտլանչ» սննդի ցանցի համահիմնադիր Բակուր Մելքոնյանն ինտուիցիայից չնեղացավ։ Եթե համարեր, որ այդ «գործիք»-ն իր մոտ էլ չի աշխատում, ապա բիզնեսը գուցե այդ պահին էլ կանգ առներ ու, օրինակ, 2019-ին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, «Արտլանչ»-ն ավելի պատրաստ ու ամուր Մոսկվա չմտներ։ Այժմ քաղաքում 10-ից ավելի սննդի կետ կա։ Ուրեմն՝ ի՞նչ չափաբաժին ունի գործարարի որոշումների մեջ ինտուիցիան։ Ասում է՝ առաջնային, բայց ոչ միակ․
«Դուք զգում եք, որ հիմա լավ բիզնես սկսելու ժամանակ է այսինչ ոլորտում։ Ու սկսում եք։ 10 հոգի սկսում է, 10-ն էլ զգում է, բայց որը կհաջողի՝ փորձի հարց է։ Նա, ում մոտ ստացվեց, ասում է՝ տես՝ իմ ինտուիցիան ինչ ուժեղ էր, ես զգալով կարողացա գալ դրան»։
Ասում է՝ մենք անընդհատ ինչ-որ ազդակներ ենք ստանում, ինչ-որ բան ենք զգում, և միայն մեր համարձակության չափից է կախված՝ այդ զգացածներից քանիսի ուղղությամբ կգնանք։ Որքան շատ բան փորձենք, այնքան մեծ կլինի հաջողելու և հետո «դե իմ ինտուիցիան ճիշտ էր հուշում» ասելու հավանականությունը։ Փորձը, գիտելիքը, հմտությունը մի քանի անգամ կմեծացնի հաճախ հաջողելու շանսերը։ Այնպես որ, ըստ գործարարի, ինտուիցիան միայնակ անզոր է։
«Հիմա մտածում եմ, որ Իտալիայում հյուրանոցային ցանց է պետք բացել, և արդեն ընկերներով երեք հյուրանոց ենք գնել։ Հիմա շատերը ասում են՝ լավ, Բակուր, Իտալիան տնտեսական խորը ճգնաժամի մեջ է, ինտուիցիա՞դ է հուշում, որ լավ է լինելու։ Հա՝ ասում եմ, բայց եթե իրականում նայում ենք, դա մենակ ինտուիցիա չէ, տարի ու կես Իտալիայում շրջագայելու, խորը ուսումնասիրության արդյունք է․ ինչի՞ պատճառով է տնտեսապես վատ, ո՞ր դեպքում կլավանա։ Ու շատ մեծ շանս կա, որ անպայման լավանալու է, նորից սկսելու է աճել, ու եթե դու էս ընթացքում մտնում ես Իտալիա, հետո կհաջողես։ Նաև մեծ ցանց կառավարելու փորձառություն կա, ինչի արդյունքում մտածում ենք, որ կկարողանանք։ Երկու-երեք տարի հետո, երբ հայկական առաջին հյուրանոցային ցանցը կլինի Հայաստանում, ինչ-որ մեկը սա նորից կվերագրի նրան, որ Բակուրի ինտուիցիան ուժեղ էր, կարողացավ»։
Երբեմն գործարարն ինքն էլ չի կարողանում տարբերել՝ որոշումներից որևէ մեկը զուտ զգայակա՞ն է, թե՞ կրկին փորձն ու հաշվարկն են աշխատել, պարզապես չնկատվելու չափ արագ։ Այսպես, օրինակ, նույն երկրում մեկ այլ հյուրանոց է գնել, որը, նույնիսկ իր հաշվարկներով, հաջողելու շատ քիչ հավանականություն ունի։ Պատմում է՝ քաղաքը, ուր գտնվում է հյուրանոցը, անհրապույր է, գործող 8 հյուրանոցներից 4-ը վաճառվում են։
«Ես գնացել, մի հատը առել եմ։ Ինչի՞ եմ առել․ չգիտեմ։ Ավելի հեշտ է ասել՝ ինտուիցիան էր, բայց առել եմ, որովհետև ապրիլի 18-ին՝ ծննդյանս օրը, կնոջս հետ էդտեղ հայտնվեցինք, որովհետև բնությունը շատ սիրուն էր, որովհետև երբ նստած էինք, մի հատ ծիտիկ էր ծլվլում կողքը, ծաղիկ էր բացված, մի նշան եկավ․ լիքը կողմնակի ազդեցություններ, որ տրամադրեց էդ պահին։ Նույն երեկոյան քշեցինք-բարձրացանք սարը՝ այլ հյուրանոց նայելու, ազնվորեն եմ ասում, գուցե նա ավելի լավ էր, բայց ապրիլ ամսին նենց ձյուն եկավ, չեք պատկերացնի, նույնիսկ չմտանք էդ հյուրանոցը նայելու, մի կերպ քշեցինք, անցանք կողքով»։
Ինտուիցիա՞ն հուշեց․ գուցե։ Իսկ գուցե գործարարը գիտի մի բան, որի մասին իր ուղեղը դեռ իրեն չի պատմել։

«Ինտուիցիայի հետ կապված առաջին ուսումնասիրությունները կապվում են հունական դասական եռյակի ներկայացուցիչների՝ Սոկրատեսի, Պլատոնի, Արիստոտելի անվան հետ։ Սոկրատեսը ինտուիցիան համարում էր ինքդ քեզ ամբողջապես ճանաչելու սկզբունք, Պլատոնը իրերը, գաղափարները, աշխարհը և դրա էությունը ճանաչելու խորհրդավոր մի ձև, ասում էր, որ ինտուիցիայի շնորհիվ մենք հենց այդ ամբողջական, չմիջնորդավորված ճանաչումն ենք իրականացնում, բայց շեշտում էր, որ այստեղ պարտադիր է մտքի ջանքը»։
