
Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:


Տոնական օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։


Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշել է. «Աստվածամայրը մեր Եկեղեցու ու ժողովրդի համար կարևոր դերակատարում ունի, որն արտացոլվում է Եկեղեցու շարականներում և պաշտամունքի մեջ, ինչպես նաև՝ մեր խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով»։


Այս առիթով պատարագիչ Սրբազանն ընդգծել է, որ Աստվածամայրը, լինելով սովորական մարդ, գիտակցելով մարդկային կյանքում առկա դժվարությունները, առանց վարանելու, խիզախորեն անսաց հրեշտակապետի խոսքին՝ դառնալով Մարմնացյալ Աստծու մայրը․ «Աստվածամայրը, իր կամքը հնազանդեցնելով Աստծու կամքին, նախ և առաջ առիթ ու միջոց եղավ Աստծու փրկագործության ծրագրի իրագործման։ Սրանով նաև մեզ կարևոր դաս տվեց, որ անկախ կյանքում առկա իրողությունների, մենք պետք է հնազանդվենք Տիրոջ կամքին»,-նշել է Սրբազան Հայրը։


Վերջում Վահան Սրբազանը հայցել է Աստածամոր բարեխոսությունը, որպեսզի Աստված զորացնի մեր հավատքը և յուրաքանչյուրիս մեջ արթնացնի նվիրումի ու քաջության ոգին։
Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվել է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:




