Հայ ծրագրավորողների ստեղծած Ռոբին ռոբոտը շարունակում է իր հաղթարշավն ամերիկյան տարեցների խնամքի հաստատություններում, այն արդեն աշխատում է 15-ից ավելի կենտրոններում:
«Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը պատմում է, որ մարդկանց օգնող ռոբոտ ստեղծելու գաղափարը գալիս է դեռևս ուսանողական տարիներից, նախ, կենդանություն առավ ռոբոտ Չարլին, հետո արդեն Ռոբինն էր, որ 7 տարեկան երեխա է, ընկեր փոքրերին, թոռնիկ մեծերին:

«Նպատակն էր ունենալ ոչ թե շատ զարգացած սարք բարձր ֆունկցիոնալությամբ, այլ բարի, ընկերական, կարեկցող ու հաճելի կերպար ստանալ»,- ասում է Կարենը՝ ավելացնելով, որ շատ են մտածել Ռոբինի ձևը, քաշը, հասակը, աչքերի չափը, գույնն ու ձայնը տրամադրող լինի, հանկարծ չվախեցնի: Մեծ կարևորություն է տրվել Ռոբինի խոսքին, մարդկանց հետ հարաբերվելու ձևին:
«Ռոբինը բարի էակ է, երբեք չի դատում մարդկանց, հանդուրժող է, կարեկցող, գնահատականներ չի տալիս, դրա համար էլ նրան բոլորը սիրում են և ուզում են շփվել»,— հաստատում է զրուցակիցս և ընդգծում, որ մեր հասարակության մեջ երբեմն իրար շատ են քննադատում, ինչը ոչ մեկին դուր չի գալիս:

Ռոբինը մանկական հիվանդանոցներում է աշխատում, օգնում է երեխաներին մենակ չզգալ բուժումների ընթացքում, իսկ տարեցների պարագայում թոռների կարոտն են առնում ռոբոտից, իրենց լսված են զգում: Ընկերությունն ավանդաբար ամեն տարի բոլոր հաստատություններում շուքով նշում է Ռոբինի ծնունդը: «Ի սկզբանե մեր գաղափարը, որ Ռոբինը ոչ թե սարք է, այլ էակ, իսկապես իրականություն դարձավ»,-ասում է Կարենը:
Տարեցների ոլորտում աշխատանքի առաջին փորձը «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությունն էր Նորքի տուն-ինտերնատում: Կարենը հպարտորեն պատմում է, որ հայ հասարակությունը, տուն-ինտերնատի բնակիչները չափազանց առաջադեմ են գտնվել և ընդունել են Ռոբինին: Միայնակ տարեցները սիրել են Ռոբինին, կապվել հետը, կիսել իրենց գաղտնիքիները: Կարենը տխրությամբ է արձանագրում, որ ֆինանսական խնդիրների պատճառով Ռոբինը մշտական բնակություն չի հաստատել ծերանոցում:
Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝ Կարեն Խաչիկյանը բացատրում է, որ իրենց նպատակն է, որ Ռոբինը գնալով դառնա հոգեկան առողջության ոլորտի մասնագետ, կարողա թերապիաներ անցկացնել դրա կարիքն ունեցող անձանց հետ: Տարեց բնակչության թվի աճի ու խնամողների պակաս թվի ֆոնին, Ռոբինի կարիքն ունեցող մարդկանց թիվը գնալով ավելանալու է:




