ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տեսչականի համար կարևորը խաղալիքի փաստաթուղթն է, ոչ թե որակը

Հայաստանում խաղալիքների շուկան ընդլայնվում է, տեսականին մեծանում, ու դրան զուգահեռ շարունակում է մտահոգիչ մնալ վաճառվող խաղալիքների անվտանգության հարցը: Սպառողների իրավապաշտպանները փաստում են, որ շուկայում խաղալիքների որակն ու  անվտանգությունը պատշաճ չեն վերահսկվում։

Տեսչական մարմինը հակադարձում է՝  վերահսկողությունը պատշաճ է, իսկ անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների պակաս չկա։ Կառույցի համար անվտանգության երաշխիքը այն  հավաստող սերտիֆիկատն է, իսկ թե որքանով է սերտիֆիկատը համապատասխանում իրականությանը, արդեն կառույցի լիազորությունների շրջանակում չէ։

Մանկության անբաժան ու սիրելի ընկերները՝ խաղալիքները, կարող են նաև վտանգավոր լինել։ Իսկ վտանգները կոնկրետ անուններ ունեն՝ ասթմա, ալերգիա, նյարդային ու մաշկային հիվանդություններ։ Սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը շարունակում է շարքը։

«Վարքային կոգնիտիվ խնդիրներ, աղեստամոքսային տրակտի խանգարում, ընդհուպ քաղցկեղ։ Մենք ունեցել ենք դեպք, երբ խաղալիքը սենյակից հանել են, երեխան քնել է, կամ պատի գույնը փոխել են, երեխան քնել է։ Ոչ պարենային ապրանքների վտանգներն այնպիսին են, որ շատերը միանգամից չեն զգում։ Մինչդեռ անվտանգության ցուցանիշները պատահական չեն սահմանվել։ Տարիներ առաջ ես դիմեցի ՇՎՏՄ-ին՝ հարցնելով, թե նախորդ տարվա ընթացքում քանի վտանգավոր ապրանքի իրացում է կասեցվել։ Ի պատասխան ստացել էի նամակ, որ իրենք հայտնաբերել են առանց սերտիֆիկացիայի ապրանք։ Եթե այդ կառույցը հաշտ է մտքի հետ, որ չստուգի անվտանգություն, չհանձնի փորձաքննության, այլևս քննարկելու բան էլ չկա»։

Եվ իսկապես, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը անվտանգություն չի ստուգում։ Կառույցի համար  անվտանգության երաշծիքը սերտիֆիկատի առկայությունն ու հայերեն մակնշումն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

«Իրականում մեզ ամենաշատը սերտիֆիկատի առկայությունն է հետաքրքրում, որպեսզի վստահ լինենք, որ խաղալիքն անվտանգ է։ Մնացածն այդքան էլ կարևոր չէ։ Տեսչականի համար խաղալիքի որակյալ լինելը կարևոր չէ, երկրորդական է։ Կարևորը քիմիական բաղադրությունն է։ Սերտիֆիկատները կեղծելու հավանականություն միշտ էլ կա, բայց դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում է»։

Օնլայն վաճառքը վերահսկելն ավելի բարդ է, բայց փորձում են այս շուկան նույնպես տեսադաշտից դուրս չթողնել։ Վայլդբերիսի պարագայում իրավիճակն ավելի վերահսկելի է, քանի որ խոսքը ԵԱՏՄ տարածքում գործող հարթակի մասին է, իսկ այն ենթադրում է  սերտիֆիկատների առկայություն․ առանց դրանց հայտարարությունը տեղադրելու հնարավորություն տնտեսվարողը չունի։

«Այլ էլեկտրոնային հարթակներում հիմա ուսումնասիրություններ են կատարվում, ու փորձում ենք հասկանալ՝ ինչպես վերահսկել նաև այդ հարթակները՝ հայտնի չինական, ամերիկյան կայքերը։ Դրանց հետ կապված իրականում եվրոպական երկրներն էլ շատ մեծ փորձ չունեն։ Այնքանով է սփոփիչ, որ խմբաքանակներ չեն վաճառվում»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այդքան լավատես չէ։ Քանի որ  խաղալիքները լաբորատոր փորձաքննություն չեն անցնում ոչ Հայաստանի սահմանին, ոչ էլ տնտեսվարողների կողմից՝ բացառությամբ մի քանիսի, դրանց անվտանգությունը երաշխավորողը, ստացվում է, հիմնականում ոչինչ չասող փաստաթղթերն են․

«Մենք գիտենք, թե ինչպես է  կատարվում սերտիֆիկացումը, և ըստ էության՝ դրանից հետո ոլորտը վերահսկողությունից դուրս է մնում։ Եթե նույնիսկ սերտիֆիկացնող մարմինները  լավը լինեին, տնտեսվարողը մի ապրանք տանում է, ամբողջ խմբաքանակի համար սերտիֆիկատ է ստանում, անվտանգության հարցը համարում փակված։

Բաբկեն Պիպոյանը սպառողներին հորդորում է խաղալիքի բարձր գինը անվտանգության երաշխիք չհամարել։ Խաղալիք գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը, ստուգել անվանումը, արտադրող երկիրը, ապրանքային նշանը, արտադրման տարեթիվն ու պիտանելիության ժամկետը: Պահպանման և օգտագործման պայմանների և նախատեսված տարիքային խմբի մասին տեղեկությունները նույնպես կարևոր են։

«Շատ կարևոր է 0-3 տարեկան երեխային տալ 0-3 տարեկան երեխայի համար նախատեսված խաղալիք, ոչ թե 4-6 տարեկանի։ Անգամ ամենաանվտանգ խաղալիքը, ենթադրենք 4-6 տարեկայի համար լեգոն, 0-3 տարեկան երեխան դա կուլ տա։ Այսինքն՝ շատ կարևոր է, որ տարիքային պահանջները բավարվեն»։

«Ռադիոլուրի» հարցմանը, թե տարեկան քանի խաղալիք է ներկրվում Հայաստան, որ երկրներից և որքան է վաճառվում, ՊԵԿ-ից պատասխանել են, որ 2022-ից հարկային հաշիվներում ապրանքի տեսակները  լրացնելու պահանջները փոխվել են։ Ըստ այդմ՝ ՀՀ-ում իրացվող խաղալիքների քանակը հնարավոր չէ ճշգրիտ նույնականացնել՝ հայտնել են կոմիտեից։ 

Կարդացեք նաև

Back to top button