Երաժշտական եռանկյունի

Պրոգրեսիվ ռոք. հայացք 21-րդ դարից. «Երաժշտական եռանկյունի»

Պրոգրեսիվ ռոք. անցած դարի 60-ականներին սկիզբ առած երաժշտական այս ուղղությունը հսկայական ազդեցություն ունեցավ ժամանակակից երաժշտության բազմաթիվ ոճերի վրա և այսօր հանդիսանում է ինքնուրույն երաժշտական ժանրային տեսակ՝ իրեն հատուկ չափանիշներով և առանձնահատկություններով։

Հայաստանում պրոգրեսիվ երաժշտությունը նույնպես իր զարգացումն ունեցավ։  «Այդ երաժշտությանը հատուկ է գեղագիտական լայնախոհությունը, երաժշտական գրագիտությունն ու կատարողական արվեստի բարձր մակարդակը։ Այդ մոտեցումները ձևավորվել են տասնամյակների ընթացքում և որպեսզի մենք ճիշտ կերպով ընկալենք և վերաբերվենք դրանց, հարկավոր է նաև ծանոթ լինել պրոգ ռոքի պատմությանը», — ասում է «Դըմբարթն Օուքս» և «Օքսընհեմ» խմբերի հիմնադիր, բաս-կիթառահար, ստեղծագործող Վահագն Պապայանը։

Թողարկման դիտարկումների առանցքում բրիտանական 4 խմբերի ստեղծագործությունն է՝ «Ռենեսանս», «Ջենթլ Ջաենթ», «Վանդեր Գրաաֆ Ջեներեյթոր» և «Ջեթրո Թալ»։

«Ռենեսանս» խումբը  երկար պատմություն է ունեցել, հիմնադրվել է 1969 թվականին: Խմբի ոճը միանգամից չի ձևավորվել և ի վերջո  նկարագրվում է իբրև ֆոլք, ռոք և դասական երաժշտության յուրահատուկ միաձուլում, ներառյալ սիմֆոնիկ տարրերի ներմուծումը: 

Այս ամենի առանցքում էր, անշուշտ, Անի Հասլամի հինգ օկտավանոց դիապազոնով յուրահատուկ ձայնը։ 

70-ականներին խումբը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ ունենալով  երեք համերգ Քարնեգի Հոլում, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, համերգ Թագավորական Ալբերտ Հոլում Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Royal Chorale Society-ի հետ, որոնք բոլորը ձայնագրվեցին և թողարկվեցին որպես «Live» ալբոմներ։ 

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում որոշ անդամներ անցան այլ երաժշտական ​​նախագծերի կամ հեռացան բիզնեսից:  Ի վերջո 80-ականների վերջին խումբը ցրվեց։  

2000-կաններին փորձեր կատարվեցին վերականգնելու հին կազմը։ Խումբը նույնիսկ հաջողված շրջագայություններ ունեցավ։

«Վան Դեր Գրաաֆ Ջեներեյթոր»-ը, բրիտանական պրոգրեսիվ ռոք խումբ է, որը հիմնադրվել է 1967 թվականին կոմպոզիտորներ և կատարողներ Փիթեր Հեմիլի և Քրիս Ջաջ Սմիթի կողմից։

Այն առանձնանում է Փիթեր Հեմիլի ճանաչելի, զգացմունքային վոկալով, բանաստեղծական տեքստերով և «գոթական» մթնոլորտով, ինչը խմբի երաժշտությունը նմանեցնում է «King Crimson»-ի ստեղծագործությանը, որի առաջնորդ Ռոբերտ Ֆրիպը բազմիցս համագործակցել է Փիթեր Հեմիլի հետ, մասնավորապես մասնակցել է Van der Graaf-ի երկու ալբոմների ձայնագրմանը:  Խմբի դասական ալբոմները բնութագրվում են բարդ, երկար հնչող ստեղծագործություններով, որոնք կատարվում են վոկալիստ-սաքսոֆոնահար-ստեղնաշարահար և թմբկահար քառյակով։ 

«Ջենթլ Ջաենթ»-ը բրիտանական ռոք խումբ է, ստեղծվել է 1970 թվականին  Շուլման երեք եղբայրների կողմից։  Նրանք դարձան 70-ականների որոշիչ պրոգրեսիվ ռոք խմբերից մեկը՝  ոգեշնչված լինելով հին փիլիսոփաներից, իրենց սեփական փորձից և Ֆրանսուա Ռաբլեի գրականությունից։

Խմբին հատուկ են հետևյալ   առանձնահատկությունները’

հաճախակի փոփոխվող տեմպ, ոչ ստանդարտ երաժշտական մետրեր, բարդ մեղեդիներ, որոնք հաճախ հակադրում են հարմոնիկ դարձվածքները դիսոնանսներին, տարբեր դասական և միջնադարյան երաժշտական գործիքների ոչ ավանդական գործածում, երաժշտական կառուցվածք, որը սովորաբար հատուկ է դասական երաժշտությանը – ֆուգան՝ «Անդրադարձում» և մադրիգալը «Հանգույցներում»: Gentle Giantի-ի համար սովորական պրակտիկա էր իրենց աշխատանքներում օգտագործել կոմպոզիցիոն հակապատկերի սկզբունքը, բարդ վոկալ ներդաշնակումներ, բազմաձայնություն, բարդ տեքստեր, հայեցակարգային մոտեցումներ։

«Ջեթրո Թալ» խմբի ղեկավար Յան Անդերսոնը դարձավ առաջին ռոք երաժիշտը, որը պարբերաբար օգտագործում էր ֆլեյտան։  Խումբը սկսեց նվագել բլյուզ ռոք, բայց շուտով նրանց երաժշտությունը սկսեց ներառել ժողովրդական, ջազ և դասական երաժշտության տարրեր:

Խումբը կոչվել է ի պատիվ գյուղատնտեսության գիտնական Ջեթրո Թուլի, որն ապրել է Անգլիայում 17-18-րդ դարերի վերջում և հայտնի է դարձել գութան սերմացուի կատարելագործված մոդելի հորինմամբ:  Ուշագրավն այն է, որ այս սարքի դիզայնում օգտագործվել է երաժշտական գործիքի՝ երգեհոնի աշխատանքի սկզբունքը։

Jethro Tull-ը միշտ հեռու է եղել զանգվածային երաժշտությության հոսքից, օգտագործել է չափազանց բարդ մշակումներ և գրել անսովոր, խճճված տեքստեր։ 1970-ականներին նրանք նաև զգալի կոմերցիոն հաջողություն են ունեցել. խմբի ալբոմներից 5-ը ստացել են պլատինե կարգավիճակ, 11-ը՝ ոսկի, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում վաճառվել է խմբի ալբոմների ավելի քան 60 միլիոն օրինակ։

Back to top button