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը՝ ռացիոնալության փնտրտուքներով, հրաժարվում է ինտուիցիան դիտարկել որպես պարզապես զգայական մի բան։ Ասում է՝ ինտուիցիան, այնուամենայնիվ, զգայականի՝ կենսափորձի, և ինտելեկտուալի՝ գիտելքի «թիմային աշխատանքի» արդյունք է։ Այդ արդյունքը մենք որսում ենք հանկարծակի, ինչն էլ առեղծվածային է դարձնում երևույթը։
«Նույնիսկ շատ գիտնականներ իրենց գիտական հայտնագործությունները կատարելիս հիմնվել են ինտուիցիայի վրա։ Ինտուիցիան օգնել է, օրինակ, վարկած առաջադրելիս, բայց հետո արդեն դրանք ապացուցողական ինչ-որ հենք են ունեցել, փորձնական ստուգումներ և այլն։ Չենք կարող պատկերացնել, որ մի, ենթադրենք, ֆիզիկոս կարող է այդպիսի ինտուիտիվ վարկածներ առաջադրել, որոնք կվերաբերեն կենսաբանության կամ քիմիայի բնագավառին։ Այսինքն՝ էլի քո փորձը պիտի լինի։ Մենդելեևը քնեց ու քնի մեջ պարբերական տարրերի աղյուսակը տեսավ, հիմա դրա մեջ կարող ենք միստիկա տեսնել, ասել, որ դա մի աստվածային շնորհ էր։ Բայց ուղեղը շարունակում է նաև այդ քնի վիճակում աշխատել խնդրի վրա, դու դա չես զգում, դա քո գիտակցական վերահսկողությունից դուրս է։ Մեր հարևան Օհանը երբեք իր երազում չէր տեսնի Մենդելեևի աղյուսակը»։
Եթե ինտուիցիան գիտելիքի ու փորձի հետևանք է, մտավոր ջանքի արդյունք, ապա ինչո՞ւ ենք շարունակում այն ինչ-որ անբացատրելի երևույթ համարել։ Ինչո՞ւ ենք օգտագործում «Ինտուիցիաս է հուշում» արտահայտությունը, ասենք, «Ես մտածեցի, հաշվարկեցի, համեմատեցի, համադրեցի իմ գիտելիքը և հասկացա, որ այսպես է պետք անել» արտահայտության փոխարեն։
«Այստեղ այդ առեղծվածային շղարշը մի բացառիկություն է տալիս այդ մարդուն, ուզում է ասել, որ ես քեզանից միգուցե մի քայլ առաջ եմ, որովհետև այդ ռացիոնալ մտածողության համընդհանուր սկզբունքներին ու սիլոգիստական մտահանգումներին, որոնց կարելի է տիրապետել, սովորել, հաշվել, գուցե դու ժամանակի ընթացքում հասնես, այ ես առանձնաշնորհյալ եմ, ես ունեմ մի կարողություն, կարող եմ տեսնել այն, ինչ հնարավոր չէ ճանաչել բանականությամբ։ Այս իմաստով ինչ-որ մոգական բան է հաղորդվում ինտուիցիային»։
Իսկ ինչպե՞ս մեկնաբանել այն դեպքերը, երբ մարդը, օրինակ, լրջորեն տանջվում է մի խնդրի մասին մտածելով, պատմում է իր անհանգստության մասին ընկերոջը, որը բոլորովին ուրիշ բնագավառից է, ո՛չ նեղ ուղղվածությամբ գիտելիք ունի, ո՛չ փորձ, բայց հանկարծ առաջարկում է լուծում՝ վայրկենապես, թեթև, փակ աչքերով, կարծես դա իր ամենօրյա գործն է եղել։ Արուսյակ Ղարիբյանը սա ևս կարող է տրամաբանորեն մեկնաբանել․
«Ես չեմ բացառում։ Գիտե՞ք ինչու, որովհետև դու անընդհատ ծանրաբեռնված ես ինչ-որ կաղապարի մեջ, իսկ լուծումը հաճախ այդ կաղապարից դուրս է լինում։ Մենք միշտ էդ մասնագիտական ակնոցը կրում ենք։ Ես փորձում եմ հակառակ ճամբարից էլ ինձ պատկերացնել, այդպե՞ս կմտածեի թե՞ ծանրաբեռնված եմ իմ մասնագիտական գիտելիքներով։ Ես չեմ ասի, որ դա հենց ինտուիցիան է, բայց հաճախ էդպես էլ լինում է, որովհետև, այո, կաշկանդված չէ իր մտածողությունը։ Էյնշտեյնը ասում էր՝ եթե ուզում ես խնդիրը լուծել, պետք է դուրս գաս այդ խնդրի շրջանակներից»։
Ստացվում է այն, ինչ անընդհատ մեզ հետ է, բայց չի շոշափվում, չունի տեսք, կշիռ, չափ, հոտ, գուցե նաև ձև, որը առեղծվածային է ու չմեկնաբանվող՝ կարծես անսպասելի տրված շնորհ, իրականում կարող է բացատրվել։




