
Հունիսին Երևանում կայացավ «վայրի արվեստի» եռօրյա փառատոնը՝ Yerevan Savage Art Festival (YSAF): Կամերային երաժշտության ազգային կենտրոնում անցկացված միջազգային երաժշտական փառատոնը ներկայացրեց տարբեր երկրների կատարողների չորս սերունդ։
Փառատոնի կազմակերպիչն էր կոմպոզիտոր, երաժշտական թերապիայի մասնագետ Կամիլ Չալաևը, իսկ փառատոնի բացումը ազդարարվեց նկարիչ Արտաշես Աջափախյանի ցուցահանդեսով։
Փառատոնին մասնակցում էր նաև «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր և դաշնակահար Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ։
«301» հիմնադրամը կոմպոզիտոր և դիրիժոր Կամիլ Չալաևին առաջին անգամ հրավիրել էր Հայաստան 2021 թվականին։ Նա որոշել էր յոթ տարի մնալ Հայաստանում՝ աշխատելու աուտիզմ ունեցող երեխաների հետ և տեղացի մասնագետներին սովորեցնելու իր կիրառած մեթոդը։
Yerevan Savage Art Festival-ի հավատամքը երեխաների և երաժիշտների համերաշխությունն է՝ հատուկ կարիքներով կամ առանց կարիքների, ստեղծագործական մոտիվացիայի միասնությունն ու մաքրությունը, դասական երգացանկի հետ տարբեր, ավանդական կամ փորձարարական հարաբերությունների համակեցությունը, բարոկկոն, ժամանակակից երաժշտությունը, ավանգարդը, արխայիկ երաժշտությունն ու ջազը։
Փառատոնի մասնակիցներն էին նաև ֆրանս-շվեյցարական դաշնակահար Եկատերինա Նեմիրովիչ-Դանչենկոն, ֆրանսիացի երգեհոնահար Դոմինիկ Լևակը, ռուսական Մեծ թատրոնի նվագախմբի կոնտրաբասահար Յարոսլավ Լոբովը, շվեյցարացի ջութակահար Վասիլի Պուտովը և հոլանդացի ջութակահար Կիրա Վան դեր Վորդը։
«Հայկական երգչախմբային արվեստը ներկայացնում էինք մենք՝ «Բյուրական» վոկալ համույթով։ Փառատոնի միջազգային կարգավիճակը թույլ տվեց ընդլայնել մեր մշակութային կապերը երաժիշտների հետ, ծանոթանալ նրանց մոտեցումներին և մեթոդներին», – ասում է համույթի ղեկավար, խմբավար Գոհար Հարությունյանը։
Փառատոնի ընթացքում ներկայացվեցին Չալաևի «վայրի դպրոցի» երեխաների, աշակերտների և ուսանողների ստեղծագործությունները։ Հանդես եկան նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձայնային թերապիայի դասերի մասնակիցները,
Ջութակի կատարողական արվեստը ներկայացրեցին ջութակահարներ Պուտովը, Վան դեր Վորդը և ուկրաինացի ջութակահար Միխայիլ Կուգելը։ Ամերիկացի դաշնակահար Ջեյ Գոթլիբը հանդես եկավ մենահամերգով՝ հանդիսատեսին և հյուրերին ներկայացելով 20-րդ դարի երաժշտության հատուկ պատրաստված ծրագիր՝ Օլիվյե Մեսիենից մինչև Ջոն Ադամս, ինչպես նաև Ջորջ Կրամ, Կարլհայնց Ստոկհաուզեն և Լուչիանո Բերիո։ Վրացի ջազ դաշնակահար և երգիչ Դաթո Եվգենիձեն նույնպես հանդես եկավ մենահամերգով։




