
Նավթ և գազ արտահանող երկիրը, որտեղ աղբը չի տեսակավորում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, այս տարի կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով կանցկացնի, գրում է BBC-ին՝ նշելով, որ սա վրդովեցնում է բնապահպանական կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է համաժողովի օգնությամբ «կանաչով լվանալ» (greenwashing) իր հեղինակությունը ։
Լուրն այն մասին, որ Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), երկրում հպարտության ալիք է առաջացրել տեղական մամուլի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների շրջանում:
«Ադրբեջանում COP29-ի հյուրընկալումը համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակության հստակ ցուցիչ է», «Ադրբեջանը կլինի աշխարհի ուշադրության կենտրոնում՝ հյուրընկալելով COP29», «Միջազգային ճանաչում և աջակցություն համաշխարհային հանրության կողմից», «Բաքուն կդառնա աշխարհի կենտրոնը»․ այսպիսի վերնագրեր են հայտնվել ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում։
«Իշխանությունները կարծես թե արդեն սկսել են նախապատրաստվել օտարերկրացիների հոսքին, բայց յուրովի»,- նկատում է BBC-ին։
Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ համաժողովի ընթացքում ակնկալվում է 70-80 հազար օտարերկրացիների այցը երկիր։ Օգոստոսի 1-ին վարչապետ Ալի Ասադովը որոշել է, որ համաժողովի ընթացքում ուսանողներին հեռավար ուսուցման կտեղափոխեն, իսկ դպրոցականներին արձակուրդ կուղարկեն։
Միևնույն ժամանակ, որոշ մայրաքաղաքային հանդիսությունների տներ և մեծ ռեստորաններ դադարեցրել են նոյեմբերին հարսանիքների պատվերներ ընդունել:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ որոշ հաստատություններ դա արել են կամավոր՝ վախենալով համաժողովի ընթացքում զբոսաշրջիկների հոսքի գերծանրաբեռնվածությունից, մյուսները խոստովանել են, որ արգելքն իշխանությունների կողմից է։
BBC-ն համաժողովի կազմակերպիչներին հարցում է ուղղել, թե արդյոք ռեստորաններին, հանդիսությունների սրահներին և հյուրանոցներին արգելված է ընդունել ամրագրումներ համաժողովի ընթացքում, բայց պատասխան չի ստացել:
Մայրաքաղաքի բնակիչներն ասել են, որ արդեն իսկ խոսակցություններ կան, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով։
Ադրբեջանի բնապահպանական պատկերը շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Ե՛վ ադրբեջանցի լրագրողները, և՛ միջազգային իրավապաշտպանները COP29-ը անվանում են համաժողովի օգնությամբ հեղինակության «greenwashing»՝ նշելով, որ միջոցառումն անցկացվում է ԶԼՄ-ների, ինչպես նաև ռեժիմի քննադատների դեմ բռնաճնշումների նոր ալիքի ֆոնին։
BBC-ն նաև հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» մի քանի ամսով փակել էին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը, որից հետո 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանին անցավ շրջանի վերահսկողությունը, և հայերը լքեցին իրենց տները։
«Այն ժամանակ ակտիվիստները ներկայացված էին որպես իշխանությունների աջակցությունը վայելող կարևոր ուժ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք COP29-ը նման էկոակտիվիստների նոր բողոքի պատճառ կդառնա՞, թե՞ ոչ»,- գրում է BBC-ին։




